Իսկ ռուսաստանցի մեր հայրենակիցներին Հայաստանի արտգործնախարարությունը կոչ է անում չմեկնել Վերին Լարս
Լիբանանյան տագնապի եւ ռուս-վրացական Վերին Լարս սահմանակետի փակման հետեւանքով Հայաստանի քաղաքացիներին եւ ազգությամբ հայ օտարերկրացիներին օժանդակելու Հայաստանի կառավարության ձեռնարկած քայլերին անդրադարձավ փոխարտգործնախարար Գեղամ Ղարիբջանյանը: Նա նախ տեղեկացրեց, որ հուլիսի 18-ից, վարչապետի մոտ հրավիրված խորհրդակցությունից հետո Բեյրութում, Դամասկոսում եւ Հալեպում Հայաստանի դիվանագետները շուրջօրյա հերթապահություն են իրականացնում, որի նպատակն է օգնություն ցույց տալ Լիբանանից մեկնելու ցանկություն ունեցող մեր հայրենակիցներին: Սկսած այդ օրվանից 5 փուլով 642 մարդ է տեղափոխվել Հայաստան: Եթե սկզբնական շրջանում տեղափոխվողների 90 տոկոսը Հայաստանի քաղաքացի էր, ապա վերջին չվերթի ժամանակՙ միայն 20 տոկոսը: Եվս մեկ չվերթ իրականացվել է դեպի Թել Ավիվՙ տեղի հայության խնդրանքով:
Հիշատակելով Լիբանանում 70-ականներին տեղի ունեցած քաղաքացիական պատերազմը, Գեղամ Ղարիբջանյանը նշեց, որ այն ժամանակ Խորհրդային Հայաստանի կառավարությունը մեծ դժվարությամբ կարողացավ հասնել այն բանին, որ քաղբյուրոն որոշի մեր հայրենակիցներին օժանդակություն ցուցաբերել: Մինչդեռ այժմ այդ ամենը շատ ավելի օպերատիվ եւ արագ է տեղի ունենում:
Երեկվա նիստում Հայաստանի կառավարությունը որոշել է 20 մլն դրամի օգնություն ցույց տալ Լիբանանին: Ինչպես հայտնեց փոխարտգործնախարարը, Լիբանան կտարվեն դեղամիջոցներ եւ այլ անհրաժեշտ պարագաներ: Դրանք կտեղափոխվեն մինչեւ Հալեպ եւ կհանձնվեն ՄԱԿ-ի կառույցներին, որն էլ իր խողովակներով կտեղափոխի Լիբանան:
Հնարավո՞ր է, որ այս պատերազմի հետեւանքով լիբանանահայությունը լքի այդ երկիրըՙ հարցին պատասխանելով, փոխարտգործնախարարն այն կարծիքը հայտնեց, որ նրանք, ովքեր կարող էին լքել Լիբանանը, արդեն լքել են, եւ այժմ մենք ունենք կուռ համայնք, որը պետք է պահպանենք:
Ինչ վերաբերում է Վերին Լարսում կուտակված Հայաստանի քաղաքացիներին, ապա չնայած բազմաթիվ զգուշացումներին Ռուսաստանի այլ վայրերից մինչեւ ներկայումս փակ ռուս-վրացական սահման հասած այդ անձանց Վրաստանով Հայաստան տեղափոխելու թույլտվության հարցը քննարկվում է Վրաստանի կառավարությունում: Այդ մասին համապատասխան խնդրանքով Վրաստանի իր գործընկերոջն է դիմել Հայաստանի վարչապետը, եւ ըստ Գեղամ Ղարիբջանյանի, այդ հարցը պետք է լուծված լիներ երեկ: Միաժամանակ փոխարտգործնախարարը տեղեկացրեց, որ Հայաստանը Ռուսաստանի իր ներկայացուցչությունների միջոցով անընդհատ հայտարարում է, որ այդ սահմանը փակ է եւ կոչ է անում, որ մեր հայրենակիցները չուղեւորվեն Վերին Լարս:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ