«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#119, 2006-06-28 | #120, 2006-06-29 | #121, 2006-06-30


ԱՐԺԵ՞ ՆՄԱՆՎԵԼ ՎՐԱՑԻՆԵՐԻՆ

Կողքից նայողին կարող է թվալ, թե Վրաստան-Ռուսաստան հարաբերությունների բարդությունը մտահոգիչ է Կրեմլի համար: Բնավ: Սաակաշվիլու եւ Պուտինի բանակցություններից հետո կայացած մամլո ասուլիսը դրա վկայությունն էր. Պուտինին, թերեւս, միայն մի հանգամանք էր մտահոգում... հանկարծ չուշանա Շանհայի գագաթաժողովից:

Ինքնին հասկանալի է, որ Վրաստանի նման «ոչ հզոր» պետությունները, ինչպիսիք հետխորհրդային երկրների մեծ մասն է, ինչքան էլ որ աղմկեն ու փորձեն ուշադրություն հրավիրել իրենց վրա, չեն կարող դառնալ համաշխարհային քաղաքականության խաղացողներ: Օբյեկտիվորեն: Բայց նրանք կարող են խաղալիք դառնալ (իհարկե, ոչ իրենց կարծիքով) մեծ տերությունների եւ դրանք ներկայացնող զանազան բնույթի խմբավորումների ձեռքին: Մերձբալթյան հանրապետություններն, օրինակ, ինքնագոհության զգացում են ապրում, երբ Եվրոմիությունում ձեռնարկում են հակառուսական խայթիչ գործողություններ: Սեփական նախաձեռնությամբ Վրաստանը եւս հայտնվել է ռուս-ամերիկյան (մասամբ` արեւմտյան) հակասական ու դժվար կանխատեսելի հարաբերությունների դաշտում եւ դրսեւորում է առաջինի հետ հակամարտելու միջոցով երկրորդից սնուցվելու հավակնություններ: Մոսկվան չի էլ ուզում նկատել, թե ի՜նչ «դրական» արդյունքների է հասնում հարեւան երկիրը իր միակողմանի կողմնորոշումից: Պարզ է, որ Ամերիկան Վրաստանի նկատմամբ ուշադիր է գերազանցապես նրա հակառուսական քայլերի, գոռում-գոչյունների համար: Բայց չէ՞ որ այդ նույն Արեւմուտքը նաեւ տեսնում է, որ Աբխազիային ու Հարավային Օսիային աջակցող երկիրը կամաց-կամաց ուշքի է գալիս, ինչը առաջինի համար չի կարող ոգեւորիչ փաստ լինել: Այդ դեպքում ինչո՞ւ «գաճաճ» պետություններին չօգտագործել հակառուսական խլրտումներ առաջացնելու մեջ: Իսկ Վրաստանի ակնկալումները, որ Պետերբուրգում ութնյակի հանդիպումից առաջ բարձրացված ագրեսիվ տոնը յոթնյակը կօգտագործի Ռուսաստանին կշտամբելու համար, նվազ հուսադրող են: Չեյնին էլ փորձեց: Առավել եւս Եվրոպան հազիվ թե ապահովի Վրաստանի տարածքային ամբողջականությունը ի հեճուկս «էներգետիկ գերտերության»: Ամառային շոգերին կհաջորդի սառը ձմեռը, եւ եվրոպացիները հազիվ թե ցանկություն ունենան... մրսելու:

Ինչո՞ւ է ասվում այս ամենը: Վերջին շրջանում ռուսական լրատվական ասպարեզում հաճախակի են դարձել նյութերը, որոնցում մեկնաբանվում են Հայաստանում նկատվող հակառուսական, արեւմտամետ տրամադրությունները, ինչն առաջին հերթին խիստ հիվանդագին է ընկալում երկու միլիոնանոց ռուսահայությունը: Եվ բանը նրանց «ավելորդ» ռուսասիրության մեջ չէ, ինչում մեղադրում են նրանց հայաստանցիները: Պարադոքսալ իրավիճակ է ստեղծվել, քանի որ Ռուսաստանի առաջատար շատ հրատարակություններ ինչ-ինչ պատճառներով իրենց անմիջական ներկայացուցիչները չունեն Հայաստանում, որոնք կարող էին օբյեկտիվորեն պատճառաբանել եւ լուսաբանել իրենց «դժգոհության» պատճառները, ապա այդ բացը լրացնում են... բաքվեցի լրագրողները, որոնք էլ տարածաշրջանի իրադարձություններն ու դրանց հետեւանքները ներկայացնում են, բնականաբար, իրենց տեսանկյունից: Նրանք մեջբերումներ են անում Հայաստանում այն վայ-քաղաքագետների հայտարարություններից, որոնք ըստ էության իրենցից ոչինչ չեն ներկայացնում, բայց փորձում են ներքաղաքական իշխանական հակամարտություններում գոնե ուշադրության արժանանալ իրենց հակառուսական ազդեցություններով: Երբեմն տվյալ թեմայով մոսկովյան հրապարակումներից այն տպավորությունն ես ստանում, թե հայերն արդեն համոզված են, որ Արեւմուտքը գրկաբաց ու անհամբերությամբ է սպասում քրիստոնյա եղբոր անդամակցությանը այդ հանրությանը: Մնում է միայն առավել եռանդով փնովել Ռուսաստանին, գերագնահատելով սեփական նշանակալիության գործոնը: Վրացիների պես: Իսկ ի՞նչ են շահում վրացիներն իրենց մոլագար ռուսատյացությունից...

ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4