1950-ականներին, երբ սակավաթիվ մարդիկ էին հանդգնում խոսել Հայոց ցեղասպանության իրողության մասին, Վերժինե Սվազլյանը գաղտնաբար գտնում էր Դեր Զորից հրաշքով հայրենիք կամ օտար ափեր հասած հայերին, գրի առնում նրանց վավերական պատմություններն ու գաղթի ճամփաներին ծնված հայերեն ու թուրքալեզու երգերը: «Այդ նյութերը նորություն էին ցեղասպանության ուսումնասիրության համար, այդպիսի աշխատանք դեռեւս չէր արվել: Սկզբում ձայներիզով, հետո տեսաերիզով կարողացել եմ գրառել ականատեսների պատմությունները, որոնք հիմա Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի արխիվում են: Այդ 700 վկայությունները թարգմանվել են նաեւ թուրքերեն: Այսօր հուզված եմ, որ այդ աշխատանքս արժանացավ հանրապետության նախագահի մրցանակին, նաեւ ոգեւորված, որ մրցանակային գումարը ինձ հնարավորություն կտա ձեռքիս տակ ունեցած սկզբնաղբյուրային վկայությունները թարգմանել ու հրատարակել անգլերեն, թուրքերեն եւ դրանով իմ նպաստը բերել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը», «Ազգի» հետ զրույցում երեկ ասաց Վերժինե Սվազլյանըՙ «Հայոց ցեղասպանությունը եւ ժողովրդի պատմական հիշողությունը» մենագրության համար հանրապետության նախագահի մրցանակը ստանալուց հետո:
Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նշանակալի ավանդի համար մրցանակի արժանացավ նաեւ ծագումով հրեա, գերմանացի գրող Էդգար Հիլզենրաթըՙ «Վերջին մտքի հեքիաթը» վեպի համար: Վերջինիս նախագահը մրցանակը հանձնել էր «Հայաստան» համահայկական հիմնադրամի մայիսի 5-ի նիստի ժամանակ: «Ժան եւ Ռոբեր Պողոսյաններ» հիմնադրամի հովանավորությամբ «Հայաստան» համահայկական հիմնադրամն ու հանրապետության նախագահն այս մրցանակը հանձնում են արդեն վեցերորդ տարին:
Բնական գիտությունների զարգացման բնագավառում մրցանակ շնորհվեց Համբարձում Խաչատրյանին եւ Սերգեյ Հայրապետյանին` «Նոր սորբենտներ եւ կրիչներ հեղուկային քրոմատոգրաֆիայի համար» գիտական հոդվածների շարքի համար, տեխնիկական գիտությունների եւ ինֆորմացիոն տեխնոլոգիաների բնագավառումՙ Ստեփան Մեսչյանին` «Կավային գետնահողերի փորձարարական հոսքաբանություն» մենագրության համար, արվեստի բնագավառում` Ֆելիքս Եղիազարյանին, դիմանկարների շարքի համար, Վարազդատ Հարությունյանին` «Հայկական քաղաքաշինության եւ ճարտարապետության տեսության ու պատմության հիմնախնդիրները» աշխատությունների ու հոդվածների ժողովածուի համար: Բժշկագիտության բնագավառում մրցանակի արժանացած Մեսրոպ Շատախյանի «Ամբողջովին սրտապարկից պատրաստված մարդկային սրտի փականային համալիր» աշխատանքը բացառիկ է համարվում արդի գիտական աշխարհում, քանի որ նրա պատրաստած համալիրը կյանք է տվել սրտի արատ ունեցող երեխաներին: Ֆիզիկայի զարգացման բնագավառում մրցանակ տրվեց Ֆելիքս Ահարոնյանին, Վարդան Սահակյանին, Աշոտ Ախպերջանյանին` «Աստղաֆիզիկական աղբյուրներից եկող գերբարձր էներգիաների գամմա-հոսքերի գրանցումը մթնոլորտային պատկերային Չերենկովյան դիտակների համակարգի օգնությամբ» հոդվածների շարքի համար, գրականության բնագավառում` Ալեքսանդր Թոփչյանին, «Եվ անգամ մահից հետո» վեպի համար, հումանիտար գիտությունների զարգացման բնագավառում` Սերգեյ Սարինյանին, «Հայոց գրականության երկու դարը» մենագրության համար: Կերպարվեստի ու կինոյի բնագավառում երիտասարդական մրցանակ շնորհվեց Հռիփսիմե Դավթյանին` «Երաժշտություն» եւ «Իմ ժամանակակիցները» գեղանկարների շարքի, Արթուր Հովհաննիսյանին` գեղանկարչական աշխատանքների, Սյուզաննա Ավետիսյանին` «Այբ, բեն, գիմ» հագուստի հավաքածուի համար: Գրականության բնագավառում` Հասմիկ Սիմոնյանին, «Լուսնոտ բառեր» բանաստեղծությունների ժողովածուի համար: Դասական երաժշտության բնագավառումՙ գործիքային կատարում անվանակարգում բարձր կատարողական արվեստի համար երիտասարդական մրցանակ շնորհվեց Մարտին Յավրյանին:
Նախագահը համոզմունք հայտնեց, որ գիտության ու մշակույթի բնագավառներում ձեռք բերած նրանց հաջողությունները պետության զարգացմանը ծառայելու ոգեւորիչ եւ ուսանելի օրինակներ են: «Մենք պետք է լուրջ վերագնահատենք գիտության դերը պետություն-տնտեսություն-գիտություն շղթայի մեջ: Կարծում եմ, հասունացել է դրա ժամանակը, կառավարությունն այսօր ունի այդ հնարավորությունը եւ պետք է ներդնենք կառավարման այն եղանակները, որոնք կխրախուսեն հետազոտությունները, ինովացիոն քաղաքականությունը եւ արդյունաբերության գիտատար ճյուղերի զարգացումը», ասաց նախագահը:
Մրցանակներ չտրվեցին միայն մարդասիրական արժեքների տարածման գործում ավանդի ու դասական երաժշտության երգեցողության անվանակարգերի համար, քանի որ դրանց հանձնաժողովները նախագահի մրցանակին արժանի գործեր չէին նկատել:
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ