Ալիս Փանիկյանըՙ 10-նյակում
Այս տարի «Տիեզերքի գեղեցկուհի» 55-րդ մրցույթին մասնակցում էին 86 երկրների գեղեցկուհիներ: Մրցույթի եզրափակիչ փուլն անցկացվեց կիրակի օրը Լոս Անջելեսում, հաղթանակ բերելով Պուերտո Ռիկոյի 18-ամյա ներկայացուցչուհի Զուլեյկա Ռիվերա Մենդոզային, որի հասակը 175 սմ է:
Ռոյթեր գործակալությունը հաղորդում է, որ պարգեւատրման արարողությանը հաջորդած մամլո ասուլիսում նորաթուխ գեղեցկուհին, չդիմանալով հոգեբանական եւ ֆիզիկական լարվածությանը` ուշագնաց է եղել հենց լրագրողների աչքի առաջ: Քիչ անց մրցույթի կազմկոմիտեի ներկայացուցիչները հայտարարել են, որ Զուլեյկայի առողջությանը վտանգ չի սպառնում եւ որ նրա գիտակցության կորստի պատճառները եղել էին շոգը եւ շատ նեղ ու ծանր հագուստը:
Կարիբյան ծովի կղզիներից մեկը` Պուերտո Ռիկոն սերտորեն գործակցում է ԱՄՆ-ի հետ: Այդ երկիրը երբեմն անվանում են ԱՄՆ-ի 51-րդ նահանգ: BBC-ն հաղորդում է, որ Զուլեյկայից առաջ պուերտոռիկուհիները «Տիեզերքի գեղեցկուհի» տիտղոսին արժանացել էին 1970, 1985, 1993 եւ 2001 թթ.:
Զուլեյկան դերասանուհի է: Եզրափակիչ փուլի 20 մասնակիցներից ի վերջո մնացել էին 5-ը (Պարագվայ, Ճապոնիա, Շվեյցարիա, ԱՄՆ եւ Պուերտո Ռիկո): Զուլեյկային 250 հազար դոլարանոց մարգարտակուռ եւ ադամանդակուռ թագը հանձնեց 2005 թ. մրցույթի հաղթողը` կանադահպատակ նախկին ռուսաստանցի Նատալյա Գլեբովան:
«Տիեզերքի գեղեցկուհու» գլխավոր պարտականությունն է մեկ տարի շրջել աշխարհում, ներկայացնելով զանազան բարեգործական կազմակերպությունների եւ մրցույթի հովանավորների շահերը:
Եզրափակիչ մրցույթի 10-նյակում էր կանադահայ գեղեցկուհի Ալիս Փանիկյանը:
Պ. Ք.