Խոսք «պարոն 2 տոկոսներին»
Մանուկ Ադամյանը ծագումով լիբանանահայ է, ապրում է Ֆրանսիայում: Նա մեր դասականներից Սիամանթոյի քրոջ թոռն է: Վերջին տարիներին նա հաճախ է լինում Հայաստանում: Լավ է զգում իրեն հայրենիքում, սակայն մտահոգություններ էլ կան: Մասնավորապես, օրերս այցելելով «Ազգի» խմբագրատուն մեր հյուրը շեշտեց իր մտահոգությունն այն առթիվ, որ հետեւելով մամուլին ու հայաստանյան մի շարք մտավորականների հայտարարություններին, կարելի է ենթադրել, թե «սփյուռքի միայն երկու տոկոսն է տիրապետում հայերենին, գիտի հայ գրականություն ու պատմություն»: Նա պատմում է անձամբ իր հետ կատարված մի իրողություն, որ խորապես ցնցել ու մտահոգել է իրեն: Ժամանակին Հրանտ Թամրազյանն առաջարկում է իր որդու` Հրաչյա Թամրազյանի տպագրատանը հրատարակել Սիամանթոյի երկերի ժողովածուն: Մ. Ադամյանը համաձայնում է հոգալ տպագրական ծախսերը, դնելով միայն մեկ պայմանՙ գիրքը պետք է հրատարակվի դասական ուղղագրությամբ: Համաձայնությունը կայանում է: Սակայն երբ արդեն ճաշում էին, ուղղագրության հարցը նորից շոշափվում է: Հրատարակիչը 1 800 դոլարի մեկենասության համաձայնությունն արդեն գրպանում ենթադրելով, բարձր տոնով սաստում է մեկենասին, թե նախ սփյուռքում գրագիտության հարցը լուծեք, նոր` հայաստանցիներին թելադրեք` ինչպե՞ս գրել ու կարդալ: «Այսինքն, իրավունք ունեի վճարելու, սակայն մի կես ժամ անց գրքի ուղղագրության հարցը շոշափելու իրավունքից զրկված էի», եզրակացնում է Մ. Ադամյանը, ով հրաժարվել է ձեռք բերված համաձայնությունը վերահաստատելուց:
Մեր զրուցակցին հիշեցնում ենք, որ նման կարծիք կարող է ստեղծվել, եթե հետեւենք փաստերին, ըստ որոնց, փակվեց Մելգոնյան վարժարանը կրթության եւ ուսումի կարոտ ուսանողների պակասի պատճառով: Փաստ է նաեւ, որ սփյուռքի նոր սերունդը չի տիրապետում հայերենին գոնե այն մակարդակով, ինչ մակարդակով իր ծնողները կամ տատուպապերը: «Բնական է, որ սփյուռքը նման «հիվանդություն» ունենա, քանզի ուրիշ երկրներում է ապրում, սակայն դա չի նշանակում, թե սփյուռքը մեռել է: Մանավանդ, որ ամեն տեղ նույն վիճակը չի կարող արձանագրվել, այսինքն տարբեր երկրներում հայերը տարբեր համայնքներ են կազմում եւ մյուս համայնքների ու մայր հայրենիքի հետ կապվածության տարբեր մակարդակ ունեն: Մի՞թե կարելի է, օրինակ, լիբանանյան գաղութի մասին նման կարծիք հայտնել, երբ այնտեղ հայերի 98 տոկոսը լավ էլ տիրապետում է հայերենին», զարմանում է զրուցակիցս:
«Իսկ ինչպե՞ս բուժել» հարցին Մ. Ադամյանն ասում է, որ 1000-ամյակից ավելի գոյություն ունեցող սփյուռքին բուժում չկա, քանի որ այն մշտապես թարմացվում է նորանոր գաղթականներով եւ տարբեր գաղթօջախներում տեղական իրավիճակին համապատասխան, յուրովի մոտեցումներ ու լուծումներ են պետք: Այլ հարց է` ինչպե՞ս ազատվել ազգը պառակտող այս մտայնությունից, երբ սփյուռքը Հայաստանին եւ Հայաստանը սփյուռքին է մեղադրում հայերենի անգրագիտության մեջ:
«Պետք է սփյուռքը հայրենիքը սիրի եւ հարգի, իսկ հայրենիքը սփյուռքին սիրի եւ աջակցի, եւ արդյունքում երկու կողմից ափեղցփեղ խոսակցություններին վերջ դրվի», եզրակացնում է Մ. Ադամյանը եւ խնդրում իր կոչն ու հորդորը հրապարակված տեսնել մեր թերթում:
ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ