Համոզված է Աշոտ Բլեյանը
Այլ կերպ հնարավոր չէ հասկանալ Աշոտ Բլեյանի հայտարարությունը, թե «էթնիկ ադրբեջանցիների հեռանալը ԼՂ-ից ես չեմ համարում իմ շահը»: Այս եւ հետաքրքրական ու զավեշտալի մի շարք հայտարարություններով երեկ «Հայելի» ակումբում հանդես եկավ քաղաքական հհշական գործիչըՙ հանրապետական Արմեն Աշոտյանի հետ բանավեճում: Նա հայտարարեց, որ պատրաստ չէ իր միջոցները ծախսել Վիեննայով կամ Փարիզով Բաքու գնալու վրա, նա ուղիղ ճանապարհով Բաքու կգնա: Արմեն Աշոտյանի առաջարկին ի պատասխան Աշոտ Բլեյանը պատրաստակամություն հայտնեց հանուն Ադրբեջանի հետ բարիդրացիական հարաբերությունների ԵԱՀԿ-ում Ադրբեջանի արտահերթ դիտորդ դառնալ:
Արմեն Աշոտյանը համոզված է, որ այսօր արցախյան հարցի լավագույն տարբերակը ստատուս քվոն է: «ԼՂՀ-ն այսօր լիարժեք անկախության հավակնել չի կարող, քանի որ այնպիսի մեծ շահեր են բախվում, որոնցից ոչ մեկն այսօր միանշանակ չի հաղթում»: Աշոտյանը համոզված է, որ նախ պետք է մարսենք այդ տարածքները, այնտեղ դպրոցներ, հաստատություններ հիմնենք, հասարակություն ապրի: Աշոտ Բլեյանի համար ստատուս քվո նշանակում է կանգնած կյանք:
Ադրբեջանին ռազմավարական գործընկեր դիտելու Բլեյանի հորդորները Արմեն Աշոտյանը քաղաքական մազոխիզմ որակեցՙ պատճառաբանելով, որ նույնիսկ իբրեւ բժիշկ ոչ մի կերպ չի կարողանում նշմարել ապագան, երբ Ադրբեջանը նավթով փակած իր աչքերով իրավիճակն այդպիսին կգնահատի, եւ ավելացրեց, որ չնայած մինչեւ հանդիպման գալը մտադրվել էր չապշել Բլեյանի որեւէ հայտարարությունից, օն-լայն ռեժիմով շփումը այլ հնարավորություն չի տալիս: Ապշեցնող հայտարարություններից մեկն էլ այն էր, որ «հայաստանցիներով հաղթել չէինք կարող եւ չենք հաղթել: Հաղթանակը առջեւում է որպես երկուՙ Ադրբեջանի եւ Հայաստանի ժողովուրդների ստեղծագործ աշխատանք եւ հաշտություն»:
Զարմանալի է, որ պրն Բլեյանը Արցախի մասին որեւէ բան է խոսում, քանի որ, ինքն իրեն երեւանցի համարելով, հրաժարվում է մտածել իր շեմքից դուրս գտնվող տարածքների մասին: «Ազգի» հարցին, թե ի վերջո պրն Բլեյանի իրավունքների եւ պարտականությունների քարտեզը որտեղո՞վ է անցնումՙ Երեւանո՞վ, Հայաստանո՞վ, թե՞ Երեւանի Բանգլադեշ թաղամասով, վերջինս պատասխանեց. «Ես Հայաստանի Հանրապետության քաղաքացի եմ եւ կոչ եմ անում մյուսներիդ էլ ձեր ցանկասիրությամբ չխանգարել Ղարաբաղի կամ Ջավախքի ժողովրդին»: Անիմաստ է, փաստորեն, նրա մոտ «համազգային շահ», «համահայկական ծրագիր» կոչվող որեւէ երեւույթի մասին խոսելը: «Մենք շահել ենք այնքանով, որ արցախցին կպած մնաց իր հողին: Բայց այդտեղ ղարաբաղցիք մինչեւ 1988 թիվը ապրում էին ավելի մեծ քանակով», արցախյան ինքնապաշտպանության մասին ասում է Բլեյանը: Գուցե, իրոք, չարժե, որ նա իր շեմքից դուրս այլ որեւէ բանի մասին խոսի: Բա որ լուրջ ընդունե՞ն:
ԹԱՄԱՐ ՄԻՆԱՍՅԱՆ