«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#137, 2006-07-22 | #138, 2006-07-25 | #139, 2006-07-26


ԿՈԴՈՐԻ ԿԻՐՃՈՒՄ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ Է ԶԱՐԳԱՆՈՒՄ

Վրաստանում արդեն իսկ առկա է հակամարտության երկու գոտիՙ Աբխազիայում եւ Հարավային Օսիայում: Չնայած դրան, Վրաստանը խիստ հախուռն է գտնվել երեկ երեկոյան չճանաչված Աբխազիայի սահմանինՙ Կոդորի կիրճում ծավալված խռովությանը, ինչը հանգեցրել է կիրճ վրացական զորքերի մուտքին եւ տեղի զինված ուժերի հետ կիրճի վերին հատվածում բախման:

Վրաստանի ԱԺ նախագահ Բուրջանաձեի գնահատմամբ, սակայն, տեղի ունեցողն ընդամենը «ոստիկանական գործողություն է» ուղղված Էմզար Կվիցիանիի եւ նրա ջոկատի դեմ: Կվիցիանին ղեկավարել է «Որսորդ» զինջոկատը, որը 2004-ին Վրաստանի նախագահի հրամանագրով պաշտոնապես լուծարվել է: Էմզար Կվիցիանին շարունակում է ընդդիմանալ վրացական կողմի զենքը վայր դնելու պահանջին եւ ինքն էլ պահանջում է լուծարված ջոկատի վերականգնում: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքսը»ՙ վկայակոչելով Վրաստանի ուժային կառույցներում սեփական աղբյուրը, որը նաեւ տեղեկացրել է, որ այդ պահանջը վրացական կողմի համար անընդունելի է: «Վեստիի» հաղորդման համաձայն, երեկ երեկոյան Վրաստանի ներքին գործերի եւ պաշտպանության նախարարները բանակցել են Կոդորի կիրճի ավագանու հետ: Մինչդեռ Կվիցիանին հենց ուժային կառույցների ղեկավարների հրաժարականն է պահանջում, փաստելով վրացական իշխանությունների ընդգծված դաժանությամբ սվաններին հետապնդելու եւ առանց դատ-դատաստանի սպանելու քաղաքականությունը: Կոդորի կիրճը բնակեցված է սվաններով: Իր պահանջների չկատարման դեպքում Էմզար Կվիցիանին սպառնում է Թբիլիսիի փողոցներ դուրս բերել ժողովրդին եւ զինված հակամարտություն իրականացնել կիրճումՙ հիմնվելով լուծարված ջոկատի 1500 զինյալների ուժերին:

Վրաստանի նախագահ Միխայիլ Սաակաշվիլու պատասխան հայտարարությունն անզգացմունք չի եղել: Վերջինս գտնում է, որ «խռովություն ստեղծած ավազակի հարցերը անհրաժեշտ էր վաղուց լուծել»: Հիմա էլ Սաակաշվիլին վստահություն է հայտնել . «Ես կստիպեմ Կվիցիանիի մորը լաց լինել, եւ բոլոր նրանց մայրերին, ովքեր ձեռք են բարձրացնում Վրաստանի պետականության եւ նրա ժողովրդի միասնականության ու ազատության վրա»: Համարժեք պատասխանը չի ուշացրել նաեւ Էմզար Կվիցիանին. «Ուզում եմ փոխանցել Սաակաշվիլունՙ մենք երբեւէ որեւէ մեկին չենք ների մեր մայրերի մասին նման հայտարարության համար»:

Երեկ երեկոյան Վրաստանի նախագահի եւ սվանների առաջնորդի այս աստիճան զգացմունքային հեռահար երկխոսությունից հետո Կոդորի կիրճ է ուղեւորվել վրացական զինվորական ավտոշարասյունը, որի կազմում էր 30 «ԿամԱԶ», 18 «Նիվա», 2 զրահամեքենա: Վկայակոչելով աբխազական կողմի եւ վրացական լրատվամիջոցների տվյալներըՙ «Գազետառուն» հաղորդում է, որ շարասյունում եղել է 800 զինծառայող: Չնայած պաշտոնական Թբիլիսիի լռությանը, երեկ երեկոյան վրացական լրատվամիջոցներն արդեն մասամբ հաստատում էին փոխհրաձգության փաստը կիրճի վերին հատվածում:

Կոդորի կիրճը վրաց-աբխազական սահմանին է, եւ աբխազական կողմն արդեն մտավախություն է հայտնել, որ կիրճում զարգացող իրադարձությունները կարող են արձագանքներ ունենալ նաեւ իրենց համար: Չճանաչված Աբխազիայի նախագահ Սերգեյ Բագապշը հայտարարել է, որ կիրճ վրացական զորքերի մուտքը հակասում է 1994-ին Մոսկվայում ձեռք բերված խաղաղության համաձայնությանը: Բացառված չէ, որ պաշտոնական Սուխումիի մտավախությունները չհիմնավորվեն, սակայն ՌԴ արտաքին գործերի նախարարությունն էլ կիսում է աբխազական կողմի մտահոգությունը, որ վերը նշված իրավիճակը կարող է նպաստել առկա լարվածության աճին:

Ն. Պ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4