Կես միլիոն մարդ կարող է դառնալ գաղթական
Հարավային Լիբանանում իսրայելական բանակի գործողությունների ծավալներն ընդլայնվում են: Երեկ Իսրայելի զինվորական հրամանատարությունը հայտարարեց, որ Լիբանանում սկսվել են «սահմանափակ» ցամաքային գործողություններ: «Ալ Ջազիրա» հեռուստաընկերության տվյալներով, հատուկ ջոկատների մարտիկները ներխուժել են մասնավորապես Նակուրա նավահանգստի շրջան, բախումներ սկսելով «Հզբոլլահի» գրոհայինների հետ: Այդ շրջանում է գտնվում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի լիբանանյան շտաբը:
Իսրայելցիները պնդում են, թե իրենց նպատակն է հայտնաբերել եւ ոչնչացնել «Հզբոլլահի» հրթիռային համալիրները, զենքի թաքստոցներն ու պահեստները, գրոհայինների կուտակումները: Մինչդեռ իսրայելական օդուժը շարունակում է Լիբանանի բնակավայրերի ռմբակոծումը: Ֆրանսպրեսը հաղորդում է, որ երեկ ռմբակոծվել են երկրի հարավային եւ արեւելյան շրջանները, Բեյրութի հարավային արվարձանը: Ոստիկանության տվյալներով, զոհվել են 45 խաղաղ բնակիչներ: Իսկ իսրայելցիների հարձակման սկզբից ի վեր զոհվել են մոտ 300 լիբանանցիներ, մեծ մասամբՙ խաղաղ բնակիչներ:
Հաղորդվում է, որ օդուժի թիրախներ են դարձել նաեւ Սուր(Տյուրոս) եւ Բաալբեկ քաղաքները: Իսրայելը պնդում է, թե «Հզբոլլահի» հրթիռների կեսն արդեն ոչնչացված է: Վերջին մեկ օրում իսրայելական տարածքի վրա մոտ 100 հրթիռ է արձակվել:
Միջազգային մարդասիրական կազմակերպությունները կարծում են, որ ռմբակոծությունների հետեւանքով մոտ կես միլիոն լիբանանցիներ կարող են դառնալ գաղթականներ եւ տեղահանվածներ: Կարմիր խաչի եւ կարմիր մահիկի միջազգային ֆեդերացիայի ներկայացուցիչ Ահմեդ Գիզոն հակամարտող կողմերին կոչ է արել դադարեցնել կրակը, որպեսզի հնարավոր լինի առաջին անհրաժեշտության առարկաներ հասցնել տուժածներին:
Մարդասիրական կազմակերպությունների աշխատանքը հատկապես դժվար է Լիբանանի հարավային շրջաններում: Իսրայելցիները երբեմն գնդակոծում են նաեւ Կարմիր խաչի բեռները: Այսպես, Սիրիայի տեղեկատվության նախարարության հայտարարության համաձայն, իսրայելական ռազմօդանավերը գնդակոծել են ԱՄՆ-ի Կարմիր մահիկի ուղարկած օգնության բեռների ավտոշարասյունը, որտեղ եղել են նաեւ «շտապ օգնության» մեքենաներ: Իսրայելցիները պնդում են, թե դա իբր եղել է զինամթերքի ավտոշարասյուն:
Լոնդոնի «Գարդիան» թերթի կարծիքով, ԱՄՆ-ը Իսրայելին մեկ շաբաթ ժամանակ կտա «Հզբոլլահին» առավելագույն վնաս պատճառելու համար: Թերթի դիվանագիտական աղբյուրները հավաստիացնում են, թե ավելի երկարատեւ թողտվություն դժվար թե լինի, քանի որ տեւական հակամարտությունը կարող է դուրս գալ ԱՄՆ-ի վերահսկողությունից:
Պ. Ք.