Կրասնոտուրինսկում անցկացվող շախմատի կանանց մրցաշարում առայժմ Լիլիթ Մկրտչյանին ոչ մի կերպ չի հաջողվում հաղթանակ տոնել: Հիշեցնենք, որ նախորդ տուրում Լիլիթը Չմիլիտեի հետ մրցախաղում մոտ էր հաջողությանը, սակայն երկարատեւ պայքարից հետո չկարողացավ իրացնել առավելությունը: Գրեթե նույնանման իրավիճակ ստեղծվեց նաեւ Սվետլանա Մատվեեւայի հետ պարտիայում: Սեւերով խաղացող ռուսաստանցի շախմատիստուհին երկար ժամանակ համառորեն պաշտպանվում էր եւ ի վերջո նրան հաջողվեց հավերժական շախի շնորհիվ հասնել ոչ-ոքի արդյունքի:
Չորրորդ տուրն անվանեց մրցաշարի միանձնյա առաջատարին, որի դերը ստանձնեց ուկրաինացի գրոսմայստեր Եկատերինա Լագնոն: Նա պարտության մատնեց Նադեժդա Կոսինցեւային եւ վաստակեց 3,5 միավոր: Իսկ ահա նախորդ տուրում Լագնոյի հետ աղյուսակը գլխավորող Չժու Չենը Անտոանետա Ստեֆանովայի հետ պարտիայում բավարարվեց ոչ-ոքի արդյունքով եւ առաջատարից հետ մնաց կես միավորով: Ոչ-ոքի արդյունք գրանցվեց նաեւ Չիբուրդանիձե-Իֆան պարտիայում: Տուրի արդյունավետ մյուս պարտիան Չմիլիտեի եւ Տատյանա Կոսինցեւայի մրցախաղն էր: Չմիլիտեն մրցաշարում առաջին հաղթանակը տոնեց:
Չորս տուրից հետո Լիլիթ Մկրտչյանը վաստակել է ընդամենը 3,5 միավոր եւ Չմիլիտեի հետ բաժանում է 7-8-րդ տեղերը: Աղյուսակը կես միավորով եզրափակում է Տատյանա Կոսինցեւան:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ