«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#131, 2006-07-14 | #132, 2006-07-15 | #133, 2006-07-18


ՕՐՀՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՈԳԵՂԵՆՈՒԹՅՈՒՆ ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻՆ

Շուրջ մեկ ամիս 60-ից ավելի սփյուռքահայ ուսուցիչներ կապրեն Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի տարածքում: Նրանք եկել են մասնակցելու հայոց լեզվի ամենամյա դասընթացին, որ Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի հովանավորությամբ եւ կրթության ու գիտության նախարարության համաձայնությամբ արդեն երկրորդ տարին անցկացվում է Գեւորգյան հոգեւոր ճեմարանում: Երեկ ուսուցիչներին կաթողիկոսական ողջույնը հղեցին բարձրաստիճան հոգեւորականներ, ինչպես նաեւ ողջունեցին եւ հայապահպանության գործնական ավանդի համար իրենց գնահատանքը հայտնեցին հոգեւոր ու պետական ներկայացուցիչներ, կրթության եւ գիտության նախարարը, համապատասխան ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահ Հրանուշ Հակոբյանը, բուհերի ռեկտորներ:

«Վերապատրաստման դասընթացը մենք համարում ենք հայրենիք-սփյուռք վերջին տարիների հարաբերությունների ամենակարեւոր ձեռքբերումներից մեկը, ասաց կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը: Ունենք 13 երկրներից ուսուցիչներ, որոնք վերապատրաստվում են մայր հայրենիքում»: Նախարարը գոհունակությամբ խոսեց Սուրբ Էջմիածնի ու կրթության եւ գիտության նախարարության սերտ համագործակցության մասին: «Այս համագործակցությամբ է, որ մենք պետք է աստիճանաբար վերականգնենք մեր կրթական համակարգում անկյունաքարայինը` բարոյական արժեչափերը: Մեր ուսուցիչը պետք է հպարտ լինի իր մասնագիտությամբ: Նա պետք է բարդույթ չունենա ո՛չ սփյուռքում, ո՛չ հայրենիքում, որ կատարում է մի գործ, որը բոլորն ասում են` լավն է, կարեւոր է, բայց ոչ ոք այդքան մեծ ուշադրություն չի դարձնում», մասնավորապես ասաց նախարարը:

Մարիամ Պետրոսյանը ուսուցիչներին վերապատրաստող կերպարվեստ առարկայի մասնագետ է: Նա պատմում է, որ բացի հայոց լեզվից ու գրականությունից, Կրթության ազգային ինստիտուտի մասնագետները ուսուցիչների հետ անցնում են ազգային մշակույթ եւ այլ առարկաներ: «Ուսուցումը փոխադարձ է, քանի որ նրանք բացի հայկականից, նաեւ այլ մշակույթների կրողներ են: Շատ դեպքերում ուսուցիչներն իրարից ավել շատ բան են սովորում, քան մենք էինք նախապատրաստել նրանց մատուցելու»:

Ժոզեֆ Սուքիասյանը եկել է Իրանից: Չորս տարի դասավանդում է հայոց լեզու եւ գրականություն: Իրանում 170 պատանի աշակերտների հայեցի դաստիարակությունն ու գրագիտության ապահովումը նրա ուսերին է: Բացի այդ, նրան հաճախ են դիմում մեծահասակ հայերը եւ անգամ պարսիկները, որոնք խնդրում են ծանոթացնել ոսկեղենիկ հայերենին: Ժոզեֆն ասում է, որ դասընթացը «վերակենդանացնում է» իրեն, նոր շնչառություն հաղորդում: «Բացի դաս սովորելուց, մեր ոգին է մեր մեջ նորից կենդանանում», ասում է իրանահայ ուսուցիչը:

Թբիլիսիից ներկա են ութ դպրոցների ներկայացուցիչներ: Նրանցից Թբիլիսիի թիվ 110 դպրոցի ուսուցչուհի, «Վրաստան» թերթի աշխատակցուհի Աննա Սարիբեկյանը պատմում է. «Մենք մնում ենք Գեւորգյան հոգեւոր ճեմարանի սաների հանրակացարանում, ուր հարմար է թե՛ մնալը, թե՛ վերապատրաստվելու համար պարապելը: Ինձ համար հուզիչ է ապրել մի վայրում, ուր մեր դասական մեծերից շատերն են շրջել եւ իրենց շնչով հարստացրել այս սուրբ վայրը, ասում է Ա. Սարիբեկյանը: Բացի այդ, այստեղից տարած մեր լրացուցիչ գրականությունն ու դասագրքերը առիթ են նորովի մատուցելու դասերը, իսկ մեր ստացած ոգին ու դրական լիցքերը փոխանցվում են մեր աշակերտներին»: Ա. Սարիբեկյանի գործընկերուհին` Թբիլիսիի թիվ 131 դպրոցի ուսուցչուհի Մանանա Կարապետյանը «Ազգի» հարցին ի պատասխան խոսում է սփյուռքում հայապահպանության դժվարությունների մասին: «Մեր դպրոցների ամենամեծ հիմնախնդիրներից է երեխաների պակասը, որը գալիս է ոչ միայն տեղի իշխանություններից, այլեւ մեր շատ հայրենակիցներից, որոնք հայկական դպրոցն անտեսելով, իրենց երեխաներին տանում են ռուսական դպրոցներ: Մեզ դիտավորյալ չեն փակում, որպես հայերի չեն ճնշում, ուղղակի որոշ հայերի մեղավորությունն է այն, որ հայկական դպրոցի մի դասարանում կարող է լինել 4 աշակերտ: Նման դպրոցը Հայաստանում էլ կփակվեր: Ես դասավանդում եմ ռուս-հայկական դպրոցում, որտեղ սովորում է 600 երեխա, 500-ը` ռուսական, իսկ 100-ը հայկական բաժիններում են սովորում: Ռուսական դպրոցում հիմնականում սովորում են հայ երեխաներ, եւ դա նրանց ծնողների մեղքն է», ասում է նա:

ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4