Շատ մտահոգիչ պիտի լիներ, եթե մեր ժամանակների սիրված ու տաղանդավոր կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը չմասնակցեր հանրապետական օրհներգի քննարկումներին եւ չներկայացներ սեփական մի գործ: Հիշեցնենք, որ օրհներգի տարբերակները մրցակցության կդրվեն օգոստոսին:
Երեկ Տ. Մանսուրյանը «Հայելի» ակումբում լրագրողներին է ներկայացրել օրհներգի սեփական տարբերակը, որ գրված է, ինչպես «Ազգ»-ը ներկայացրել էր նախորդ համարում, Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծության համար: «Ես կարծում եմ, որ բանաստեղծությունը կայացած է իբրեւ օրհներգ եւ կա համաժողովրդական գիտակցության մեջ: Դրան պետք է համապատասխան մեղեդիական ձեւեր տալ», ասաց Տ. Մանսուրյանը: Նա նաեւ խոսեց երաժշտություն կոչվող այն խայտառակության մասին, որ ծակում է երաժշտական բարձր ճաշակ ունեցողների ականջները սրճարաններում, մեքենաներում, հարսանիքներում, եւ անգամ հեռարձակվող եթերներում ու բեմերում: «Ուրեմն պահանջարկ կա, որ այդքան շատ աղբ է արտադրվում», եզրակացրել է մեծանուն կոմպոզիտորը: Նա պատմել է լրագրողներին, որ ինքը երկար տարիներ չկարողացավ գտնել մեկին, որը կլիներ Հայոց եղեռնի 90-ամյակին ձոնված «Ռեքվիեմի» պատվիրատուն, եւ այդպես էլ չի գտել: Սակայն հույս ունի, որ 2015 թվականից 2-3 տարի առաջ կստանա սպասված պատվերը:
Ս. Մ.