«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#127, 2006-07-08 | #128, 2006-07-11 | #129, 2006-07-12


«ՄԱԼԽԱՍ» ՋԱԶ ԱԿՈՒՄԲՆ ՈՒ ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ 3-ՐԴ ՋԱԶ ՓԱՌԱՏՈՆԸ

Հայաստանում ջազային մշակույթը ձեւավորվել է դեռեւս 30-ականներին: Արտեմի Այվազյանի, Ցոլակ Վարդազարյանի ստեղծագործությունները սկզբնավորեցին հայկական ջազը եւ ստեղծեցին հայ ունկնդիրների որոշակի մթնոլորտ: 60-ականներից ծավալվեց ջազային լուրջ շարժում: 1985-86 թթ.-ին կազմակերպված համամիութենական ջազ փառատոնային ավանդույթները պահպանվել եւ շարունակվում են այսօր: Խորհրդային տարիներին, երբ ջազը համարվում է «բուրժուական արվեստի պրոդուկտ», ըստ «Մալխաս» ջազ ակումբի նախագահ Լեւոն Մալխասյանի, Հայաստանում երաժշտական այս ժանրի տարածումը եւ դրա նկատմամբ հետաքրքրությունը բազմաթիվ առումներով պայմանավորված էր հայկական սփյուռքով, որ դրսից տրամադրած տեղեկություններով նպաստել է ջազ երաժշտության կայացմանը:

Անցնող տարիներին Երեւանում անցկացվող ջազի օրերն ամերիկյան դեսպանատան աջակցությամբ եւ նախընթացՙ 1998-ի եւ 2000-ի միջազգային փառատոները վկայում են Հայաստանում կայացած ջազային մշակույթի եւ նրա պրոֆեսիոնալ ունկնդրի առկայության մասին:

Եվ ահա 6 տարիների ընդմիջումով երկօրյա միջազգային 3-րդ ջազ փառատոնը կկայանա հուլիսի 16-ին եւ 17-ինՙ Արամ Խաչատրյան համերգասրահում: Փառատոնի ծրագրային ընդգրկումը բավականին լայն է, մասնակիցների քանակըՙ նույնպես: Այն իրականանալու է «Մալխաս» ջազ ակումբի եւ «Փարիզյան սուրճի» աջակցությամբ եւ կազմակերպությամբ, նպաստել են նաեւ հանրապետության նախագահը եւ վարչապետը: Կազմակերպչական նախադրյալները հույս են ներշնչում փառատոնի ավանդական դառնալունՙ երկամյա ընդմիջումներով:

Երեւանյան ջազ փառատոնին մասնակցելու է ամերիկյան աշխարհահռչակ Earth, Wind and Fire Experience Feat Al McKay Alistar խումբը: 30 տարի առաջ երգահան Մորիս Ուայթի հիմնադրած խմբի գործունեությունըՙ երաժշտական տարբեր ոճերի զարմանալի համադրումներով (ջազ, սմութ սոուլի, գոսպելի, ռոք ընդ ռոլ, բլյուզ, ֆոլկ, դիսկո, աֆրիկյան երաժշտության տարրեր եւ այլն), ինքնատիպ մոտեցումներով իր անվան շուրջը ստեղծել է լեգենդ: Կատարումները աչքի են ընկնում կենսականությամբՙ հագեցած զգացմունքային շեշտերով: Առաջին «Գրեմի» մրցանակն ստացել է 2003 թ.-ին «Shining Star» («Փայլող աստղ») երգի համար: Այդ տարի համագործակցումը ջազի լեգենդ Ջենի Ջիի հետ, 2005 թ.-ին ծնում է «Illumination» («Լուսավորում») հավաքածուն, որով խումբն առաջինն էր աֆրիկյան մշակույթը միջազգային լայն ճանաչման արժանացնելու առումով:

Ամերիկյան համբավավոր խմբի հետ փառատոնին մասնակցելու են հայկական ջազային տասնյակից ավելի նվագախմբեր, որոնց թվում նաեւ սփյուռքահայ երաժիշտներ Ֆրանսիայից, Լիբանանից, Ռուսաստանից, ինչպես Մարսելից հանրահայտ դուդուկահար Լեւոն Մինասյանը, որի նվագը հնչում է Անրի Վերնոյի «Մայրիկ» ֆիլմում, ջազ երաժիշտների կուռք «Three Wheel Drive» խմբի շարժիչ ուժ լիբանանցի Արթուր Սաթյանը, Ռուսաստանի առաջատար ջազ երաժիշտ Ալեքսանդր Զաքարյանը:

Փառատոնի մասնակիցներից են Հայաստանի ջազ նվագախումբը, Հեռուստատեսության եւ ռադիոյի պետական ջազ նվագախումբը, 70-ականներ ջազ բենդի, «Արցախ ջազ բենդ», «Վահագն Հայրապետյան եւ կատուներ», «Չիկոն եւ ընկերները», «Art Voice» եւ այլն:

1936 թ. տաղանդաշատ կոմպոզիտոր Արտեմի Այվազյանի հիմնադրմամբ Հայաստանի պետական ջազ նվագախումբը երկար տարիներ ղեկավարել է Կոնստանտին Օրբելյանը եւ մեծ հաջողություններ է ունեցել: Երկար ճանապարհ է անցել նաեւ Հանրային ռադիոյի եւ հեռուստատեսության սիմֆոնիկ ջազ նվագախումբըՙ ստեղծված 1966 թ. Մարտին Վարդազարյանի կողմիցՙ որպես բիգ-բենդ:

70-ականների ջազ բենդի հիմնադիր Երվանդ Երզնկյանը ջազը համարել է մտքի ազատություն եւ փիլիսոփայություն: Այդ ավանդույթների եւ մտայնությունների լավագույն պահպանողն ու զարգացնողն այսօր «Մալխաս» ջազ ակումբի նախագահ Լեւոն Մալխասյանն է, որ դեռեւս 67-ից «Կռունկ» ջազ ռոք խմբին անդամակցելուց եւ նույն տարվա երեւանյան առաջին ջազ փառատոնում արժանանում է լավագույն դաշնակահարի տիտղոսին: Նա 1998-ից Երեւանի միջազգային ջազ փառատոնի գլխավոր կազմակերպիչն է, որ եւ նույն թվականին հիմնադրում է «Ջազ արվեստի ընկերակցություն»: Վերջին տարիներին հատկապես, «Մալխաս» ակումբն իր ինտերյերով եւ մտերմիկ մթնոլորտով նաեւ, ապահովում է ջազի սիրահարների լավագույն երեկոներն այստեղ:

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4