Արցախյան հերոսամարտի փայլուն էջերից մեկը, թերեւս, Աղդամի ռազմական հենակետի ոչնչացումն էր 1993-ի հուլիսի 23-ին: Այդ նշանավոր ռազմագործողության համապարփակ նշանակության մասին գրվել է բազմիցս, սակայն հայ մարտիկի բազկի ուժի անկասելիությունը վկայող իրադարձության պատմարժեք վավերացումը կարելի է համարել այն փաստը, որ հենց հուլիսի 23-ն է համարվել Ասկերանի պաշտպանական շրջանի գնդի ծննդյան օրը:
Արցախյան գոյամարտում զորամասը 366 զոհ է տվել, որոնց անունները հայ ժողովրդի նորօրյա պատմության ոսկե հուշամատյանում են գրված: Գնդի երկու նվիրյալներՙ զորամասի նախկին հրամանատարներ Վիտալի Բալասանյանն ու Արշավիր Ղարամյանը արժանացել են «Ոսկե արծիվ» շքանշանի եւ հերոսի բարձրագույն կոչման: Եվս մի քանի տասնյակ քաջեր մարտերում ունեցած սխրանքների համար արժանացել են շքանշանների ու մեդալների:
Հատկանշական է, որ Ասկերանի գունդը, անառիկ պահելով Արցախի կենտրոնական դարպասը համարվող շրջանն ու Ասկերան շրջկենտրոնը, ամենածանր պահերին օգնության է հասել նաեւ մյուս պաշտպանական շրջանների իր զինակիցներինՙ մշտապես հաղթանակ ապահովելով այդ ուղղություններում: Այժմ էլ գունդը շարունակում է իր գլխավոր առաքելությունըՙ հուսալիորեն պաշտպանելով իրեն վերապահված սահմանային հատվածը հայ-ադրբեջանական հակամարտության շփման գծում: Հիմա արդեն իրենց հայրերի տեղը զբաղեցրել են նրանց որդիները, որոնք ազատամարտում թրծված սպաների հետ համատեղ հայրենիքի անվտանգության պատվարն են դարձել:
Հուլիսի 23-ին զորամասում տոն էր: Եկել էին նաեւ գնդի նախկին վետերաններից, ԼՂՀ հասարակական կառույցների ներկայացուցիչներ, լրագրողներ: Տեղի ունեցավ հանդիսավոր միջոցառումՙ նվիրված գնդի օրվան: Գնդի հրամանատար, գնդապետ Արթուր Հարությունյանը ներկայացրեց զորամասի ձեւավորման պատմությունըՙ ֆիդայական շարժումից մինչեւ այսօր: Փառապանծ այդ ուղին ոչ միայն զորամասի ամեն մի զինվորի, այլեւ ողջ հայ ժողովրդի հպարտությունն էՙ իր հերոսական կենսագրությամբ: Օրեցօր ավելի է բարձրանում գնդի մարտունակությունը, համալրվող սպայական կազմի մարտական եւ բարոյահոգեբանական բարձր պատրաստվածությունը ԼՂՀ պաշտպանության բանակի անսասանության մի բաղադրիչն է, եւ այն փաստը, որ այսօր նոր սերնդի հայրենյաց պաշտպանների կողքին կրկին խրոխտ կանգնած են նախկին ազատամարտիկները, վկայում է հայրենափրկության սուրբ գործում արժանի սերնդափոխության մասին: Կասկած չկա, որ վտանգի ժամին հայրերի ու որդիների ձեռքում համահավասար ահեղությամբ կշողշողա վրեժի սուրը, ասաց զորամասի հրամանատարը:
Գնդի հին ու նոր մարտիկներին շնորհավորեց ԼՂՀ պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Սեյրան Օհանյանը: Ռազմական գերատեսչության ղեկավարը հիշարժան օրվա կապակցությամբ գովասանագրեր ու արժեքավոր նվերներ հանձնեց իրենց ծառայությունը անբասիր կատարող զինծառայողներին ու գնդի վետերաններին:
Զորամասի կենտրոնում կառուցվածՙ նահատակների հուշարձանի պատվանդանին դրված թարմ ծաղիկները մի կարեւոր խորհուրդ ունեինՙ երբեք չի խամրի նրանց սխրանքի փառքը,: Եվ սա հրաշալի է գիտակցում զորական նոր սերունդը:
ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ