«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#117, 2006-06-24 | #118, 2006-06-27 | #119, 2006-06-28


ԿՁԱԽՈՂՎԻ՞ ԱՐԴՅՈՔ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՏԱՐԻՆ

Արտակարգ իրավիճակ գյուղի ու գյուղացու համար

ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Հանրապետությունում ջերմաստիճանային բարձր ռեժիմը, չորայնությունն ու խոնավության պակասը արդեն հասցրել են մեծ վնասներ գյուղատնտեսությանը, բայց մասնագետները դեռեւս ձեռնպահ են մնում շնչահեղձ անող շոգը երաշտ որակելուց: Փոխարենը նախազգուշացնում են, որ իրավիճակը եւս 15-20 օր շարունակվելու դեպքում լուրջ կորուստներն անխուսափելի կլինեն: Իսկ կանխատեսումների համաձայն, գոնե առաջիկա 5 օրերին լավատեսական փոփոխություններ չեն սպասվում: Մեկ ամսից ավելի հանրապետությունում տեղումներ չեն եղել ու բավարար խոնավություն չկա: Այս տարվա հունիսի ջրային պաշարներն անցած 20 տարիների ամենացածր ցուցանիշից էլ պակաս են: Մասնագետները նշում են, որ մի քանի օր առաջ Արմավիրի մարզում օդի հարաբերական խոնավությունը ընդամենը 22 տոկոս է եղել: Հունիսին այսպիսի եղանակ վերջին հարյուր տարում չի եղել:

Երաշտին նախորդած շրջանում, ապրիլի 20-ից մինչեւ մայիսի կեսերը գերխոնավությունն էր գյուղի ու գյուղացու համար աննախադեպ իրավիճակ ստեղծել: Տեղատարափ անձրեւների շնորհիվ ջրամբարներում խոնավության որոշակի պաշարներ կուտակվեցին, սակայն անսպասելի վրա տված շոգը կրկին իրավիճակային տագնապահարույց պայմաններ ստեղծեց:

Ջերմաստիճանային բարձր ռեժիմ արձանագրվում է հանրապետության ողջ տարածքում, բայց չորայնության ազդեցությունն առանձնապես զգալի է Գեղարքունիքում, Սյունիքում, Իջեւանում, Արագածոտնում, Սիսիանի տարածաշրջանում:

Տարվա այս շրջանի համար արեւի ճառագայթների ուժգնությունը կրիտիկական սահմանում է: Ագրոօդերեւութաբանները ասում են, որ հողի մակերեւույթին տեղ-տեղ արձանագրվել է նույնիսկ մինչեւ 40-50 աստիճան ջերմություն: Բացի մյուս բացասական ներգործություններից, դա ամեն պահ իրական հրդեհների սպառնալիք է: Հողի մակերեւույթից 40 սմ խորության մեջ արձանագրվել է 30 աստիճան ջերմություն: Պատկերացրեք, թե ինչպես են բույսերն իրենց զգում այդ ջերմաստիճանի ու խոնավության պակասի պայմաններում: Շիրակի ու Արարատյան հարթավայրերը, ուր ջրովի հողատարածքներ են, նույն ուժգնությամբ չեն կրում չորայնության վնասները:

Երաշտն առանձնապես ծանր է անդրադառնում բնական խոտհարքների վրա: Ձմեռային անասնակերի պաշարները սպառնալիքի տակ են:

Երեկ ՀՀ գյուղնախարար Դավիթ Լոքյանը հրաման է ստորագրել, ըստ որի ե՛ւ ֆիզիկական, ե՛ւ իրավաբանական անձինք անտառային տարածքների խոտը կարող են անհատույց, հնձել: Նույն հրամանով վճարներից ազատվում են նաեւ խոտ հնձելու համար անտառային տարածքները վարձակալած անձինք: Մի խոսքով, ամեն ինչ արվում է անասնակերի պաշար կուտակելու համար: ՀՀ-ում կա 459,9 հզ. հա անտառ, որից 368,6 հզ. հա-ն հանձնված է գյուղնախարարության կառավարմանը:

Մասնագետները խորհուրդ են տալիս հնձել նաեւ բարձրադիր տարածքների խոտերը, որ սովորաբար չեն հնձում:

Անկախ մասնագիտական որակումներից, բարձր ջերմաստիճանային ռեժիմը երաշտի ավերիչ ներգործության բոլոր արտահայտություններն արդեն ունի: Այն վնասում է հատկապես գարնանացան հացահատիկային մշակաբույսերին, որոնց կարճ ցողունները, բարձր ջերմաստիճանի ազդեցությամբ արդեն հասկակալել են, եւ անկասկած բերքի մեծ կորուստներ կլինեն: Չորացած արտերում եղածը անասնակեր էլ չի լինի: Ցորենի համեմատ գարին ավելի շուտ է հասունանում, դրա համար էլ ավելի շատ է վնասվել: Հասկակալած ցողունները փրկել հնարավոր չէ: Մարդիկ եղածը հավաքում են ոչ թե որպես հացահատիկ, այլ իբրեւ անասնակեր:

Անբարենպաստ իրավիճակ է ստեղծվել կարտոֆիլի համար: Հողի մեջ մի քիչ ծիլ տված պալարները չորության պատճառով չեն կարողացել գետնի երես դուրս գալ: Շիրակի, Գեղարքունիքի մարզերում բերքը փրկելու համար, հակառակ ագրոտեխնիկական կանոնների, ստիպված էին, այսպես ասած, ծլաջուր տալ: Անսպասելի շոգերի պատճառով ժամանակից շուտ է հասունացել ծիրանը:

Այս տարվա գարնանային ցրտահարության պատճառով 2005 թվականի 90 հզ. տ-ի փոխարեն այս տարի 60 հզ. տ ծիրան կմթերվի: Հարավային տաք ու կատաղած քամիներն էլ իրենց հերթին սեւ գործ են անում, հատկապես գիշերները մտնելով Արարատյան դաշտավայր եւ պտղաթափ անելով ծառերը: Արարատյան դաշտում սպառնալիքի տակ է նաեւ պտղագոյացման ու ծաղկման շրջանում գտնվող բանջարեղենը: Սրա բերքի քանակի կրճատումը սոցիալական ծանր հետեւանքներ կունենա ոչ միայն տեղի բնակչության համար:

Գյուղնախարարության բուսաբուծության եւ բույսերի պաշտպանության վարչության պետ Գառնիկ Պետրոսյանը նշում է, որ երաշտը նաեւ սերմացուի կուտակման խնդիրներ կարող է առաջացնել, ազդել 2007-ի գյուղատնտեսական արտադրության վրա: Գյուղնախարարությունը օրերս նախաձեռնել է դաշտային հետազոտություններ: Արդեն իսկ առանձնացվում են այն դաշտերը, որոնք սերմերի հայթայթման հնարավորություն կտան:

Համամոլորակային տաքացումն ընդգծված արտահայտվում է նաեւ մեր հանրապետությունում` խոնավության աստիճանական նվազմամբ, ջերմաստիճանի բարձրացմամբ, հողերի անապատացմամբ: Հայաստանի անջրդի հողերը հատկապես անդառնալի կորուստներ կրեցին այս մի քանի շաբաթների ընթացքում: Առանց այդ էլ հոգնած ու մասնատված հողերի բերրիության աստիճանը շատ տեղերում կրիտիկական մակարդակի է հասել: Այս առումով շատ է կարեւորվում նոր ջրամբարների առկայությունը: Սպասվում է, որ առաջիկա տարիներին «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրով անջրդի տարածքներում 6 նոր ջրամբարներ են կառուցվելու:

Հայաստանում գյուղատնտեսությունը շարունակում է ավելի ու ավելի ռիսկային դառնալ: Մեզ մոտ ձմեռները 30-35 աստիճան ցուրտ է, ամառները` 35-40 աստիճան տաք: Հաճախադեպ են կարկուտները, հեղեղները, մի խոսքովՙ բնական աղետները հանգիստ չեն տալիս գյուղացուն: Եվ կառավարությունն էլ անընդհատ ստիպված է փոխհատուցումներ առանձնացնել: Կլիմայական շարունակվող փոփոխությունների հետեւանքով, գիտնականների դիտարկումների համաձայն, բնական աղետներն ու փորձանքներն ավելի են շատանալու: Եվ գուցե ավելի խելամիտ կլիներ ապահովագրական համակարգի ստեղծումը հենց պետական նախաձեռնությամբ, քանի որ միեւնույնն է, պետությունը փոխհատուցումներից հանգիստ չի ունենալու:

Կ. Դ.

Երաշտն ուղեկցվում է կարկտահարություններով

Ինչպես հայտնեց գյուղնախարարության բուսաբուծության եւ բույսերի պաշտպանության վարչության պետ Գառնիկ Պետրոսյանը, այս օրերին ուժեղ շոգերը զուգակցվում են նաեւ ուժեղ կարկտահարություններով:

Նախորդ օրը երեկոյան Արագածոտնի մարզում 20 րոպե շարունակ տեղացած ուժեղ կարկուտը հսկայական վնասներ է պատճառել Ծաղկահովիտ, Նորաշեն, Գեղաձոր, Գեղադիր, Բերքառատ, Վարդաբլուր, Ամրե Թազա, Ջամշլու գյուղերին: Կարկտահարությունը վնասել է նաեւ Շիրակի մարզի Նոր կյանք, Արեւշատ, Սպանդարյան, Այգաբաց, Գեղանիստ, Փանիկ, Մեղրաշեն, Մեծ ու Փոքր Մանթաշ գյուղերին: 2 մարզերում ընդհանուր առմամբ տուժել է 19 համայնք: Կորուստների չափերը ճշտվում են:

Ուժեղ ջերմաստիճանը նաեւ հրդեհներ է առաջացնում Երեւանի համայնքների խոտածածկ տարածքներում: Վերջին 2 օրվա ընթացքում Երեւանում արդեն այրվել է 4,3 հազար խմ տարածք, հիմնականում Հրազդանի կիրճում:

Կ. Դ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4