Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 13-րդ տուրում ուշադրության կենտրոնում եվրոգավաթների մասնակից մեր թիմերի մրցախաղերն էին: Խոսքը «Փյունիկի», «Միկայի» եւ «Բանանցի» մասին է, որոնց շուտով հարկ կլինի եվրոպական մրցասպարեզ դուրս գալ: Այս առումով 13-րդ տուրի հանդիպումները նշված թիմերի համար վերջին փորձամրցումներն էին:
Երկրի չեմպիոն «Փյունիկը» հյուրընկալել էր «Արարատին»: «Փյունիկի» խաղը Տիրասպոլից դիտելու էին եկել թիմի ապագա մրցակցի` «Շերիֆի» ներկայացուցիչները, որոնք նկարահանում էին հանդիպումը: Գուցե դա էր պատճառը, որ «Փյունիկը» չցանկանալով բացել «խաղաքարտերը», առանձնակի ջանքեր չներդրեց հաղթանակի հասնելու համար: Հիշեցնենք, որ առաջին շրջանում «Փյունիկը» խոշոր` 5-0 հաշվով հաղթել էր «Արարատին»: Այս անգամ հանդիպումն այլ ընթացք ունեցավ: Ճիշտ է, փյունիկցիները գրեթե ողջ հանդիպման ընթացքում գրոհում էին մրցակցի դարպասը, սակայն սպառնալից շատ պահեր չկարողացան ստեղծել: Ավելին, խաղի բավական մեծ ժամանակահատվածում փյունիկցիները թվային առավելություն ունեին. առաջին խաղակեսում տուգանային հրապարակից դուրս ձեռքով խաղի համար դաշտից հեռացվել էր «Արարատի» դարպասապահ Գառնիկ Հովհաննիսյանը:
Հանդիպման միակ գոլը փյունիկցիները խփեցին ընդմիջումից քիչ անց: Անկյունայինի խաղարկումից հետո դիպուկ հարվածով աչքի ընկավ պաշտպան Ալեքսանդր Թադեւոսյանը: Հանդիպման վերջնամասում փյունիկցիներից հեռացվեց Արմեն Տիգրանյանը, եւ խաղադաշտում թվային հավասարակշռություն ստեղծվեց: Արարատցիները փորձեցին խուսափել պարտությունից մի քանի վտանգավոր գրոհներ կազմակերպելով, սակայն արդյունքի չհասան:
«Միկան» սեփական հարկի տակ հյուրընկալել էր առաջնության հետնապահ «Ուլիսին»: Թվում էր, թե երկրի գավաթակիրը հեշտ հաղթանակ կտոնի, սակայն սպասելիքները չարդարացան: Զգացնել տվեց թիմի առաջատար Արմեն Շահգելդյանի բացակայությունը, որը «Կիլիկիայի» հետ նախորդ խաղում հեռացվել էր դաշտից: Ճիշտ է, «Միկան» առաջինը հասավ հաջողության, երբ դիպուկ հարվածով հաշիվը բացեց թիմի լեգեոնական Պավել Յուշկովը: Սակայն դաշտի տերերի ուրախությունը կարճ տեւեց: Ընդամենը 7 րոպե անց «Ուլիսի» ռմբարկու Գոռ Աթաբեկյանը վերականգնեց հավասարակշռությունը: Հաղթանակ տոնելու «Միկայի» հետագա ջանքերը արդյունք չտվեցին: Այսպես «Միկան» եւս երկու թանկարժեք միավոր կորցրեց, որի հետեւանքով երկրի չեմպիոն «Փյունիկից» արդեն 11 միավորով հետ է մնում:
Առանձնապես հաջող խաղ չցուցադրեց նաեւ «Բանանցը», որը նվազագույն հաշվով առավելության հասավ «Կիլիկիայի» նկատմամբ: Հանդիպման միակ գնդակը տուգանայինի խաղարկումից հետո խփեց Անդրեյ Բուրդիյանը: «Կիլիկիան» չորրորդ անընդմեջ պարտությունը կրեց: Վերջին հանդիպումներում իր մարտունակությունը զգալիորեն նվազեցրել է առաջնության նորեկ Կապանի «Գանձասարը»: Սովորաբար «Գանձասարի» ֆուտբոլիստները բավական հաջող են հանդես գալիս սեփական հարկի տակ: Սակայն նախորդ տուրում «Գանձասարը» բոլորի համար անսպասելի անսովոր 1-7 հաշվով պարտվել էր «Բանանցին»: Այս տուրում էլ «Գանձասարը» կրկին պարտություն կրեցՙ այս անգամ Գյումրիում զիջելով «Շիրակին»: Նշենք, որ Գյումրի չէր ժամանել «Գանձասարի» գլխավոր մարզիչ Ալբերտ Սարգսյանը: Հանդիպումը բավական անհաջող սկսվեց կապանցիների համար, որոնք արդեն 8-րդ րոպեին ստիպված էին խաղը վերսկսել դաշտի կենտրոնից: Դիպուկ հարվածով աչքի ընկավ Վարդան Բիչախչյանը: Մինչեւ ընդմիջում նա եւս մեկ անգամ գրավեց «Գանձասարի» դարպասըՙ ամրապնդելով շիրակցիների առավելությունը: Եվ միայն ընդմիջումից քիչ անց «Գանձասարի» լեգեոնական Գագա Թբիլաշվիլուն հաջողվեց կրճատել հաշվի տարբերությունը: «Գանձասարը» չորրորդ անընդմեջ պարտությունը կրեց: Իսկ ահա շիրակցիները սեփական հարկի տակ անդրանիկ հաղթանակը տոնելով, շրջանցեցին մրցակցին:
Մրցաշարային աղյուսակ
Խ | Հ | Ո | Պ | Գ | Մ | |
1. Փյունիկ | 13 | 12 | 1 | 0 | 41-9 | 37 |
2. Միկա | 13 | 8 | 2 | 3 | 21-12 | 26 |
3. Բանանց | 13 | 8 | 1 | 4 | 32-13 | 25 |
4. Արարատ | 13 | 5 | 3 | 5 | 16-20 | 18 |
5. Գանձասար | 13 | 3 | 2 | 8 | 10-27 | 11 |
6. Շիրակ | 12 | 2 | 5 | 5 | 9-30 | 11 |
7. Կիլիկիա | 12 | 2 | 3 | 7 | 16-24 | 9 |
8. Ուլիս | 13 | 2 | 1 | 10 | 13-23 | 7 |
Ռմբարկուները
Արամ Հակոբյան | «Բանանց» | 12 |
Արմեն Շահգելդյան | «Միկա» | 9 |
Արսեն Ավետիսյան | «Փյունիկ» | 8 |
Էդգար Սաֆարյան | «Արարատ» | 7 |
Լեւոն Փաչաջյան | «Փյունիկ» | 7 |
Բորիս Մելքոնյան | «Փյունիկ» | 5 |
Նշան Էրզրումյան | «Կիլիկիա» | 5 |
Աղվան Մկրտչյան | «Փյունիկ» | 5 |
Գոռ Աթաբեկյան | «Ուլիս» | 5 |
Վահե Թադեւոսյան | «Բանանց» | 5 |
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ