«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#121, 2006-06-30 | #122, 2006-07-01 | #123, 2006-07-04


«ՊՈԵՏԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ» ԿԱՐԼՈՎԻ ՎԱՐԻՈՒՄ

Հարություն Խաչատրյանը ներկայացրեց իր ֆիլմը

ՀԱԿՈԲ ԱՍԱՏՐՅԱՆ, Պրահա

Երեք տարվա ընդմիջումից հետո կրկին Կարլովի Վարիի միջազգային կինոփառատոնը հյուրընկալեց հայտնի կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանին, այս անգամ «Պոետի վերադարձը» ֆիլմով: Հուլիսի 30 -ին հանդիսավորապես բացված կինոփառատոնի 19 վավերագրական ֆիլմերի մրցութային ծրագրում ընդգրկված ֆիլմն արդեն ունեցել է երկու ցուցադրություն եւ, ըստ չեխական «Պրավո» թերթի կինոցուցադրումներից հետո անցկացրած հարցումների, առաջատարների մեջ է: Իհարկե, փառատոնի կազմակերպիչները ֆիլմերի ցուցադրության հերթականության մեջ սխալ ընտրություն էին արել:

Հայկական ֆիլմից առաջ ցուցադրվում էր գերմանացի ռեժիսոր Թիլ Պասուի «Մասթ Քալանդար» պակիստանյան Սուֆիզմի հետնորդների` մոլի մահմեդականների ավանդույթների մասին ֆիլմը, որը բավականին աղմկոտ ու արյունոտ ֆիլմ էր, եւ դրա դիտումից հետո որոշակի ժամանակ էր անհրաժեշտ, որ հանդիսականը ուշքի գա: Դրան հաջորդեց Հարություն Խաչատրյանի 88 րոպե տեւողությամբ ֆիլմի ցուցադրումը, որի դիտումից հետո էլ, հետաքրքրասեր հանդիսականները հարցեր ուղղեցին հայ կինոռեժիսորին, տեղեկություններ քաղելով ոչ միայն աշուղ Ջիվանու, այլեւ Ջավախքի ու Հայաստանի մասին: Հարություն Խաչատրյանը նշեց, որ ինքն էլ ծնունդով Ջավախքից է եւ այս ֆիլմը նկարահանել է, որպեսզի Ջիվանու հետ վերադառնա իր ծննդավայր եւ իր համար ճշտի, թե ի՞նչ է փոխվել, ի՞նչ է մնացել, արդյոք ինքը պե՞տք է այնտեղ, որպեսզի հետո ուշ չլինի: Ֆիլմը պատասխաններ չի տալիս, ֆիլմն առաջադրում է հարցեր: Նման մի հարց էլ փորձում էին հանդիսականները պարզել կինոռեժիսորից` ի վերջո արձանը տեղադրվե՞ց, թե ոչ: «Ինքներդ գտեք այդ պատասխանը, դա թողել եմ ձեզ», ասաց կինոռեժիսորը: Առաջին ընկալումից ձգված թվացող այս պատմությունը մեր կյանքի իրական փիլիսոփայական վերարտադրությունն է: Բեմադրիչի պատգամն ուղղված է նաեւ դրսում ապրող հայաստանցիներին` վերադառնալիս ի՞նչ են գտնելու եւ ո՞վ է սպասելու հայրենի բնակավայրերում: Երեւանում քանդակված Ջիվանու արձանը, որ տանջանքներով տանում են դեպի հայրենի գյուղ, այդպես էլ տեղ չի հասնում: Ֆիլմի նկարահանումներից առաջ Ջիվանու դերակատարի փնտրտուքներն ավարտվել են հետաքրքրական մի որոշմամբ` Ջիվանու կերպարը մարմնավորել է նրա արձանը: Ամենուր, որտեղով անցնում է «արձանը», նրա երգերն են երգում, սեղաններ են բացում, ի վերջո արձանը հասնում է մի տեղ ու մնում լքված:

Գնահատելով Հարություն Խաչատրյանի ֆիլմը, կինոփառատոնի ամենօրյա թերթը գրել էր. «Իր վերջին ֆիլմը, երեւակայության ու կառուցվածքի մի կատարելություն, մեզ է հասել Հայաստանից»: Դրանից առաջ թերթը հիշեցնում է, որ 2003-ին «Վավերագրողը» այս փառատոնում ստացել է ժյուրիի հատուկ մրցանակ:

Կարլովի Վարիի 41-րդ միջազգային փառատոնը, որը Եվրոպայում անցկացվող Ա կարգի 5 փառատոներից մեկն է, այս տարի էլ հրավիրել է ամերիկյան եւ եվրոպական կինոաստղերի մի փունջ: Սակայն արդեն հայտնի է, որ այդ նախատեսված փնջից երկուսը` ֆրանսիացի հայտնի ռեժիսոր ու պրոդյուսեր Լուկ Բեսոնն ու հայտնի դերասանուհի Ժակլին Բեսսեթը անձնական պատճառներով չեն գալու Կարլովի Վարի:

Փոխարենն արդեն իր ֆիլմն է ներկայացրել ամերիկյան հայտնի դերասան եւ բեմադրիչ Էնդի Գարսիան, որի «Կորսված քաղաք» ֆիլմի եվրոպական պրեմիերան տեղի ունեցավ Կարլովի Վարիում: 15 այլ ֆիլմեր կմրցակցեն գլխավոր մրցանակի` «Բյուրեղապակյա գլոբուսի» համար: Իսկ փառատոնի ծրագրում այս տարի ընդգրկված ֆիլմերի թիվը հասնում է 220-ի, չհաշված 40 կարճամետրաժ ֆիլմերը: Մեզ համար հետաքրքրություն ներկայացնող երկու ֆիլմ նույնպես կմասնակցեն փառատոնին: Մեկը հայազգի պրոդյուսեր Արմեն Դիշդիշյանի «Տոչկա» («Կետ») ֆիլմն է, որ ներկայացնում է Ռուսաստանը, եւ ադրբեջանցի ռեժիսոր Էլդար Գուլիեւի «Գիրով» («Պատանդը») ֆիլմն է, որ մասնակցում է «Արեւելքից Արեւմուտք» ծրագրին եւ պատմում է հայ-ադրբեջանական պատերազմի սկզբում երկու կողմերից գերի ընկած մարդկանց մասին:

Փառատոնի արդյունքները կամփոփվեն հուլիսի 8-ին:

Անկախ ամեն ինչից, Խաչատրյանի ֆիլմն արդեն հրավեր ունի մասնակցելու նաեւ նորվեգական ու կորեական կինոփառատոներին:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4