ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ
Ըստ ավանդույթի, Ծաղկաձորի «Բերդի գլուխ» կոչվող տարածքի մերձակայքում ժամանակին իշխանական ապարանքի առատ ծաղկանոցներ են եղել, ու քամին ծաղիկները քշել-լցրել է ձորերն ու տեղանքի անունը այդտեղից է ծագել: Տարեց հնաբնակների պատմություններով, այդ վայրում խարխուլ շինություններ են եղել, որ հետագայում քանդվել են: Պատմագիտությունն արձանագրել է, որ Արշակունիների ժամանակս շրջանում եղել են կառույցներ եւ արքայական ընտանիքները օգտվել են այդ հանգստավայրերից: Այս հանգամանքներն են պատճառ դարձել բնապահպան եւ պատմամշակութային արժեքների պահպանության մտահոգությամբ ստեղծված Ծաղկաձորի «Անտառները գալիք սերունդներին» հասարակական կազմակերպությանը սեփական նախաձեռնությամբ հետազոտական աշխատանքներ սկսել «Գրողների տուն» հյուրանոցային համալիրից հարավ-արեւմուտք գտնվող տարածքում: Սիրողական խումբը սկզբնական շրջանում փնտրում էր ժամանակին Ծաղկաձորի տարածքում հաստատված Պռոշ իշխանի հայտնի ապարանքի հետքերը: Հայտնաբերելով անմշակ քարաշարի 5-6 նմուշներՙ կազմակերպությունը դիմում է մշակույթի նախարարությունՙ մասնագիտական տեղազննում անցկացնելու խնդրանքով: Պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության եւ հնագիտության ու ազգագրության ինստիտուտի մասնագետների ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ բլրի գագաթին պահպանվել են բազալտի մեծ քարաբեկորներով, առանց կրաշաղախի կառուցված հետուրարտական շրջանի ամրոցի ավերակներ: Հնագիտական գտածոները թվագրվում են մ. թ. ա. 6-5-րդ դարերով: 30.06.2006-ի մասնագիտական եզրակացության մեջ արձանագրված է. «Այսօր տեղում պահպանվել են հուշարձանի միջնաբերդի պարիսպները, որոնց հյուսիս-արեւելյան հատվածները վնասվել են «Վիվասել»-ի կողմից այստեղ բջջային հեռախոսակապի աշտարակ տեղադրելու կապակցությամբ ճանապարհ անցկացնելու ժամանակ: Նորահայտ միջնաբերդն ունի 5000 քմ մակերես: Ամրոցը գործել է նաեւ միջին դարերում:
Հուշարձանն ունի պատմահնագիտական մեծ արժեք եւ մշակութային հզոր շերտ: Այն ենթակա է գիտական լուրջ ուսումնասիրության, ուստի պետք է անհապաղ արգելել այստեղ հողահատկացումն ու ամեն տեսակի հողային աշխատանքներ կատարելը»:
«Կարծում ենք, պետք է անցկացվեն լուրջ պեղումնաբանական աշխատանքներ: Ծաղկաձորն այսօր ինտենսիվ զարգանում է որպես տուրիստական գոտի եւ այս հնավայրը կարող է առավել հետաքրքրություն առաջացնել: Սա, փաստորեն կդառնա եզակի պատմական կառույցներից, որ ժամանակային նշանակություն ունի քաղաքակրթական տարբեր շերտերովՙ սկսած ուշ ուրարտական շրջանից, վաղ, միջին եւ ուշ միջնադարից մինչեւ այսօր: Մենք հստակորեն հետապնդելու ենք մեկ խնդիր եւսՙ շարունակել սեփականաշնորհումից զերծ պահել այս տարածքը», հեռախոսազրույցի ժամանակ ասաց կազմակերպության անդամ Մովսես Մանուկյանը: