Ինտեգրում, միացում համաեվրոպական միջնակարգ կրթական համակարգին. մեր երկրում նշված արտահայտությունները միջնակարգ դպրոցի պարագայում դեռ հեռու են իրականությունից:
Ըստ Երեւանի Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի մանկավարժության ամբիոնի վարիչ Սիրամարգ Վարդումյանի, կրթական ռեֆորմներ կատարվում են ոչ միայն Հայաստանում, այլեւ ամբողջ աշխարհում, եւ սա ժամանակի հրամայականն է, դպրոցը կոչված է կատարելու հասարակության պատվերը:
- Սակայն մեր նոր մշակված կրթակարգում կան թերացումներ,- ավելացնում է Սիրամարգ Վարդումյանը,- խնդիրները լուծվում են ոչ պրոֆեսիոնալ ձեւով:
Ըստ հանրակրթության պետական կրթակարգի, որով Հայաստանը եւս անցնում է 12-ամյա միջնակարգ կրթության, այս տարի դպրոց են հաճախելու 6 տարեկան երեխաները, տարրական դպրոցում սովորելու են 4 տարի, միջին դպրոցը ներառում է 5-9-րդ դասարանները, իսկ ավագ դպրոցը` 10-12-րդ դասարանները: Այս տարի առաջին դասարան հաճախելու են նաեւ 7 տարեկան երեխաները, ովքեր սովորելու են 11 տարի, այսինքն 11-ամյա կրթակարգով: Այս տարի լինելու է 2 առաջին դասարան` կրտսեր առաջին եւ ավագ առաջին: Ավագ առաջինցիները` 7 տարեկան աշակերտները եկող տարի` 2-րդ դասարանում կոչվելու են 3-րդ դասարան: Այս տարվա 2-5-րդ դասարանցիները եւս սովորելու են 11 տարի, իսկ 6-10-րդ դասարանցիները սովորելու են 10 տարի` 10-ամյա կրթակարգով: Յուրաքանչյուր դասարան սովորելու է իր համակարգին համապատասխան դասագրքերով, սակայն այս խճճված համակարգերից դժվար է ակնկալել խոստումնալից արդյունքներ:
Ըստ ԿԳՆ կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Սարիբեկ Հակոբյանի, 12-ամյա կրթակարգը նախատեսում է դպրոցներում տարբեր անհրաժեշտ առարկաների ավելի հանգամանալից ուսուցում, օրինակՙ ինֆորմատիկայի, նախատեսվում է նաեւ զարգացնել երեխաների համագործակցական, հաղորդակցական կարողությունները, 12-ամյա ուսուցումը թեթեւացնում է դպրոցականների ծանրաբեռնվածությունը:
- Մեկ օրենք ունի կրթության բնագավառը ` ամեն ինչ անել երեխայի շահի տեսանկյունից,- ասում է Սարիբեկ Հակոբյանը:
Երբ հայացք ենք գցում նոր կրթակարգի հատկապես ավագ դպրոցին, տեսնում ենք, որ վերոհիշյալ օրենքն այստեղ դեռ անուժ է: Ամենաանորոշ ու տարօրինակ վիճակում հայտնվել է ավագ դպրոցը:
Սարիբեկ Հակոբյանն ասում է, որ 10-12-րդ դասարանների նոր ծրագրերի ներդրումը կսկսվի միայն 3 տարի հետո:
Մի շարք երկրներում, որտեղ միջնակարգ կրթության տեւողությունը 12-13(14) տարի է, օրինակՙ Նիդեռլանդներում, Գերմանիայում, կան ավագ մասնագիտական դպրոցներ: Եվրոպական զարգացած երկրներում ավագ դպրոցը տալիս է արդեն մասնագիտական որոշ գիտելիքներ, ինչպես նաեւ շրջանավարտին ապահովում է ինքնուրույն կյանքի համար անհրաժեշտ ընդհանուր գիտելիքներով ու հմտություններով:
Սիրամարգ Վարդումյանը նշում է, որ Ֆրանսիայում դպրոցի շրջանավարտն ունի արդեն բակալավրի որակավորում:
Ինչեւիցե, մեր դպրոցն անցնում է 12-ամյա կրթության, եւ սա այն դեպքում, երբ դեռ չկան ավագ դպրոցի ոչ նոր ծրագրերը, ոչ նոր դասագրքերը եւ ոչ էլ հասկանալի է, թե ուսուցիչներն ինչպես են դասավանդելու կամ դասախոսելու 11-12-րդ դասարաններում: Ուսուցիչների կարճատեւ վերապատրաստումները համապատասխան արդյունք չեն կարող ապահովել, իսկ դասախոսներն էլ 11-12-րդ դասարաններում կդասախոսեն միայն որոշակի վարձատրության դեպքում, բայց գուցե դասախոսնե՞րն էլ պետք է վերապատրաստվեն որպես ուսուցիչներ: Եվս մի խճճված ու անորոշ իրավիճակ, ինչը խոսում է այն մասին, որ առաջիկա 2-3 տարիներին դպրոց ընդունվողները հետագայում, անկասկած, հայտնվելու են անհաջող ծայրահեղությունների մեջ:
Փոխվել են արժեքային համակարգերը, փոխվել է հասարակությունը: Խորհրդային միջնակարգ դպրոցը հրաշալի կատարում էր խորհրդային հասարակարգի դրած սոցիալական պատվերը, սակայն այսօր արդեն անհրաժեշտ է ժամանակի պահանջներին համահունչ միջնակարգ դպրոց:
Ըստ Սարիբեկ Հակոբյանի, խորհրդային համակարգը միայն տալիս էր հսկայական ակադեմիական գիտելիքներ, իսկ նոր կրթակարգը երեխաներին սովորեցնելու է նաեւ` ինչպես հայտնաբերել եւ որտեղ, ինչպես կիրառել այդ գիտելիքները:
Կրթական ռեֆորմներն անխուսափելի են, սակայն դրանք պետք է իրականացվեն ըստ պատշաճի, քանի որ հանրակրթական միջնակարգ դպրոցը հասարակարգի կարեւորագույն հիմքն է:
Ըստ Սիրամարգ Վարդումյանի, մենք պետք է կարողանանք համաշխարհային շուկայի համար մասնագետ պատրաստել եւ ճանաչվել աշխարհի կողմից, ուստի միջնակարգ դպրոցի ռեֆորմներն անհրաժեշտություն են:
Ուզենք թե չուզենք, 12-ամյա միջնակարգ դպրոցը շուտով իրականություն է դառնալու: Սպասենք եւ հուսադրվենք այն բանով, թե ամեն ինչի սկիզբն է դժվար:
ԻՆԳԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ