«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#117, 2006-06-24 | #118, 2006-06-27 | #119, 2006-06-28


ՈՐՔԱՆ ԳՈՒՄԱՐ Է ՆԵՐՀՈՍԵԼ ՀԱՅԱՍՏԱՆ ԵՎ ՓՈԽԱՆԱԿՎԵԼ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԿԵՏԵՐՈՒՄ

Ըստ վերջին երեք տարիներին արձանագրված ցուցանիշների

Այս տարվա առաջին հինգ ամիսներին արտերկրից դեպի Հայաստան մասնավոր փոխանցումներն ավելացել են 20 տոկոսով, կազմելով 280 մլն դոլար: Սակայն առավել հետաքրքրական են Հայաստան ներհոսած եւ Հայաստանից արտահոսած գումարների տարբերության մասին տվյալները: Մեր հարցմանն ի պատասխան Կենտրոնական բանկի տրամադրած տվյալների համաձայն, այս տարվա առաջին հինգ ամիսներին Հայաստանից արտահոսած գումարը նվազել է 7,4 տոկոսով եւ կազմել 70 մլն դոլար: Այսպիսով, զուտ ներհոսքը մեր երկիր կազմել է 210 մլն դոլար, ինչն ավելի քան մեկ երրորդովՙ 33 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը:

Նախորդՙ 2005 թ.-ի ամբողջ տարվա ընթացքում մասնավոր փոխանցումների տեսքով Հայաստան է մուտք գործել 752 մլն դոլար, արտահոսելՙ 189 մլն դոլար: Զուտ ներհոսքը կազմել է 563 մլն դոլարՙ 19 տոկոսով գերազանցելով 2004 թ.-ին 472 մլն դոլար կազմած նույն ցուցանիշը:

Այսինքն, վերջին երկու տարիներին զգալիորեն ավելացել են դեպի Հայաստան մասնավոր փոխանցումների ինչպես ֆիզիկական ծավալները, այնպես էլ զուտ ներհոսքը: Ընդ որում, ԿԲ-ից ստացած տվյալներն առնչվում են միայն բանկային համակարգով կատարվող փոխանցումներին: Մինչդեռ փոխանցումներ են կատարվում նաեւ այլ ճանապարհներով: Հետեւաբար, Հայաստան մուտք գործող գումարների իրական ծավալներն ավելի մեծ են: Մեր երկիր ներհոսող մասնավոր փոխանցումների ծավալների աճի մասին վկայում է նաեւ փոխանակման կետերում կատարվող շրջանառության (առուվաճառքի) ծավալների ավելացումը:

Համարժեք համեմատություններ կատարելու համար դիտարկենք 2004 թ.-ի, 2005 թ.-ի եւ 2006 թ.-ի հունվար-մայիս ժամանակաշրջանները: Այսպեսՙ 2004 թ.-ի առաջին 5 ամիսներին Հայաստանի փոխանակման կետերում շրջանառվել է 123,8 մլն դոլար, իսկ միայն մայիս ամսինՙ 28,6 մլն դոլար: 2005 թ.-ի նույն ժամանակահատվածում փոխանակման կետերում փոխանակվել էր արդեն 170 մլն դոլար, մայիսինՙ մոտ 38 մլն դոլար: Այս տարվա հունվար-մայիս ամիսներին փոխանակման կետերում գնվել եւ վաճառվել է 217 մլն դոլար, իսկ միայն մայիսինՙ 52 մլն դոլար: Փաստորեն, եթե համեմատենք 2004 թ.-ի եւ այս տարվա առաջին հինգ ամիսներին փոխանակված գումարները, ապա կտեսնենք, որ շրջանառությունն այս տարվա առաջին 5 ամիսներին երկու տարի առաջվա համեմատ աճել է շուրջ 80 տոկոսով:

Բնական է, որ մասնավոր փոխանցումների աճն իր ազդեցությունն է թողնում Հայաստանի ֆինանսական շուկայի եւ համապատասխանաբար դրամ-դոլար փոխարժեքի վրա: Միաժամանակ հարկ է չմոռանալ, որ մասնավոր փոխանցումները փոխարժեքի ձեւավորման վրա ազդող բազմաթիվ գործոններից միայն մեկն են:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4