Հյուսիսային Կիպրոսի օկուպացման 32-ամյակին նվիրված արարողության ժամանակ Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իր երկիրը մտադիր չէ զիջումներ անել Կիպրոսի հարցում: Նա դեմ է արտահայտվել այդ հարցը ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության շաղկապելուն:
«Կիպրոսի խնդրի համապարփակ լուծման համար մենք առաջարկում ենք չեղյալ հայտարարել բոլոր սահմանափակումները: Անհրաժեշտ է վերացնել Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության անարդարացի բեռնարգելքը: Թուրքիան միշտ կլինի նրա կողքին», երեկ հայտարարել է Էրդողանը:
Նրա կարծիքով, Կիպրոսի հարցը հարկավոր է լուծել «ոչ թե Եվրոմիությունում, այլ ՄԱԿ-ում»: ՌԻԱ գործակալությունը հիշեցնում է, որ Թուրքիան անցյալում քանիցս հրաժարվել է իր նավահանգիստները բացել Կիպրոսի Հանրապետության նավերի առջեւ, եւ այդ պատճառով պատասխանատվություն կրել Եվրոմիության հետ ծավալված բանակցությունների հնարավոր ձախողման համար:
ԵՄ-ը նախազգուշացնում է, որ Թուրքիայի անդամակցության բանակցությունները կարող են ձախողվել, եթե Անկարան Կիպրոսի վրա չտարածի անցյալ տարվա հուլիսին իր ստորագրած մաքսային միության լրացուցիչ արձանագրությունը: Վերջինս պահանջում է մինչեւ 2006 թ. վերջը Կիպրոսի Հանրապետության առջեւ բացել թուրքական նավահանգիստներն ու օդանավակայանները:
Պ. Ք.