Մշակութային ցեղասպանություն ենք համարում եւ ստեպ-ստեպ բողոքի ձայն բարձրացնում, երբ մեր հարեւան երկրների տարածքում ոչնչացվում, քանդվում կամ թալանվում են հայկական եկեղեցիներ, վանքեր, խաչքարեր կամ տապաններ: Ջուղայի հայկական խաչքարերի անտառը զինվորական հրաձգարանի վերածելը համամարդկային մշակութային աղետ է եւ բազմաբնույթ նման երեւույթները Վրաստանում, Ադրբեջանում, Թուրքիայում: Սակայն այս բողոքներն անօգուտ են, երբ ինքներս մեզ բուժելու փոխարեն նայում ենք ուրիշի հասցրած վերքերին: Ինչպե՞ս ենք մեր երկրի ներսում վերաբերվում մեր մշակութային անցյալի ու ներկայի արժեքներին: Ահավասիկ խոսուն փաստեր են ստորեւ ներկայացվող լուսանկարները, նաեւ որպես այսօրվա Անիի պատմության վավերագրեր:
Լուսանկարները, որ արել է 2006-ի հուլիսի 5-ին Զավեն Սարգսյանը, ուշադրություն են հրավիրում մի քանի կարեւոր հանգամանքների: Տարիներ շարունակ` դեռեւս 2000-ին այս քարհանքերում կատարվող հզոր պայթյունները ուղղակի վտանգում էին հայոց հնամենի մայրաքաղաքի ճարտարապետական սքանչելիքները: Զավեն Սարգսյանը պատմում է, որ Անիի Մայր տաճարից ընկած քարերի մասին երբ հարցուփորձ է արել, մի թուրք աշխատող հանգիստ ցույց է տվել դիմացի (մեր) ափի քարհանքերը` թե տեսեքՙ հայերը Անին ինչ են անում: Եվ եթե այսօր քարհանքերի (դեղին տուֆի) աշխատանքների հետեւանքով առաջացած ցնցումները կարող են վտանգ չներկայացնել, միեւնույնն է` սա արդեն հրաշալի առիթ է մեր հարեւանների համար հայկական ճարտարապետական կոթողների հետ պատահող ամեն բան վերագրելու մեզ: Անիի Մայր տաճարի դիմացի երեք շահագործվող այս քարհանքերի համայնապատկերը բնավ «շահեկան» չէ, ոչ միայն զգացական, հուզական կամ զուտ տեսողական առումներով, այլեւ քարհանքերի նման ձեւով շահագործման տեսակետից: Աշխատանքները արվում են բարբարոսաբար, անխնա` տաքացնելով քարի մեծ կտորները հանվում, իսկ մնացածները թափվում են: Թափոնները լցվում են Անիի հին գերեզմանատների տապանաքարերի վրա, որոնք կարող են վնասվել կամ ժամանակի ընթացքում ծածկվել աչքից:
Հայոց հազարամյա մայրաքաղաքիՙ Անիի սրբազան լռությունը եւ սպասման խորհուրդըՙ մի ափին, մյուսինՙ հայոց այսօրվա քարհանքային իրականությունըՙ գոռգոռոցների ու հայհոյախառն աղմուկի: Այս երկու պատկերների հակասությունը ստեղծում է մի տպավորություն, որ թելադրում է քարհանքերի շահագործումը դադարեցնելու եւ փակելու առաջարկ: Մինչեւ քարհանքերի շահագործման արդիական տեխնոլոգիաների ձեռքբերումը այս հողակտորը հանգիստ կմնա ու Անինՙ գոնե մեր կողմից անվտանգ, մանավանդ որ տուֆի հանքերով հարուստ Հյուսիսային Հայաստանը շահագործողներին այլ հնարավորություններ նույնպես տալիս է:
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ