Տեղական հանգիստը ոչ մատչելի է, ոչ հաճելի
ԹԱՄԱՐ ՄԻՆԱՍՅԱՆ
Խորհրդային տարիների ամառային սոչիներն ու ադլերներն այսօր փոխարինվում են անթալիաներով ու քոբուլեթիներով: «Անցյալ տարի այս ժամանակ երթուղային մեքենաները, տաքսիները լիքն էին, հանգստացողներ շատ էին գալիս, բազմաթիվ մարդիկ էլ էլեկտրագնացքով էին հասնում, այս տարի հանգստացողները շատ քիչ են», անհանգստացած է Սեւանի փոխքաղաքապետ Ռոբերտ Մալխասյանը:
Հայաստանը զբոսաշրջության կենտրոն դարձնելու մեծ ցանկությունները, ծրագրերը գուցե իրական հիմքեր ունեն, սակայն այսօր փաստ է. մեր հայրենակիցները տեղական հանգիստը ստորադասում են Անթալիային, Քոբուլեթիին:
Պատճառը շատ պարզ է. հարեւանները գնային եւ մարկետինգային ճիշտ քաղաքականություն են վարում, ինչի հետեւանքով հայաստանցին ավելի քիչ գումար է ծախսում Թուրքիայում կամ Վրաստանում, քան Հայաստանում հանգստանալու համար:
Երիտասարդ Օվսաննան ամուսնու հետ 1 շաբաթ հանգստացել է Անթալիայում: «Թուրքերը մեզ դիտում են իբրեւ գումար, աշխատանք եւ ամեն ինչ անում մեր հանգստի համար, ասում է Օվսաննան: Մեկ շաբաթվա համար յուրաքանչյուրս 1000 դոլար ենք ծախսել (ներառյալ ճանապարհածախսը), սակայն լիարժեք հանգստացել ենք: 5-աստղանի հյուրանոց էր, սպասարկումըՙ բարձրակարգ, երիտասարդների խումբ կար, որ ողջ ընթացքումՙ նույնիսկ ջրի մեջ, բազմաթիվ խաղեր, միջոցառումներ էր կազմակերպում, չէին թողնում ձանձրանանք: Մի խոսքովՙ գնին համարժեք հանգիստ էր»:
Այնինչ Սեւանի «տերերը» իրենց երեւակայությունը բանեցնում են սոսկ ամեն քայլափոխի հանգստի գնացողից գումարներ գանձելու միջոցներ փնտրելու վրա, դիմացը գրեթե ոչինչ չտալով: Առօրյայից հոգնած քաղաքացին բարկանում է ինքն իր վրա եւ հերթական անգամ որոշում հանգստի այլ տարբերակ փնտրել: Ճանապարհը տանում է օդանավակայան:
«Անթալիա, Ալանիա, Սիդե, Քոբուլեթի շատ են գնում, «Ազգի» հետ զրույցում ասաց տուրիզմի մասնագետ Սոնա Հովսեփյանը: Օրական 100 դոլարով 5-աստղանի հյուրանոցում հոյակապ հանգիստ են վայելում մեր հայրենակիցները: Այդ գնի մեջ մտում են թուրքական ու ֆիննական բաղնիքների ծառայությունները, տարբեր լողավազաններ, մերսումներ, «շվեյցարական» կոչվող սնունդՙ օրվա բոլոր ժամերին, որոշ դեպքերում նաեւ սենյակներում ջակուզիներ: Երեկոյան բազմաթիվ շոու-ծրագրեր, դիսկոտեկներ են կազմակերպվում հանգստացողների համար: Սեւանում նույն արժողության հյուրանոցներն անհամեմատելի են այս հնարավորությունների հետ»: Օրինակ, Սեւանա լճի ափին շուրջ տասն օր առաջ հայ եւ չեխ գործարարների բացած հանգստյան նոր տանը, որը թերեւս այսօր Սեւանա լճի ափին ամենից բարձրակարգն է, օրական վճարները սկսվում են 70 դոլարից (29.000 դրամ): Հանգստացողը «Բոհեմյան ռեզոտում» կարող է օգտվել լողավազանից, «շվեյցարական» սննդից, երեխաների խաղասենյակից: Ընդամենը այսքանը...
Սեւանի փոխքաղաքապետ Ռոբերտ Մալխասյանի տեղեկացմամբՙ ամենամատչելի տարբերակը 4-հոգանոց տնակներն են, որտեղ միայն գիշերակացը 20.000 դրամ է, մեկ անձի համարՙ 5000 դրամ: Քոբուլեթիից օրերս վերադարձած երիտասարդ Արփինե Խաչատրյանը «Ազգին» տեղեկացրեց, որ 10-օրյա հանգիստըՙ գիշերակացով, սննդով, զվարճանքի համալիրներով եւ ճանապարհածախսով, շուրջ 200 դոլար է արժեցել: Այսինքնՙ օրական մոտավորապես 8000 դրամ: Պարզ է, որ վերեւում նշված 5000 դրամի ծառայությունն անհամեմատելի է Քոբուլեթիում առաջարկված ծառայությունների եւ աղի ծովի հետ:
Սեւանի փոխքաղաքապետն իրավիճակը բացատրում է հարկային դաշտի առաջացրած խնդիրներով: «Ազգային ժողովում պետք է քննարկվի այս հարցը, հարկավոր է Սեւանին, Դիլիջանին, Ծաղկաձորին կուրորտային քաղաքների կարգավիճակ տալ, որպեսզի մեր կապիտալը մեր հանրապետությունում շրջանառվի, ոչ թե դուրս գա»:
Անմատչելիությանը գումարվում են բազմաթիվ խնդիրներ, որոնց լուծումը մեծ ներդրումների հետ է կապված: Օրինակ, Սեւանա լճի մակարդակի բարձրացման հետեւանքով որոշ հատվածներ վտանգավոր են դարձել, լճի ափերում շուրջ 1000 փրկարար է անհրաժեշտ, նորմալ տեխնիկաՙ անվտանգությունն ապահովելու համար, այնինչ, փոխքաղաքապետի խոսքերով, «100 տոկոսանոց սանդղակով մարդկային եւ տեխնիկական անհրաժեշտ միջոցները միանիշ թիվ են կազմում»: Եվ հանգստացողները գնում են արտասահման, սեւանցիներն էլ, որ ամռան 2-3 ամիսներին այս կամ այն հանգստյան տանն աշխատանք էին ունենում, մնում են գործազուրկ:
Ի՞նչ վտանգ է սպառնում հայաստանյան հանգստի գնային քաղաքականությունը մեր տուրիզմի զարգացմանը, ո՞վ է տուժումՙ հանգստացո՞ղը, թե՞ տեղացի գործարարը, ովքե՞ր են պատրաստվում շտկել իրավիճակը: «Ազգն» այս հարցերի պատասխանը կփորձի գտնել առաջիկա օրերին: