Ավտոտրանսպորտային միջոցների առեւանգման դեմ պայքարում եւ դրանց վերադարձի ապահովման համագործակցության միջկառավարական համաձայնագրի ստորագրումից հետո Վրաստանի եւ Հայաստանի արտգործնախարարները կառուցողական գնահատեցին երեկվա հանդիպումն ու ներկայացրին քննարկված հարցերը, որոնք «Ազգը» երեկ ներկայացրել է արտգործնախարար Գելա Բեժուաշվիլու հետ հարցազրույցում: Այնուհետեւ իրենց ցավակցությունն ու աջակցությունը հայտնեցին Ռուսաստանին ու ռուս ժողովրդին` Իրաքում ռուս դիվանագետների հետ պատահած դժբախտության կապակցությամբ: Համատեղ ասուլիսում երկու երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարները պատասխանեցին լրագրողների հարցերին:
Գելա Բեժուաշվիլու խոսքերով, Հազարամյակի մարտահրավերների 300 մլն-անոց փաթեթից Ջավախքի ճանապարհների շինարարության ու վերանորոգման համար կառանձնացվի 102 մլն դոլար, իսկ 49,5 մլն կհատկացվի այդ ծրագրի համատեքստում փոքր եւ միջին բիզնեսի զարգացման համար, այդ թվում` Ջավախքում:
Ի դեպ, ծրագրերի իրականացման համար հայտարարվող տենդերներով շինարարության իրականացմանը մասնակցության 10-15 տոկոսը նախատեսվում է ապահովել տեղի բնակչությամբ: Ընդհանուր առմամբ, ներդրումներն այդ տարածաշրջանում երեք տարում կկազմեն մոտ երկու հարյուր միլիոն դոլար: Ի դեպ, հանդիպմանը ներկա ադրբեջանական ANS հեռուստաընկերության լրագրողի հարցին, թե ինչու Հայաստանը չի կատարում ՄԱԿ-ի բանաձեւը ազատելով «տարածքները», Օսկանյանը պատասխանեց, որ բանաձեւն ուշադիր ընթերցելու դեպքում հստակ է, որ չկան Հայաստանի որեւէ երկրի տարածքներ օկուպացնելու մասին խոսքեր:
«Ազգի» հարցին, թե ինչու են հայ-վրացական սահմանին ավելացվում վրացական ուղեկալները, Գելա Բեժուաշվիլին պատասխանեց, որ ներկա պահին իրականացվում է սահմանի դեմարկացիա: «Ինչ վերաբերում է ուղեկալների թվի ավելացմանը, ապա եթե դա արված է, դրանով մեծացվում է սահմանի թողունակությունը, քանի որ ռուսական ռազմաբազաներից տեխնիկա եւ անձնակազմ են տեղափոխվում Հայաստան: Ես չեմ բացառում, որ ուղեկալների թիվը կավելանա, երբ մենք կարգավորենք սահմանների հարցը եւ դրանում ոչ մի խնդրային հանգամանք չեմ տեսնում»:
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, Թբիլիսի