«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#137, 2006-07-22 | #138, 2006-07-25 | #139, 2006-07-26


«ԻՄ ԱՐՎԵՍՏԸ ԼՈՒՌ ԱՂՈԹՔ Է»

Օրերս Կամերային երաժշտության տանը կազմակերպված ցուցահանդեսի հեղինակը ներկայացավ Հայ քրիստոնյա գեղանկարիչ, հավատացյալ Աստծոՙ Լեւոն Հովհաննիսյան: Մի փոքր անսովոր սկիզբը նկարները դիտելուց հետո հասկանալի դարձավ: Արվեստի ճշմարիտ արժեքը Լեւոն Հովհաննիսյանը դասական ակունքներում է որոնում, ինքը հայ դասական գեղանկարչության ավանդների շարունակողն է, առանց ինչ-ինչ նորաբանությունների դիմելուՙ ո՛չ գույնի, ո՛չ պատկերաձեւերի, ո՛չ մտածողության: Բնական վերարտադրությամբ կտավներում հայրենի բնաշխարհն է, Հայաստան երկիրը եւ Սեւանա լիճը, որպես իր սիրո հանգրվան-խտացում, եկեղեցիներ, բնապատկերներ օրվա տարբեր պահերին, գյուղական տնակՙ խնձորենիներով. բոլորըՙ խաղաղ, իդիլիկՙ գույների հանդարտ, անաղմուկ մթնոլորտում:

Մոդեռն արվեստի հանդեպ իր հետաքրքրասիրությամբ ու գնահատանքով հանդերձ (5 տարի լրջորեն զբաղվել է աբստրակցիայով), նկարիչն իր ստեղծագործական ոգուն թանկ ու հարազատ ընդունում է դասական արվեստի սկզբունքները, որտեղ ճշմարտություններն ավելի խորունկ ու արտահայտիչ պատկերաձեւեր են ընդունում: Ստեղծագործողի համար մտածողությունն ու աշխարհըմբռնումներն առաջնային համարելով, արվեստի ճշմարիտ արտահայտությունը ժամանակներով չպայմանավորելով (պետական գաղափարախոսություն կամ միջավայր), արվեստագետի ազատությունը նա հստակեցնում է ներքին կողմնորոշումներով: Արվեստն ազդեցիկ ու համաժամանակյա էՙ ապրված զգացողությունների ու պրոֆեսիոնալ որակների համադրմամբ:

Նախընտրած գեղանկարչական ժանրումՙ նատյուրմորտներում, ինքնանպատակ վերարտադրումը բացակայում է (ինչպես բացակայում է դիմանկարի ժանրը եւ կանայքՙ առհասարակ): Պատկերարտահայտության այս ձեւերի` իրերի մերձեցման մտացածին կոմպոզիցիաներում նկարիչն իմաստային վիճակներ է ստեղծում, որով ընտրված իրերը սիմվոլների նշանակություն են ստանում, ինչպես նատյուրմորտ նռով կտավը, որտեղ նուռըՙ իբրեւ կենաց պտուղ, կենտրոնական դիրքում է, որպես նյութեղեն, առարկայական աշխարհի, իսկ խաչը, սրբապատկերն ու մոմըՙ հոգեւոր կյանքի նշաններ:

Լեւոն Հովհաննիսյանի այս 2-րդ անհատական ցուցահանդեսում (առաջինըՙ 1999 թ.-ին էր) ներկայացված 41 աշխատանքներից 7-ը գրաֆիկական գործեր են (մատիտ, պաստել), մնացածըՙ յուղանկար: Գրաֆիկական գործերն իրենց թեմատիկայով ու ոճով առանձնանում են: Սա ինքնակենսագրական մի էջ է, որ հիշեցնում է «Նեղ օրերից մեկի» մթնոլորտը: Եվ շարքն էլՙ խորագրված «Իմ ապրած օրերը», տեղափոխում է ոչ վաղ անցյալիՙ սովետական կենցաղի պայմաններՙ իրերի ծանոթ ու գորշ, ստեղծագործական միտքը մաշող վիճակներով: Սրանց նատուրալիստական վերարտադրությունը նկարչի համար ոչ միայն անցյալի այդ նեղ օրերը չմոռանալու, այլեւ տարիների ստեղծագործական դժվարությունները, հոգեզգացողությունները ինչ-որ տեղ շարունակելու միջոց է: Քանի որ նկարիչն այն համոզմունքն ունի, թե կատարյալ արվեստը ստեղծվում է ժուժկալ, ասկետական կենսակերպով: «Նեղ դռնով» անցնելու քրիստոնեական հավատամքն ինքը փորձ է անում ապրել ոչ իբրեւ գաղափար կամ խոսք, այլ իրական ինչ-որ տեղՙ ինքնազրկման ճանապարհով:

Լեւոն Հովհաննիսյանի արվեստի ներքին իմպուլսը հոգեւոր ներշնչումն է, թեմատիկանՙ ավետարանական սյուժեները: Ցուցահանդեսում ներկայացված «Հիսուսի մուտքը Երուսաղեմ» կտավը ստեղծվել է 5 տարումՙ 2000- 2005 թվականներին: Ավետարանական սյուժետիկ կոմպոզիցիաներում ստեղծված հոգեւոր մթնոլորտն է այն ճշմարիտ վիճակը, որում նկարիչն ինքնաբավարարման պահեր է ունենումՙ թե՛ իբրեւ արվեստագետ, թե՛ իբրեւ քրիստոնյա: «Հիսուս մանկան ծնունդը մսուրում», «Հիսուսի մուտքը Երուսաղեմ», «Խաչումն», «Թաղումն», «Հիսուսի երկրորդ գալուստը Երուսաղեմ», «Հարություն» այս բոլոր գործերըՙ հոգեւոր վերապրումների եւ ինքնազրկումի տարիների (1982-2006 թթ.) արդյունք են: Հիսուս Քրիստոսի երկրային կյանքիՙ Ծննդից մինչեւ Հարություն ընթացքի արվեստային այս վերարտադրությամբ, հայ միջնադարի մանրանկարչության գունամտածողության մթնոլորտի մեջ եւ պատկերագրության որոշ սկզբունքներին հետեւելով, նկարիչը հաստատում է իր հավատամքը, որ էՙ «Իմ արվեստը լուռ աղոթք է, որ դիտողին կյանք եւ խաղաղություն է տալիս, սփոփում ու առաջնորդում դեպի հոգեւոր երկրային հավիտենականություն, ի Քրիստոս Հիսուսՙ սրբագործելով մարդու հոգին»:

Նկար 1. «Հիսուսի մուտքը Երուսաղեմ»

Նկար 2. «Հիսուս մանկան ծնունդը մսուրում»

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4