«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#125, 2006-07-06 | #126, 2006-07-07 | #127, 2006-07-08


ԵՐԿՐՈՐԴ ՇՐՋԱՆՆ ԱՎԱՐՏՎԵՑ

Չորս հանդիպումներով ավարտվեց ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության երկրորդ շրջանը: Եվրոգավաթների շեմին իրենց վերջին փորձամրցումները հաջող անցկացրին «Փյունիկը», «Միկան» եւ «Բանանցը»ՙ տոնելով հերթական հաղթանակները: Երկրի չեմպիոնը սեփական հարկի տակ 2-1 հաշվով հաղթեց «Շիրակին»: Փյունիկցիներից երկու գոլի հեղինակ դարձավ Ալեքսանդր Պետրոսյանը, իսկ «Շիրակից» գոլն իր օգտին գրանցեց Վլադիմիր Գասպարյանը:

Հետաքրքրական մրցապայքարում անցավ «Արարատի» եւ «Միկայի» մրցավեճը: Դաշտում հիմնականում հավասար պայքար էր ընթանում: Երկու թիմերն էլ ունեցան դարպասները գրավելու լավ հնարավորություններ: Ավելի հաջողակ գտնվեց «Միկան»: Հանդիպման 53-րդ րոպեին «Արարատի» դարպասում անսովոր գոլ գրանցվեց: «Միկայի» հարձակվող Արտյոմ Ադամյանը հեռահար հարվածով գնդակն ուղարկեց մրցակցի տուգանային հրապարակ, որտեղ դարպասապահ Երիցյանը սխալ դուրս եկավ դարպասից, իսկ պաշտպանները փորձելով գնդակը հեռացնելՙ անփույթ խաղացին եւ Եփրեմյանն այն ուղարկեց սեփական դարպասը: Բաց թողած գոլից հետո արարատցիները զգալիորեն ակտիվացրին հարձակողական գործողությունները, սակայն այդպես էլ չկարողացան լրջորեն սպառնալ «Միկայի» դարպասին: Իսկ ահա «Միկայի» ֆուտբոլիստները խաղավերջում եւս մեկ անգամ հասան հաջողության: Արագ հակագրոհի շնորհիվ Արմեն Շահգելդյանը ներխուժեց տուգանային հրապարակ եւ նրա հետ պայքարում «Արարատի» պաշտպան Գեղամ Քոչարյանը վայր գցեց: Շահգելդյանն ինքն էլ դիպուկ հարվածով իրացրեց 11 մՙ 2-0 հաշվով հաղթանակ պարգեւելով «Միկային»:

Վերջին հանդիպումներում արդյունավետ խաղ է ցուցադրում «Բանանցը»: Առաջնության հետնապահ «Ուլիսի» հետ խաղում «Բանանցի» ֆուտբոլիստները չորս անպատասխան գնդակ խփեցին, որոնցից երկուսն իր օգտին գրանցեց առաջնության լավագույն ռմբարկու Արամ Հակոբյանը: Իսկ հաշիվը 15-րդ րոպեին բացել էր «Ուլիսի» խաղացող Ալբերտ Ներսիսյանըՙ դառնալով ինքնագոլի հեղինակ: Մինչեւ ընդմիջում Սիզիխինը կրկնապատկել էր հաշիվը:

Չորս անընդմեջ պարտություններից հետո վերջապես իր երկրպագուներին ուրախացրեց «Գանձասարը»ՙ Կապանում 4-2 հաշվով առավելության հասնելով «Կիլիկիայի» նկատմամբ: Իրենց օգտին երկուական գոլ գրանցեցին «Կիլիկիայի» հարձակվող Սարգիս Մովսիսյանը եւ «Գանձասարի» ռմբարկու Արթուր Քոչարյանը: Մյուս երկու գոլերը «Գանձասարից» խփեցին Թբիլաշվիլին եւ Վիլեն Հարությունյանը:

Մրցաշարային աղյուսակ

 ԽՀՈՊԳՄ
1. Փյունիկ14131043-1040
2. Միկա1492323-1229
3. Բանանց1491436-1328
4. Արարատ1453616-2218
5. Գանձասար1442814-2914
6. Շիրակ1325610-3211
7. Կիլիկիա1323818-289
8. Ուլիս14211113-277

Ռմբարկուները

Արամ Հակոբյան«Բանանց»14
Արմեն Շահգելդյան«Միկա»10
Արսեն Ավետիսյան«Փյունիկ»8
Էդգար Սաֆարյան«Արարատ»7
Լեւոն Փաչաջյան«Փյունիկ»7
Արթուր Քոչարյան«Գանձասար»6

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4