Հունիսի 23-25-ը Չեխիայի Չեսկի Բուդյովիցե քաղաքից ոչ հեռու գտնվող Յեմչինա բնակավայրում անցկացվեց թվով երրորդ միջազգային լուսանկարչական ճամբարը, որի կազմակերպիչը մեր հայրենակից պրահաբնակ լուսանկարիչ Գարիկ Ավանեսյանն է: Այս տարվա լուսանկարչական ճամբարին մասնակցեցին մոտ 150 լուսանկարիչներ աշխարհի 10 երկրներից: Միջազգային այս ստուգատեսի գլխավոր մրցանակը տրվեց Իսրայելից ժամանած լուսանկարիչ Կարմել Սկուտելսկուն:
Իսկ Գարիկ Ավանեսյանը հիմնականում զբաղված է կազմակերպչական աշխատանքով, թեեւ այս տարի արդեն հասցրել է երկու անհատական ցուցահանդես բացել Պրահայի «Պիսեցկա բրանա» եւ Չեսկի Բուդյովիցե քաղաքի «Ֆոտարթ» ցուցասրահներում: Այս օրերին նրա եւս երկու ցուցահանդեսներ բացվեցին Օլոմոց եւ Հրադեց Կրալովե քաղաքներում:
Դեռ 2003 թվականին «Օրեր» ամսագիրը ծավալուն հոդվածով` «Հիշեք այս անունը` Գարիկ Ավանեսյան կամ Գարի Ռոս», անդրադարձավ 1995 թվականից Չեխիայում հաստատված լուսանկարիչ Գարիկ Ավանեսյանի ստեղծագործությանը, նրա կատարած աշխատանքներին ու գալիք ծրագրերին:
Գարիկը ծնվել ու իր ողջ գիտակցական կյանքն անցկացրել է Բաքվում, 1988 թվականին դուրս է եկել Ադրբեջանից` սումգայիթյան դեպքերից սարսափած, եւ Ղազախստանում ու Ռուսաստանում 7 տարի աշխատելուց հետո, 1995 թ-ին հաստատվել է Պրահայում: Նախ զբաղվում էր մետաղների բիզնեսով, իսկ 2006-ի հունվարից վերջապես իրականացրեց իր երազանքը: Պրահայում լույս տեսավ նրա խմբագրած «Ֆոտոարթ» ամսագիրը: Շքեղ ձեւավորված ամսագրի յուրաքանչյուր համարում ներկայացվում են աշխարհի 10 հայտնի եւ անհայտ լուսանկարիչներ: Գարիկը համարձակորեն մտել է մի շուկա, ուր արդեն բոլոր տեղերը զբաղված են, քանզի նմանատիպ մի քանի ամսագրեր արդեն իսկ լույս են տեսնում Պրահայում:
«Դրանցից երկուսն արդեն փակվում են եւ միայն մեկ լուրջ մրցակից է մնում», ծիծաղելով ասում է Գարիկը, որը հասցրել է տպագրել ամսագրի ընդամենը 6 համար եւ շուկայից դուրս մղել երկու այլ ամսագրերի: Ամսագրի հաջողություններից մեկն էլ այն է, որ նա ոչ թե կենտրոնանում է միայն տեղական լուսանկարչական աշխարհի վրա, այլ ընդհակառակը, հնարավորություն է տալիս հասկանալու եւ տեսնելու, թե ինչ է կատարվում միջազգային լուսանկարչական շուկայում: Բացի բարձրորակ լուսանկարներից եւ նրանց հեղինակների մասին կարճ տեղեկություններից, ամսագիրը տպագրում է նաեւ հարցազրույցներ հայտնի լուսանկարիչների հետ, գրախոսականներ, հետաքրքրական լուրեր եւ արվեստագիտական հոդվածներ: Բարձր տպագրական որակով «Ֆոտոարթ» ամսագիրն առայժմ տարածվում է Չեխիայում եւ Սլովակիայում, արդեն բաժանորդներ ունի նաեւ եվրոպական այլ երկրներում:
Գարիկը մի երազանք էլ ունի` 2007-ին մեկնել Լեռնային Ղարաբաղ, այնուհետեւ բացել «Ղարաբաղ. 20 տարի անց» խորագրով ցուցահանդեսը` ներկայացնելով 20 տարի առաջ եւ հետո նկարած իր լուսանկարները:
7-րդ համարից սկսած «Ֆոտոարթ»-ը կկրի նաեւ Ֆոտոարվեստի միջազգային կազմակերպության տարբերանշանը` FIAP, որն ունի մոտ մեկ միլիոն անդամ աշխարհի տարբեր երկրներում, եւ որն առաջին անգամ որոշել է ոչ միայն թույլատրել, որպեսզի ամսագիրը կրի այդ նշանը, այլեւ այն երաշխավորել է իր անդամներին: Այժմ բանակցություններ են վարում, որպեսզի ամսագիրն ունենա նաեւ անգլերեն տարբերակ:
FIAP-ի`Ֆոտոարվեստի միջազգային կազմակերպության անդամ, ոսկե, արծաթե ու բրոնզե պարգեւների բազմակի մեդալակիր Գարիկ Ավանեսյանը պատրաստվում է 2006-ի հուլիս ամսվա վերջին չեխ ամենահայտնի լուսանկարիչների մի խմբի հետ այցելել Հայաստան եւ իր ամսագրում ներկայացնել ամենահաջողված լուսանկարները:
Հ. ԱՍԱՏՐՅԱՆ, Պրահա