«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#122, 2006-07-01 | #123, 2006-07-04 | #124, 2006-07-05


ԴՊՐՈՑՆԵՐԻ ԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԵՎ ԱՅԼ ԴԵՊՔԵՐԻ ԱՀԱԶԱՆԳԵՐԻՆ ԿԴԻՄԱՆԱ՞ ՆՈՐ ԲԱՑՎԱԾ ԹԵԺ ԳԻԾԸ

Հանրակրթական դպրոցներում շարունակվող դրամահավաքները, ռեստորաններ ու բարեր այցելությունները, վճարովի պարապմունքները, տնօրենների քմահաճ ու միանձնյա գործունեությունն ու հասարակության դժգոհությունն առաջացնող բազմաթիվ այլ երեւույթներ դպրոցից աստիճանաբար դուրս մղելու նպատակով կրթության ու գիտության նախարարությունը բացել է թեժ հեռախոսագիծՙ 52-73-43: Այսուհետեւ դպրոցների տնօրենների եւ ուսուցիչների անարդար վերաբերմունքի ու կոռուպցիոն վարքագծի դրսեւորման դեպքերում ծնողներն ու աշակերտներն այլեւս ավելորդ վախ ու զգուշություն ցուցաբերելու եւ դրանց մասին լռելու փոխարեն կարող են վստահաբար զանգահարել եւ տեղեկացնել նախարարությանը, մանավանդ որ վերջինս ապահովում է զանգերի գաղտնիությունը: «Մենք խստագույնս հետեւելու ենք, որ կանխիկ դրամաշրջանառությունը դպրոցներում իսպառ արգելվի, այդ շղթայից պետք է դուրս բերվի աշակերտը, ընդհանրապես փողային հարցերին երեխան մասնակից չպետք է լինի: Որեւէ տնօրեն, ուսուցիչ, եթե փորձի կանխիկ դրամահավաք կազմակերպել եւ մենք ահազանգ ստանանք դրա մասինՙ խստագույնս պատժվելու է: Առ այսօր մարդիկ դրամահավաքից կամ այլ բաներից բողոքում են ընդհանրապես, մենք «ընդհանրապես» բողոքներ չենք ընդունելու, այլՙ կատարված կոնկրետ դեպքերի մասին ահազանգեր: Եթե որեւէ մեկը վախենում է, թող չզանգի: Եթե ծնողը մտածում է, որ իր երեխայի համար վատ կլինիՙ արդեն իսկ վատ է, դրանից ավելի վատ լինել չի կարող: Երբ երեխային սովորեցնում են ուսուցչին փող տալ, դրանից ավելի վատ բա՞ն», երեկ հրավիրած ճեպազրույցի ժամանակ ասաց կրթության նորանշանակ փոխնախարար Բագրատ Եսայանը: Մեկուկես ամսվա իր ուսումնասիրությամբՙ նախարարությանն ուղղված բողոք-դիմումների գերակշիռ մասը դպրոցներում առկա անարդար ու ճնշող մթնոլորտից է:

Հանրակրթական դպրոցի ներկայիս վիճակը, Եսայանի հայացքով, բացարձակ անհասկանալի է, որովհետեւ «դպրոցի տնօրենի սուբյեկտիվ վերաբերմունքից, համակրանքից ու հակակրանքից է կախված, թե ո՞վ կընդունվի դպրոց: Շատ հաճախ, երբ դպրոցում ազատվում է մանկավարժական կադրի տեղ, դպրոցի տնօրենը միանձնյա է որոշում այդ հարցը, եւ ընդունվածները հաճախ լինում են նրա ազգականները, բարեկամներն ու հարեւանները»:

Կոռուպցիոն երեւույթներն ակնհայտ են այնտեղ, որտեղ առկա են սուբյեկտիվ եւ անվերահսկելի որոշումներ կայացնելու հնարավորությունները: Դրանց վերջ դնելու համար նախարարությունը մտադիր է առաջիկա երկու տարիներին փոխել տնօրենների ընտրության կարգըՙ հարցազրույցից անցնելով թեստայինի: Նույն կարգը կկիրառվի նաեւ ուսուցչական կադրերի ընտրության ժամանակ, ինչը նոր մակարդակի վրա կդնի ուսուցիչների մասնագիտական որակի բարձրացումը: Եսայանը կարծում է, որ ներկա փուլում կարեւոր է դպրոցական խորհուրդների դերակատարման բարձրացումը, որին խոչընդոտում են անձնական համակրանքով առաջնորդվող տնօրենները: Այսինքն, դրանցում ներգրավվում են այն ծնողները, որոնք տնօրենի թեւ ու թիկունքն են: Այստեղ նախարարությունը կարիք ունի լրատվամիջոցների գործուն աջակցության, առանց որի գործը տեղից առաջ չի գնա, չեն լուծվի դպրոցներում ահագնացող խնդիրները, քանի որ ծնողական խորհուրդներն իրականում չեն ապահովում դպրոցների ֆինանսական գործունեության թափանցիկությունը: «Մենք թրով ու սրով չենք ընկնելու դպրոցների ջանին, այլ եղածը բերելու ենք իրավական դաշտ», ասաց Եսայանը:

Դրամահավաքները, ըստ նրա, պետք է արվեն ծնողական ժողովների ժամանակՙ ծնողկոմիտեների միջոցով, որից հետո հավաքված գումարը կփոխանցեն որոշակի հաշվեհամարի: Վճարովի լրացուցիչ պարապմունքները ստվերից դուրս բերելու համար բարձր առաջադիմության ձգտող աշակերտներով պետք է զբաղվի դպրոցըՙ հավելավճար հատկացնելով պարապող ուսուցիչներին:

Փոխնախարարն անընդունելի է համարում աշակերտների հետ ուսուցիչների արդեն խիստ սովորական դարձած ռեստորաններ ու բարեր այցելությունները, բացառությամբ ավարտական քննություններից հետո հրավիրված խնջույքի. «Ինչպե՞ս կարող է ուսուցիչը դաստիարակել այն աշակերտին, որի հետ ռեստորան ու զվարճանքի այլ վայրեր է հաճախում», նշեց Եսայանը:

ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4