Հայ վարպետները կսկսեն արտադրել հայտնի ապրանքանիշի ադամանդները
Երեւանի կենտրոնում, «Արմենիա» հյուրանոցի անմիջական հարեւանությամբ, երեկ հանդիսավորությամբ բացվեց «Սմոլենսկի բրիլիանտ» ադամանդի սրահը: Այդ կապակցությամբ մամուլի ասուլիս էին հրավիրել ադամանդի եւ ոսկերչական զարդերի արտադրության DCA եւ JCA ընկերությունների ղեկավար Գագիկ Աբրահամյանը, Ռուսաստանի ադամանդ արտադրողների ասոցիացիայի նախագահ Մաքսիմ Շկադովը, «Կրիստալ» ոսկերչական կենտրոնի գլխավոր տնօրեն Սերգեյ Բիդնին:
Ըստ Մաքսիմ Շկադովի, «Սմոլենսկի բրիլիանտ» ապրանքանիշը, շնորհիվ յուրահատուկՙ «ռուսական» նիստավորման, իդեալական համամասնության եւ աննախադեպ փայլի, հայտնի է ամբողջ աշխարհում: Ռուսաստանում արտադրվող ադամանդյա զարդերի մոտ 50 տոկոսը հենց «Սմոլենսկի բրիլիանտ» ապրանքանիշին է պատկանում: Այս ադամանդների տարեկան շրջանառության ծավալը կազմում է շուրջ 500 մլն դոլար: Մաքսիմ Շկադովը հայտնեց, որ անցյալ տարի «Սմոլենսկի բրիլիանտ» խանութ բացվեց Բելառուսում, իսկ այս տարի արդենՙ Հայաստանում:
Գագիկ Աբրահամյանն ավելացրեց, որ «Սմոլենսի բրիլիանտ» խանութների ցանցը սպասարկելու համար իր ղեկավարած ձեռնարկությունում կբացվի 200 աշխատատեղ, իսկ այս ապրանքանիշը կրող նորաբաց խանութում կվաճառվեն 300-ից մինչեւ 30 հազար դոլար արժողությամբ ադամանդյա զարդեր: Գագիկ Աբրահամյանը համոզմունք հայտնեց, որ դրանք կգտնեն իրենց գնորդներին, ասելով, որ ներկայումս Հայաստանում ամսական 1 մլն դոլար արժողությամբ թանկարժեք զարդեր են սպառվում:
DCA եւ JCA ընկերությունների ղեկավարը նաեւ տեղեկացրեց, որ ներկայումս թանկարժեք քարերի արտադրությունը Հայաստանում անկում է ապրում, ինչը պայմանավորված է միջազգային ճգնաժամով: Սակայն նա հույս հայտնեց, որ դա ժամանակավոր երեւույթ է, եւ այստեղ «կարծես թե լույս է սկսում երեւալ»: Ադամանդների արտադրության ոլորտում ստեղծված բացը լրացնելու նպատակով արտադրվում են ոսկերչական իրեր:
Ադամանդատան բացման արարողության ժամանակ արդեն Գագիկ Աբրահամյանն ու Մաքսիմ Շկադովը վերստին անդրադարձան հայտնի ապրանքանիշի համաշխարհային հռչակին, իսկ առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Կարեն Ճշմարիտյանը կարեւորելով այս նախագիծը, ընդգծեց, որ սա կունենա իր շարունակությունը եւ հայ վարպետների ձեռքով կարտադրվեն «Սմոլենսկի բրիլիանտի» նոր տեսակները:
Կարեն Ճշմարիտյանն ու Մաքսիմ Շկադովն էլ կտրեցին ադամանդատան կարմիր ժապավենը, հնարավորություն ընձեռելով հանդիսությանը ներկա հյուրերինՙ կառավարության անդամներին, օտարերկրյա դիվանագետներին, հայտնի գործարարներին, ծանոթանալու թանկարժեք զարդերի ներկայացված տեսականուն:
Ա. Մ.