«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#121, 2006-06-30 | #122, 2006-07-01 | #123, 2006-07-04


ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿ ՉԵՆ ՎՃԱՐՈՒՄ ԲՈԼՈՐԻՍ ՀԱՅՏՆԻ ՕԼԻԳԱՐԽՆԵՐԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Օգտվելով օրենքով նախատեսված արտոնությունից

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հայաստանում գործող 70 ընկերություններ գտնվում են հարկային պետական ծառայության հրապարակածՙ 2005 եւ 2004 թթ.-ներին շահութահարկի 50 եւ 100 տոկոս նվազեցման արտոնությունից օգտվող օտարերկրյա ներդրումներով տեղական կազմակերպությունների ցանկում: Առաջ անցնելով նշենք, որ այս ցանկում են մեր գրեթե բոլոր քիչ թե շատ հայտնի եւ որոշակի կշիռ ունեցող ընկերությունները: Պարզվում է, որ մի շարք ընկերություններ, որոնց պատկանելությունը մեր բոլորիս հայտնի օլիգարխներին ոչ ոքի կասկածը չի հարուցում, համարվում են օտարերկրյա ներդրումներով ընկերություններ եւ կիսով չափ կամ ամբողջովին ազատ են եղել շահութահարկի վճարումից: Հիշեցնենք նաեւ, որ օրենքով երկու տարով ամբողջությամբ եւ եւս երկու տարի 50 տոկոսով շահութահարկից ազատվելու արտոնություն է տրվում 1 մլն դոլարից ավելի ներդրում կատարած օտարերկրյա կապիտալին: 90-ականներին ընդունված այս օրենսդրական դրույթի նպատակն էր խրախուսել Հայաստանում օտարերկրյա ներդրումները: Սակայն ակնհայտ է, որ այն այսօր ժամանակավրեպ է: Ինչեւէ:

Հարկային ծառայության հրապարակած վերոնշյալ ցանկից պարզվում է, որ օտարերկրյա կապիտալով համատեղ ձեռնարկություն է մասնավորապես շաքարավազի ներկրման մենաշնորհ ունեցող «Ֆլիտֆուդ» ընկերությունը (սեփականատերՙ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյան)ՙ վերջին երկու տարիներին ամբողջությամբ ազատված շահութահարկից, «Գրեյթ վելլին» (սեփականատերՙ ԱԺ պատգամավոր Տիգրան Արզաքանցյան)ՙ երկու տարիներին 50 տոկոսով ազատված շահութահարկից, «Ավիա-սերվիսը»ՙ երկու տարիներին 50 տոկոսով ազատված շահութահարկից, «Մուլտի գրուպ կոնցեռնը», «Արարատ ցեմենտը»ՙ նախորդող տարիներին 50 տոկոսով եւ 100 տոկոսով ազատված շահութահարկից, «Մուլտի էյրը» ( բոլորը պատկանում են ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանին), «Միկա ցեմենտը»ՙ նախորդող երկու տարիներին 50 տոկոսով ազատված շահութահարկից եւ «Միկա Արմենիա թրեյդինգ»ՙ երկու տարիներին 100-ական տոկոսով ազատված շահութահարկից (սեփականատերՙ Միխայիլ Բաղդասարով):

Վերոնշյալ ցանկում են ընդգրկված նաեւ բազմաթիվ այլ հայտնի ընկերություններ, որոնց մասին գոնե ի սկզբանե նշվել է, որ դրանք օտարերկրյա կապիտալով համատեղ ձեռնարկություններ են, սակայն դարձյալ ոչ պաշտոնապես հայտնի է, որ այդ ընկերություններում ներդնողը որպես օտարերկրյա ձեւակերպված տեղական կապիտալն է: Մասնավորապեսՙ դրանք են «Արմենիան քափր փրոգրամը», «Վալենսիան», «Ջերմուկը», «Ոսկերչական գործարան-1»-ը, «Եվրոթերմը», «Արսօյլը», Վանաձորի «Մխիթար Գոշ» համալսարանը եւ մի շարք ուրիշներ:

Միաժամանակ նշենք նաեւ, որ վերոնշյալ 70 ընկերություններից 10 այս տարի արդեն չեն օգտվելու շահութահարկ ամբողջությամբ կամ մասամբ չվճարելու արտոնությունից, որոնց թվում են նաեւ «Ֆլիտֆուդը», «Կոտայքի գարեջրի գործարանը», «Կապանի լեռնահարստացուցիչ կոմբինատը», «Ավիա-սերվիսը», «Կոկա-կոլան», «Արմենտելը» եւ այլն: Հուսանք, որ եկող տարեսկզբին դա արդեն կարտացոլվի նրանց շահութահարկի վճարումների ցուցանիշներում: Իսկ 2007 թ.-ից այդ արտոնությունն ընդհանրապես կդադարի գործելուց, եւ գոնե օրենքի այս սողանքը չի օգտագործվի հարկերից խուսափելու համար:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4