«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#138, 2006-07-25 | #139, 2006-07-26 | #140, 2006-07-27


ԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՎԻՃԱԿԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ 2002 Թ.-Ի ՀԱՄԵՄԱՏ ԶԳԱԼԻՈՐԵՆ ՎԱՏԹԱՐԱՑԵԼ Է

Ըստ Համաշխարհային բանկի հարցախույզի եւ վերլուծության

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

«Կոռուպցիայի դեմ պայքարը անցումային երկրներում: Ո՞վ է հասել հաջողությունների... եւ ինչո՞ւ»: Այս վերտառությամբ Համաշխարհային բանկի իրականացրած, 1999 թ.-ից երրորդ հաշվետվության մեջ նշվում է, որ ընդհանուր առմամբ Արեւելյան Եվրոպայի եւ ԱՊՀ երկրներում կոռուպցիայի կրճատման ուղղությամբ առաջընթաց է արձանագրվել, չնայած այն մնում է ավելի բարձր մակարդակի վրա, քան Արեւմտյան Եվրոպայի երկրներում է: Մինչդեռ ՀԲ հարցախույզի տվյալներով, հայաստանյան ընկերությունները 2002 թ.-ին 2005 թ.-ի համեմատ շարունակել են նույն հաճախականությամբ կաշառքներ վճարել: Այս ժամանակահատվածի համեմատ ահա թե ինչ այլ մանրամասներ է պարզվել գործարար միջավայրի եւ ձեռնարկատիրական գործունեության վերաբերյալ հարցախույզի արդյունքներից:

Հայաստանի, Տաջիկստանի եւ Ուզբեկստանի վերաբերյալ տվյալները, որոնք վերաբերում են կոռուպցիան որպես գործարարությանը խոչընդոտող խնդիր տեսնելուն, եւ որոնք 2002 թ.-ին եւ 2005 թ.-ին առանձնապես մեծ փոփոխություններ չեն կրել, ցույց են տալիս, որ այդ երկրներում ընկերությունները կոռուպցիան այնպիսի լուրջ խնդիր չեն համարում, ինչպես ԱՊՀ մյուս երկրներում են դա համարում: Մինչդեռ ինչպես փոքր խումբ ընկերությունների, այնպես էլ հարցախույզի ամբողջական տվյալներից, ՀԲ-ն այն եզրակացությանն է հանգել, որ կոռուպցիան գործարարությանը խոչընդոտող ավելի լուրջ խնդիր է դարձել Հայաստանում եւ Մակեդոնիայում: Իսկ ահա Բելառուսում, Խորվաթիայում, Վրաստանում եւ Սլովակիայում բարելավումներ են արձանագրվել:

Խորվաթիայում, Լիտվայում, Հայաստանում եւ Հունգարիայում ընկերությունների հասույթի մեջ կաշառքների տեսակարար բեռը չի փոխվել: Եթե նկատի առնենք, որ այդ երկրներում տնտեսական արագ աճ է տեղի ունեցել, ապա, ըստ ՀԲ եզրակացության, որպես կաշառք տրվող գումարները զգալիորեն ավելացել են:

Մեկ այլ, մեզ համար մտահոգիչ ցուցանիշ է այսպես կոչված օրենսդիր մակարդակով կաշառակերությունը: Այստեղ խոսքը կոռուպցիոն այնպիսի դրսեւորման մասին է, երբ օրենքներն ընդունվում են հօգուտ փոքրաթիվ արտոնյալների: Այս առումով եթե Բուլղարիայում, Լատվիայում, Սլովակիայում, Ուկրաինայում, Վրաստանում եւ Սլովենիայում էական բարելավում է նկատվել, ապա 2002 թ.-ի համեմատ 2005 թ.-ին իրավավիճակը զգալիորեն վատթարացել է Ալբանիայում, Հայաստանում, Ռուսաստանում եւ Ադրբեջանում:

Հարկային վարչարարության առումով կաշառակերությունն այստեղ առանց այն էլ բարձր մակարդակից ավելի է բարձրացել Ղրղզստանում, նախկինում միջին մակարդակիցՙ Սերբիայում եւ Չեռնոգորիայում ու նախկինում ցածր մակարդակիցՙ Հայաստանում: Այդուհանդերձ, Հայաստանին Վրաստանի եւ Մոլդովայի հետ ավելի շատ բնորոշ են կաշառակերության դեպքերը ընկերությունների գրանցման եւ հարկման գործընթացներում, իսկ հարկային վարչարարության գործընթացում կաշառքների հաճախակիության խնդիրն առավել սրված է Ադրբեջանում, Տաջիկստանում, Ուզբեկստանում եւ Ղրղզստանում:

Կաշառակերության դեպքերն, ըստ հարցման ենթարկված Վրաստանի, Սլովակիայի եւ Ռումինիայի ընկերությունների, այդ երկրների դատարաններում նվազել են: Մինչդեռ Ալբանիայում, Սերբիա եւ Չեռնոգորիայում, Հայաստանում հարցվածներն, ընդհակառակը, նշում են, որ կաշառակերության դեպքերը դատարաններում ավելացել են: Հայաստանին վերաբերող մասում որպես քաղաքացիներին իրենց իրավունքների վերաբերյալ կրթելու եւ դատաիրավական համակարգի թափանցիկությունը բարձրացնելու քայլ հիշատակվում է «Իմ իրավունքը» հաղորդաշարը:

Կոռուպցիայի դեմ պայքարի ռազմավարությունները, համաձայն ՀԲ վերլուծության արդյունքների, նույնպես տարբեր հաջողությամբ են իրականացվում: Չնայած Հայաստանում 2003 թ.-ին մշակվել է կոռուպցիայի դեմ պայքարի եւ գործողությունների ծրագիր, իսկ 2004 թ.-ին ստեղծվել հակակոռուպցիոն խորհուրդ վարչապետի նախագահությամբ, 2005 թ.-ին անցկացված հարցումները, ինչպես արդեն նշել ենք մեր հրապարակման վերնագրում, ցույց են տալիս, որ կոռուպցիայի մի շարք չափումներով 2002 թ.-ի համեմատ վիճակն այստեղ զգալիորեն վատթարացել է: Ի տարբերություն Հայաստանի, մեր հարեւան Վրաստանում կոռուպցիայի դեմ պայքարի ազգային ռազմավարության եւ գործողությունների ծրագիրը զուգակցվել է ակտիվ գործողություններով, որոնք հանգեցրել են կաշառակերության կրճատմանը եւ այս երեւույթի նկատմամբ հասարակության մոտեցման փոփոխությանը:

Այսպիսով, ամփոփելով Համաշխարհային բանկից ստացած վերոնշյալ ցուցանիշները, կարող ենք ասել միայն, որ մեկնաբանություններն այստեղ ավելորդ են: Մնում է սպասել, թե ինչպես կարձագանքեն սրան հայրենի իշխանություններըՙ նախագահը, վարչապետը, արդարադատության նախարարը, դատաիրավական, հարկային եւ մաքսային համակարգերի ղեկավարներն ու ներկայացուցիչներըՙ լռության երդմամբ, թե՞ զանազան արդարացումներով:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4