Ղարաբաղի հարցը լուծվել է դեռ 94-ին
ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ
«Մենք` հայերս մեծ զոհերի գնով ազատագրել ենք մեր կորուսյալ հայրենիքի մի փոքր մասը, որ բացարձակ արժեք է: Պարզվում է, որ այն տալիս են թշնամուն: Հայտարարում ենք, որ նա, ով ձեռք կբարձրացնի մեր հայրենիքի թեկուզ ամենափոքրիկ մասի վրա, մեխանիկորեն իրեն դնում է թուրք զավթիչի կարգավիճակում, դրանից բխող բոլոր հետեւանքներով»: Մեջբերումը հատված է հայտարարությունից, որ երեկ «Փաստարկ» ակումբում հավաքված հրամանատարների եւ ազատամարտիկների մի խումբ փոխանցեց լրագրողներին:
Բանախոսներից Արկադի Կարապետյանը, որ «Արցախի ազատագրության ազգային բանակ» կազմակերպության հրամանատարն է, «Ազգի» հետ զրույցում ասաց, որ մամլո ասուլիսի պահը հասունացել էր վաղուց:
«Մենք տարբեր քաղաքական հայացքներ ունենք, բայց այս հարցում բոլորս համամիտ ենք ու համախումբ եւ իրար կողքից չենք հեռանում», ասաց նա եւ հավելեց, որ իրենց հայտարարությունը ժամանակի հրամայականն է: Իրենց հետագա գործողությունների մասին խոսելիս բավականին հավասարակշիռ է արտահայտվում: «Ժամանակը եւ իրավիճակը ցույց կտա մեր անելիքը, հաստատ է, որ չի կրկնվելու Ղարսի պատմությունը: Ես որեւէ փոխզիջման դեմ եմ, քանի որ մենք դեռ Ադրբեջան կոչված երկրում ունենք հայկական պատմական տարածքներ` Գարդմանը, Ուտիքը, Քուռի ամբողջ աջափնյակը հայկական են: Այսօրվա վիճակով արդեն իսկ փոխզիջում է մեր պատմական տարածքները չպահանջելը: Ես հիմա զենք չունեմ, բայց երբ պետք լինի, կվերցնեմ նույն իշխանություններից»: «Ինչպե՞ս, ի՞նչ լծակներ ունեք» հարցին Ա. Կարապետյանն ասում է. «Գալիս, ձեռքից վերցնում եմ, ասելով, եթե դու չգիտես, որ զենքը հայրենիք պաշտպանելու համար է, ես գիտեմ»:
Նա եւ իր ընկերները իրենց զգացմունքային ելույթներով հայտարարում էին, որ դեմ են որեւէ փոխզիջման եւ խաղաղապահների մուտքին Արցախի տարածք, կանխատեսելով, որ նրանց գոյությունն ուղղակի հայաթափելու է Արցախը: Իսկ եղած ազատամարտիկներին էլ այլ կերպ են «լիկվիդացնելու»: «Տղաների մի մասին Շուշիի բերդ կտանեն, մի մասին «նարկոման» կսարքեն, մի մասին կհալածեն: Ազգասեր տղաներին հեռացնելուց հետո Ղարաբաղում կմնա մի զանգված, որին հանրաքվեի ժամանակ կարելի է ե՛ւ վախեցնել, ե՛ւ կաշառել հօգուտ Ադրբեջանի», համոզված է «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը:
Ի դեպ, ազատամարտիկների սոցիալական վիճակի մասին: «Ե՛վ Արցախում, ե՛ւ Հայաստանում սարսափելի վիճակում են տղաները, արհամարհված պետության կողմից: Սակայն ազգասիրությունը սոցիալական վիճակից չի կախված, ու եթե հայրենիքի կանչը հնչի, մենք ենք մեր երկրի պաշտպանության խաչը կրելու»: Մանվել Եղիազարյանը գտնում է, որ եթե, Աստված մի արասցե, կարիքը լինի, մոտ 25000 իսկական ռազմիկները ոտքի են կանգնելու եւ ամեն բան շատ վատ է վերջանալու այս իշխանությունների համար: «Արցախյան ազատամարտը հայ ժողովրդի խորհրդանիշն էր, ինչպե՞ս կարելի է դավաճանել եւ ծախել մեր սեփական պատմությունը»:
Ազատամարտիկ Արարատ Հովակիմյանը` Քեռին իր հերթին հավելում է. «Ես 80 տարեկան վիրավոր մարդ եմ, բայց երբ կռիվ լինի, ես այնտեղ կլինեմ»: Նա էլ է զգուշանում խաղաղապահներից եւ համարում է դա Ղարաբաղն անարյուն գրավելու եղանակ:
«Դա փաստորեն նշանակում է հանձնել մեր հայրենիքը: Ամեն ինչ կամաց-կամաց է սկսվում, սկզբից մի գյուղ կտան, հետո մի շրջան կտան, հետո Ղարաբաղը կտան, հետո Հայաստանը կտան: Լոգիկան դա է», ասում է Արկադի Կարապետյանը` անդրադառնալով միջնորդների առաջարկին հավանություն տալու վերաբերյալ Վարդան Օսկանյանի հայտարարությանը: