«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#119, 2006-06-28 | #120, 2006-06-29 | #121, 2006-06-30


ԱՆԴՐԵ ԱՂԱՍԻ. «ԶԳՈՒՄ ԵՄ, ՈՐ ԵԿԵԼ Է ՀՐԱԺԵՇՏԻ ՊԱՀԸ»

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, համաշխարհային թենիսի կենդանի լեգենդ, 36-ամյա Անդրե Աղասին վճռել է ավարտել ելույթները: Ուիմբլդոնյան մրցաշարում Աղասին հանդես է գալիս արդեն 14-րդ եւ վերջին անգամ: Այս առնչությամբ Աղասին մամուլի ասուլիս է հրավիրել, որը ներկայացնում ենք ընթերցողների ուշադրությանը:

- Ես վերջին անգամ եմ Ուիմբլդոնի կորտերը դուրս գալու, իսկ թենիսի ԱՄՆ-ի բաց առաջնությունը կդառնա իմ մարզական կենսագրության վերջին մրցաշարը:

- Ինչպե՞ս վճիռ ընդունեցիք:

- Նույն ձեւով, ինչպես որոշեցի ամուսնանալ, ընտանիք կազմել, նույն ալգորիթմն է:

- Իսկ կոնկրետ ե՞րբ որոշեցիք հեռանալ թենիսից:

- Մի քանի ամիս առաջ, սակայն ելույթներս ավարտելու մասին հայտարարությունը հետաձգում էի, որպեսզի այդ մասին հայտնեմ այստեղ, քանի որ Ուիմբլդոնում եմ առաջին անգամ հաղթող ճանաչվել «Մեծ սաղավարտի» մրցաշարում:

- Ինչո՞վ էիք առաջնորդվում որոշում կայացնելիս:

- Հավատացեք, գործոնները բազմաթիվ էին: Արդեն 20 տարուց ավելի հանդես եմ գալիս թենիսի կորտերում եւ սովոր եմ ինձ զգալ ֆիզիկապես եւ հոգեպես պատրաստ մրցումներին: Իսկ այժմ զգում եմ, որ եկել է հրաժեշտի պահը:

- Ընտանիքի հետ խորհրդակցե՞լ եք:

- Իհարկե, մերձավորներս համամիտ էին այդ հարցում:

- Հասցրե՞լ եք մեծ հարստություն կուտակել:

- Հույս ունեմ այդ մասին շուտով կկարդաք լրատվամիջոցներում (ծիծաղում է):

- Ի՞նչ եք կարծում, մարզական գործունեությունն ավարտելուց հետո ամենից շատ ինչի՞ց կզրկվեք:

- Առաջին հերթին մարդկանց հետ շփվելուց: Չէ՞ որ պրոֆեսիոնալ թենիսում անցկացրած տարիների ընթացքում մեծ թվով բարեկամներ եմ ձեռք բերել:

- Խոստովանեք, տխո՞ւր եք:

- (Ծիծաղում է): Ոչ մի դեպքում: 14 տարի առաջ հաղթող ճանաչվելով Ուիմբլդոնում, չէի կարող պատկերացնել, թե թենիսից հեռանալու որոշումը կհայտնեմ այսօր:

- Ընթացիկ մրցաշարում լուրջ խնդիրներ դնելո՞ւ եք ձեր առջեւ:

- Պատրաստ եմ մրցաշարին եւ եթե հաջողվի մի քանի փուլ հաղթահարել, կփորձեմ հիմնախնդիրներ ստեղծել ուժեղագույն թենիսիստների համար:

- Դուք հատուկ նախապատրաստվե՞լ եք ուիմբլդոնյան ձեր վերջին մրցաշարին:

- Բավական հիմնավոր: Գնահատելով մարզավիճակս, բաց թողեցի Ֆրանսիայի բաց առաջնությունը, որպեսզի Ուիմբլդոնը դիմավորեմ լրիվ պատրաստ վիճակում: Բանն այն է, որ վերջին տարիներին չեմ կարողանում հողածածկույթով կորտերում ելույթից հետո շուտ վերականգնվել:

- Ուիմբլդոնից հետո մինչեւ ԱՄՆ-ի բաց առաջնության մեկնարկը մտադի՞ր եք մասնակցել մրցումների:

- Այո, կարծում եմ երեք-չորս մրցաշարի կմասնակցեմ: Սակայն իմ գլխավոր նպատակը ԱՄՆ-ի բաց առաջնությունը լավ մարզավիճակում դիմավորելն է: Կձգտեմ, որպեսզի հրաժեշտի մրցաշարը հնարավորինս հաջող ավարտվի ինձ համար:

Վերջում ներկայացնենք Անդրե Աղասու մասին նրա գործընկերներից ոմանց կարծիքը:

Ռոջեր Ֆեդեռեր - Մենք հրաժեշտ ենք տալիս թենիսի լեգենդին եւ դրանում հաճելի ոչինչ չկա: Ես խորապես հարգում եմ Աղասուն: Նա հռչակավոր թենիսիստ է: Երջանիկ եմ, որ ինձ բախտ է վիճակվել նրա հետ մրցել կորտում: Գուցե այստեղ կամ էլ ԱՄՆ-ի բաց առաջնությունում դեռեւս հարկ լինի հանդիպել Աղասու հետ:

Ռաֆայել Նադալ - Չեմ հիշում, թե 1992 թ. Աղասին ինչպես է հաղթել Ուիմբլդոնում: Այն ժամանակ 6 տարեկան էի: Սակայն ականատես եմ եղել ԱՄՆ-ի բաց առաջնություններում նրա եւ Փիթ Սամփրասի եզրափակիչ մի քանի մրցախաղերին: Անդրեն յուրօրինակ մարզիկ է, որին հաջողվեց կրկին նախկին բարձր խաղամակարդակը ձեռք բերել այն բանից հետո, երբ գործնականում արդեն դադարել էր խաղալ: Դա կրկնել գործնականում անհնար է:

Լլեյրոն Հյուիթ - Չէի ասի, թե զարմացած եմ Աղասու վճռից: Վաղ թե ուշ դա պետք է տեղի ունենար: Աղասուն մեծապես հարգում եմ: Եվ ոչ միայն նրա տպավորիչ արդյունքների համար: Կորտում եւ դրանից դուրս Աղասու պահվածքն արժանի է ընդօրինակման: Թենիսում փոքրաթիվ է այն թենիսիստների թիվը, որոնք հանրահայտ են ողջ աշխարհում: Պատանի տարիքում Աղասին կուռքս էր: Հետեւելով նրա հաղթական մրցելույթներին, ինքս վստահություն էի ձեռք բերում:

Վինուս Ուիլյամս - Աղասին հռչակավոր չեմպիոն է, որը մշտապես գործել է այնպես, ինչպես ինքն է հարկ համարելՙ անկախ հասարակական կարծիքից: Նա ոչ միայն հիացրել է կորտում իր խաղային հնարքներով, այլեւ հռչակավոր անձնավորություն է:

Մարիա Շարապովա - Նա այն մարդկանցից է, որոնց մասին դժվար է որեւէ վատ բան ասել: Հաղթելով կամ պարտվելով, նա միշտ էլ իսկական չեմպիոն է եղել, որի ավանդը թենիսում անուրանալի է:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4