Մի քանի օրից կմեկնարկեն հանրապետության բուհական քննությունները, որոնց թափանցիկության եւ հնարավորինս «դիմորդամետ» լինելու մասին երեկ խոստումներ տվեց կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը: «Հանձնաժողովների նախագահներն իմ կողմից հարգված մարդիկ են», հայտարարեց նախարարը, հիշեցնելով, որ «կա նաեւ մեր իրականությունը, որտեղ գործում է կոլեգաների համակարգ, մնացած բոլոր խնդիրները»: Թերեւս «բոլոր խնդիրներ» ասելով նախարարն ուզում էր անուղղակի խոսել ծանոթ-բարեկամի ու կաշառքի առկայության մասին, որ մինչ այսօր էլ կրթական բարձրագույն հաստատություններում տեղ ունի: Դրանց լուծման համար նախարարն առաջարկում է «կենտրոնացված քննական համակարգի փոխանցումը գնահատման միասնական համակարգին» դեղատոմսը, որ մյուս տարի կներդրվի «հայոց լեզու» քննական առարկայի դեպքում: Երկու-երեք տարվա ընթացքում բոլոր քննություններն են ընդունվելու ըստ վերոնշյալ դեղատոմսի, «որից հետո այս հարցը մեր կրթական համակարգում պիտի փակենք»: Մեր կողմից հավելենք հասունության վկայական ստացած որդու եւ նրա հոր խիստ խորհրդանշական խոսակցությունը, որ լսել էինք նրանց կրպակում. «Սովորես ի՞նչ անես, տղաս, մենք հեսա խանութ ունենք»: Անշուշտ, գովելի մտածելակերպ այն մարդկանց համար, ովքեր հասկանում են, որ կրթությունը մասնագիտական որակյալ կիրառությամբ է գեղեցիկ: Ասել կուզի, հասարակությունն աստիճանաբար հասկանում է, որ սովորելը ոչ թե «պրեստիժ» է, այլ ներքին պահանջ ու մղում:
Այսպես թե այնպես, բուհերում ընդունող հանձնաժողովներն արդեն ավարտել են հայտերի ընդունումը: Դրանց մեջ մեծ պահանջարկ է նկատվում տնտեսագիտության ու օտար լեզուների բաժինների նկատմամբ: Մինչդեռ, ինչպես նշեց Լ. Մկրտչյանը, «բնագիտական ուղղությունները` ֆիզիկան իր ճյուղավորումներով, հիմնարար մաթեմատիկան, կենսաբանությունը, կենսաֆիզիկան եւ կենսաքիմիան, մասնագիտություններ, որոնցով հպարտացել է մեր երկիրը, այժմ պահանջարկ չեն վայելում»: Կրթության նախարարը այս երեւույթը մեկնաբանում է այն փաստով, որ դիմորդը թեկուզ գիտության մեջ տեսնելով իր ապագան, այնուամենայնիվ, չի ընտրում այդ մասնագիտությունը, հաշվի առնելով պահանջարկի պակասը եւ սեփական սոցիալական բարեկեցությունը:
Ընդգծենք, որ այս տարի դիմորդների քանակն ընդամենը 500-ով է գերազանցել անցյալ տարվա դիմորդների քանակին:
Պակաս կարեւորություն չունի բուհերի տված կրթության որակը, առարկաների մատուցման մեթոդների թարմացումը: Այս մասին «Ազգի» հարցին պատասխանելով, նախարարը դա որակեց կրթության ոլորտի ամենացավոտ հարցադրումը: «Մենք իսկապես դժգոհ ենք հենց ուսուցման գործընթացից: Այս տարիների ընթացքում համալսարանները փորձել են հնարավորինս հարմարվել ժամանակի եւ Բոլոնիայի համաձայնագրի պայմաններին, որի արդյունքում կառավարման եւ ուսուցման մեթոդիկաները որոշակի հակասությունների մեջ են մտել: Այսինքն, ըստ Բոլոնիայի պահանջի, մենք բակալավրիատի եւ մագիստրատուրայի համակարգ ներդրեցինք, բայց հիմա ամենադժվար ու բարդ պահն է, երբ պետք է ձեւը լցնել բովանդակությամբ: Սա նշանակում է բուհերի կրեդիտային համակարգի անցում, որ արդեն ներդրված է ճարտարագիտական եւ Բրյուսովի անվան օտար լեզուների համալսարաններում: Կրեդիտային համակարգի ներդրման համար ունենք երկու տարի ժամանակ: Բոլոր համալսարաններն են անցնելու այդ համակարգին, հակառակ դեպքում բուհը որակ չի ունենա», ասաց նախարարը:
ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ