Բրիտանացի փորձագետը Մոսկվա մուտքի թույլտվություն չի ստացել
Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարությունը երկրի անվտանգության ապահովման պատճառաբանմամբ մուտքի իրավունք չի տվել պատերազմի եւ խաղաղության լուսաբանման բրիտանական ինստիտուտի կովկասյան բաժնի խմբագիր Թոմաս դե Վաալին: Վերջինս Արեւմուտքում Կովկասի գծով ճանաչված փորձագետ է եւ երկար ժամանակ աշխատել է Ռուսաստանի հարավում եւ անդրկովկասյան երկրներում: Նրա ուսումնասիրությունների արդյունքն են «Չեչնիա: Աղետ Կովկասում» եւ «Սեւ այգի: Հայաստան եւ Ադրբեջան. պատերազմի ու խաղաղության միջեւ» գրքերը: Թերեւս առաջին գիրքն է դարձել Վաալին Ռուսաստան մուտքն արգելելու պատճառ եւ առաջացրել նրա ռուսաստանյան գործընկերների զարմանքը:
Բրիտանացի փորձագետը Մոսկվա պիտի ժամաներ Ռուսաստանի ժուռնալիստների միության հրավերովՙ մասնակցելու Լեռնային Ղարաբաղի մասին իր գրքի շնորհանդեսին: Շնորհանդեսը, բնականաբար, չի կայացել: Էքստրեմալ ժուռնալիստիկայի կենտրոնի ղեկավար Օլեգ Պանֆիլովն, «Ազատություն» ռադիոկայանի հաղորդմամբ, հավաստել է. «Մենք արդեն վաղուց հավաքում ենք Ռուսաստան մուտքի թույլտվություն չստացած ժուռնալիստների ցուցակը, որը ներառում է ավելի քան 30 անուն: Կարծում եմ, այդ ամենը կապված է Չեչնիայի հետ, քանի որ համարյա բոլոր լրագրողները, ում մերժվել է մուտքը Ռուսաստան, կամ աշխատել են Չեչնիայում, կամ բավականին շատ են գրել Չեչնիայի մասին, այդ թվում եւ Թոմաս դե Վաալը»:
Սակայն, Պանֆիլովի կարծիքով, կարող է լինել նաեւ երկրորդ պատճառըՙ Ահմեդ Զաքաեւի Մեծ Բրիտանիայից արտահանձնման գործով Վաալի վկա լինելը:
Ն. Պ.