«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#135, 2006-07-20 | #136, 2006-07-21 | #137, 2006-07-22


«ԿԱՍԿԱԴ ԲԱՆԿԸ» ՊԱՏՐԱՍՏ Է ԳՈՒՄԱՐԱՅԻՆ ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼ ԼԻԲԱՆԱՆԻՑ ՀԱՅԱՍՏԱՆ ԺԱՄԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Ինչպես տեղեկացանք «Կասկադ բանկից» ստացված հաղորդագրությունից, բանկն իր ծառայություններն է առաջարկում Լիբանանից Հայաստան ժամանած անձանց: Մասնավորապես, նկատի ունենալով, որ Լիբանանից Հայաստան կանխիկ գումար բերելը բարդացել է, «Կասկադ բանկն» առաջարկել է էլեկտրոնային եղանակով Լիբանանից Հայաստան գումարների փոխանցման երկու տարբերակ: Ըստ առաջին տարբերակի, մինչ Հայաստան ժամանելը «Կասկադ բանկում» հաշիվ կարող է բացել ժամանողի ծանոթը կամ հարազատը, եւ գումարը մինչ Հայաստան գալը հաճախորդը կարող է փոխանցել այդ հաշվին: Երկրորդ տարբերակով գումարը փոխանցվում է բանկ, եւ Հայաստան ժամանելով ու անձը հաստատող փաստաթուղթ ներկայացնելով, գումարի տերը կարող է ստանալ: Ընդ որում, գումարներ փոխանցողները դրանք կարող են ստանալ նույն օրը: Բացի այդ, բանկն առաջարկում է փոքր վարկերի ձեւակերպում այն լիբանանցիների համար, որոնց ծանոթները կարող են վարկի դիմաց փոխառուի օգտին տրամադրել գրավ կամ երաշխիք:

Անշուշտ, «Կասկադ բանկի» նախաձեռնությունը գովելի է, բայց պետք է նկատի ունենալ, որ Լիբանանում բանկերի մեծ մասը չի աշխատում, մինչդեռ լիբանանցիների, այդ թվում լիբանանահայերի խնայողությունների մեծ մասը ոչ թե կանխիկ է, այլ պահվում է բանկերում:

Ա. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4