Երաժիշտների կարծիքով Հայաստանի լավագույն համերգասրահներն անգամ չունեն որակյալ դաշնամուրներ, գործիքային կատարմանՙ երաժշտի գլխավոր մտահոգությունը: Հուրախություն երաժիշտ-կատարողների եւ հանդիսականի, Երեւանի օպերային թատրոնի բեմը զարդարվեց Համբուրգյան նոր Սթենուեյով: 60-ականներից ի վեր թատրոնը երաժշտական գործիքի լրացում չի ունեցել: Գործող ռոյալներըՙ հին «Պետրով»-ները, երկարատեւ գործածությունից մաշվել եւ կորցրել են իրենց շատ որակներ: Դրանք տեխնիկական եւ երաժշտական առումով այլեւս ժամկետանց են, ուստի եւ տեղին են երաժիշտ-կատարողների դժգոհությունները: Օպերային թատրոնի տնօրեն Կամո Հովհաննիսյանիՙ թատրոնի բեմահարթակը նոր գործիքով, նաեւ ձայնային, լուսային տեխնիկայով (պրոյեկցիոն համակարգ բեմի ողջ մակերեսով) համալրելու ծրագիրը, ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի կողմից հաստատվելուց հետո, Հայաստանից Համբուրգ է մեկնում օպերային թատրոնի փոխտնօրեն Սուրեն Այվազյանը եւ դաշնակահար Արթուր Փափազյանը (վերջինս կատարում է գործիքի երաժշտական ընտրությունը, իսկ փոխտնօրենըՙ տեխնիկական խնդիրներն է հոգում): Տեղափոխումն իրականացնում է գերմանական կողմը: Ապահով եւ անվնաս տեղ հասած Համբուրգի Սթենուեյը, որ համարվում է կատարողական համերգային գործիքների լավագույն արտադրությունը, այժմ տեղադրված է Երեւանի օպերային թատրոնի բեմահարթակում եւ միակն է իր տեսակովՙ տարածաշրջանում:
Գործիքի ընդհանուր արժեքըՙ աթոռի եւ ծածկոցի հետ միասին կազմում է 90 000 եվրո:
Գործիքի շնորհանդեսը տեղի կունենա սեպտեմբերի կեսերինՙ (19-ին կամ 20-ին), առաջին կատարումով հանդես է գալու տաղանդավոր դաշնակահար Արթուր Փափազյանը, որն ի դեպ երեկ արդեն առաջինը փորձարկեց գործիքըՙ փոքրաթիվ ունկնդիրների համար կատարելով Կոմիտաս-Սարաջյանի «Օրորոցայինը» եւ Շոպենի պրելյուդներից:
Այս առիթով Արթուր Փափազյանի գործիքային փորձառությունների պատմությունից մի քանի դրվագՙ 1982-ին, երբ նա առաջին անգամ երաժշտական մի խմբի հետ համերգային շրջագայության է մեկնում Ամերիկա, համերգային պատրաստության համար տեղ չունենալով, մտնում է Սթենուեյի խանութ եւ 1,5 ժամ տարբեր գործիքների վրա պարապում, իսկ դուրս գալուց թողնում է քարտըՙ ասելով, թե հավանել է եւ մյուս տարի կգնի դրանցից մեկը: Հանգամանքներն այնպես են դասավորվում, որ 1983-ին տեղափոխվում է ԱՄՆ եւ 1984 թ.-ին գնում համերգային մի գործիք: Դրանից հետո, ձեռք է բերում XIX դարիՙ Համբուրգյան իր այժմյան Սթենուեյը: Նկատի ունենալով երեւանյան համերգասրահների գործիքների վիճակըՙ հույս է փայփայել, թե այդ բեմահարթակն էլ մի օր կունենա Համբուրգյան Սթենուեյ: Հետաքրքրականն այն է, որ երեւանյան մեծ համերգասրահներում իր ապագա համերգի մասին թեական էր տրամադրված, բայց ասում էր, որ թերեւս 2006 թ.-ին կնվագի: Եվ այդպես էլ լինելու է, Արթուր Փափազյանի երեւանյան առաջին մեծ համերգը կկայանա այս տարիՙ սեպտեմբերին:
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ