«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#136, 2006-07-21 | #137, 2006-07-22 | #138, 2006-07-25


ՄՈՄԸ ԽԱՎԱՐԻ ՄԵՋ

Արտաշատի մարզի Արեւշատ գյուղում Վարդավառի տոնն անցավ մի առանձին տոնական մթնոլորտում, որին հաղորդ եղան շատ արեւշատցիներ: Գրեթե գյուղի կեսը ներկա էր նորակառույց Սբ. Մարիամ Աստվածածին եկեղեցու օծման արարողությանը, որը կատարվում էր Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արք. Կճոյանի ձեռքով: Եկեղեցի այցելողներից ոմանք հանդիսավոր հագուստ էին կրում եւ տոնական տրամադրության մեջ էին: Ուրախ ու ոգեւորված էին հատկապես տատիկները, որոնք եկեղեցի գնալու համար այլեւս կողքի գյուղերը գնալու դժվարություն չպիտի կրեն: «Ի տարբերություն այլ գյուղերի, այստեղ հատկապես շատ են աղանդավորները, քանի որ այս գյուղում եկեղեցի չկար, ասում է Մխիթար քհն. Ալոյանը: Այս եկեղեցու կարեւորությունը նման է նրան, որ մեկը խավարի մեջ մի մոմ վառի: Սբ. Մարիամ եկեղեցին այլեւս մի պատվար է աղանդների դեմ», ասում է քահանա հայրը:

Եկեղեցու շինարարական աշխատանքների կազմակերպիչ Ազատ Խաչատրյանը պատմում է, որ Սբ. Մարիամ Աստվածածին եկեղեցին կառուցվել է նախկին համանուն եկեղեցու ավերակների վրա: Գյուղի հին բազիլիկ եկեղեցին կառուցվել է դեռեւս 1890-ական թվականներին եւ վերակառուցվել ու օծվել 1903-ին: 1937 թ.-ին եկեղեցին փակվել է, որից հետո տարիների ընթացքում աստիճանաբար խոնարհվել: Հետո եկել է Ռոստովում ապրող արեւշատցի մի գործարարՙ Սամվել Դավթյանը, տեսել անմխիթար վիճակը եւ որոշել վերականգնել եկեղեցին: Վերականգնման ընթացքը տեւեց ընդամենը վեց ամիս: Ահա եւ 2700 հոգանոց գյուղն ունի իր փոքրիկ ու գողտրիկ եկեղեցին: «Եկեղեցին ունի 11,80 մ երկարություն, լայնությունըՙ 9.80, իսկ բարձրությունըՙ 17 մետր: Փոքր է, բայց Աստծո տաճար է», ասում է շինարարը: Նորաօծ եկեղեցում մկրտության ծես ու խորհուրդ էլ կատարվեց, նաեւ ժողովրդին մատաղ բաժանվեց:

ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4