«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#137, 2006-07-22 | #138, 2006-07-25 | #139, 2006-07-26


ՍՊԱՍԵ՞ՆՔ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ

Հայաստանի դատաիրավական ոլորտում օրենսդրական բարեփոխումների հայեցակարգ ձեւավորելու նպատակ կա, իրականացման համար էլՙ երկրի նախագահի հրամանագրով ստեղծված աշխատանքային խումբ, որն ավարտել է աշխատանքի առաջին փուլը: Այդ ընթացքում արվածի ներկայացումը երեկ մեկ ժամից ավելի պահանջեց ՀՀ արդարադատության նախարարից: «Գուցե ճիշտ եք ասում, որ լուրջ թերացումներ կան, եւ դատավորները շատ հաճախ չարաշահում են իրենց դիրքը: Հենց դրանում է դատաիրավական բարեփոխումների իմաստը: Եկել ենք ամրագրելու, որ իրավիճակը լավը չէ, եւ անհրաժեշտ են գործուն մեխանիզմներ շտկելու համար», փաստեց Դավիթ Հարությունյանը: Որպես գործուն մեխանիզմ մատնանշեց հստակ սահմանված կարգապահական պահանջները խախտող դատավորի լիազորությունները դադարեցնելու հնարավորությունը: Նախորդ տարի մոտ 20 կարգապահական վարույթ է հարուցվել, այս տարի դրանից քիչ չի լինի, ըստ նախարարի: Կարգապահական վարույթ հարուցելու իրավունքը արդարադատության խորհրդի եռյակինն էՙ երկու դատավոր, մեկ իրավաբան-գիտնական, եւ արդարադատության նախարարինը, հարցը քննելու իրավունքըՙ արդարադատության խորհրդինը: Կարգապահական վարույթի հարուցման համար էլ անհրաժեշտ է որեւէ ատյանում կոպտագույն, դիտավորություն կրող ակնհայտ խախտումների առկայություն: Ընդհանրապես, եթե բարեփոխումները գործեն, Հայաստանում դատավորի գործը կդադարի ձեռնտու լինելուց: Դատավորը մեզանում նախ որեւէ կուսակցության անդամ լինելու իրավունք չունի, նաեւ պարտավոր է մեծ ուշադրություն դրսեւորել չխախտելու իր քաղաքական չեզոքությունը, ապա իրավունք չունի մասնակցելու նախընտրական քարոզարշավի, իսկ ընտրություններին նրանից ակնկալվում է միայն ընտրողի իր իրավունքի իրականացում եւ տրվում օրենքով սահմանված կարգով միայն ընտրական հանձնաժողովում աշխատելու հնարավորություն:

Դատարանների հեռավորությունն էլ կրճատվելու է մասնագիտացված քրեական, քաղաքացիական գործերով դատարաններին հնարավորինս շատ տեղերում նստավայրեր ունենալու հնարավորության ընձեռմամբ եւ ոչ միշտ, բայց անհրաժեշտության դեպքումՙ գործի էությունից ելնելով, դատավորի եւ ոչ քաղաքացու տեղաշարժով: Անհրաժեշտության դեպքում տեղաշարժվելուց զատ դատավորը պարտավոր է լինելու նվերներ չվերցնել:

Իսկ դատական համակարգի ստորին օղակը կազմելու են ոչ բարդ քրեական եւ քաղաքացիական գործեր քննող մագիստրատների դատարանները: Ավելի բարդ քաղաքացիական ու քրեական գործերը քննելու են «մեկ դատարանՙ մի քանի մարզի համար» սկզբունքով աշխատող մի քանի քաղաքացիական եւ քրեական դատարաններ: Լինելու են վարչական եւ անվճարունակության գործերով մասնագիտացած դատարաններ նույնպես: Սրանք բոլորը առաջին ատյանի դատարաններ են ընդհանուր կամ մասնագիտացված իրավասությամբ: Երկրորդ ատյանիՙ վերաքննիչ դատարանն այն վայրն է, ուր պետք է ավարտվի գործի քննությունը, եւ որը վերանայում է ընդհանուր իրավասության եւ անվճարունակության դատարանների գործն ըստ էության լուծող դատական ակտերը, օրենքով սահմանված բացառիկ դեպքերում նաեւ միջանկյալ ակտերը: Վերաքննիչ բողոք ներկայացնելու հիմքերն էլ դատական սխալն ու նոր երեւան եկած հանգամանքներն են: Վճռաբեկի գործունեության նպատակը օրենքի ճիշտ մեկնաբանությունն ապահովելը եւ իրավունքի զարգացմանը նպաստելն է: Երրորդ ատյանի դատարանՙ վճռաբեկ բողոք բերելու հիմքն էլ դատական սխալն է: Մշակվող կարգի դեպքում տնտեսական դատարանի գոյությունը ավելորդ կդառնա ու կդադարի: Դատարանում դատավորի, կողմերի, անձանց համապարփակ ապահովությունը դատական կարգադրիչների ձեւավորվելիք ինստիտուտի գործն է լինելու: Վերանալու է քրեական գործը լրացուցիչ նախաքննության ուղարկելու ինստիտուտը: Քննչական ապարատը դուրս կբերվի դատախազության համակարգից եւ քննություն իրականացնելու գործառույթը կտրվի ոստիկանությանը:

Իրոք բարեփոխված, որակապես այլ դատաիրավական համակարգ ունենալու հեռանկարն, արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի կարծիքով, բացառելի չէ. «Պարզապես անհրաժեշտ է առնվազն երեք գործոնՙ օրենսդրորեն ամրագրված արդյունավետ մեխանիզմներ, համապատասխան ֆինանսական եւ սոցիալական երաշխիքներ եւ քաղաքական կամք: Առանց այս խնդրի լուծման չենք ունենա այն զարգացումը, որին արժանի ենք»:

Դեռեւս մնանք սպասող: Ներկայացվածը զարգացման այս փուլում գտնվող մեր երկրի համար թերեւս անիրական թվացող կարգ է, որն առայժմ ընդամենը մշակվող հայեցակարգի հիմք է եւ տեղադրված է www.justice.am նախարարության պաշտոնական կայքէջումՙ հասանելի ցանկացողներին:

Հ.Գ. Գնահատելի ջանադրությամբ եւ անգամ լրագրողի մարզված ընկալունակությունը բթացնելու աստիճան մանրամասնությամբ ՀՀ արդարադատության նախարարը երեկ ներկայացրեց հայեցակարգի հիմնադրույթները մեկ ակադեմիական դասաժամի տեւողությունից էլ երկար ընթացքում: Համարյա չեզոքացնելով հարցերի (չնայած եղան մի քանիսը) ցանկությունը: Այդ դեպքում կարելի էր ուղղակի օգտվել բարձրաձայնելիքը լրատվամիջոցներին էլփոստով տրամադրելու եղանակը:

ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4