Մինչդեռ վերջինս «սիոնիստների եւ խաչակիրների դեմ» ջիհադի կոչ է անում
Լիբանանի շիա արմատականների «Հզբոլլահ» խմբավորումը հայտարարել է, որ ինքը որեւէ ձեւով չի գործակցում «Ալ Ղաիդա» ահաբեկչական կազմակերպության հետ: «Հզբոլլահի» ղեկավարներից մեկը ՌԻԱ գործակալության թղթակցին ասել է, որ իր խմբավորումը երբեւէ կապ չի ունեցել «Ալ Ղաիդայի» հետ եւ չի էլ ունենալու, քանի որ բոլոր (նախ եւ առաջ` կրոնական եւ գաղափարախոսական) հատկանիշներով տարբերվում է այդ կազմակերպությունից:
Նրա խոսքերով, «Հզբոլլահը» պաշտպանում է «Լիբանանի եւ ամբողջ արաբական աշխարհի շահերը, մինչդեռ «Ալ Ղաիդան» իրականում աշխատում է ԱՄՆ վարչակազմի օգտին եւ իր գործողություններով իսլամին ու բոլոր մահմեդականներին բերում է միայն վնաս եւ ատելություն»:
«Հզբոլլահի» ղեկավարի հայտարարությունն արվել է «Ալ Ղաիդայի» երկրորդ դեմքը հանդիսացող Այման ալ Զաուահիրիի այն հեռուստաելույթի կապակցությամբ, որով նա մահմեդականներին կոչ էր արել մարտնչել սիոնիստների դեմ: Հուլիսի 27-ին քաթարյան «Ալ Ջազիրա» արբանյակային հեռուստաալիքի եթերում ալ Զաուահիրին խոստացել էր, որ «Ալ Ղաիդան» անտարբեր չի մնա Լիբանանի պատերազմի հարցում:
Տեսագրված ելույթում ալ Զաուահիրին ասել էր. «Սիոնիստները եւ խաչակիրները մեզ վրա հարձակվում են ամենուրեք: Ուստի մենք էլ նրանց վրա կհարձակվենք ամենուրեք»: Նրա խոսքերով, ներկայումս «ամբողջ աշխարհը բաց մարտադաշտ է»:
Բեն Լադենի տեղակալը կարծում է, որ Լիբանանի եւ Գազայի դեպքերը ցուցադրում են Աֆղանստանում եւ Իրաքում մղվող պատերազմի կարեւորությունը: «Սրբազան պատերազմը` ջիհադը, չի դադարի, մինչեւ որ մեր կրոնը գերիշխող դառնա Իսպանիայից մինչեւ Իրաք», ընդգծել է Այման ալ Զաուահիրին:
Ֆրանսպրեսը նշում է, որ նրա հայտարարությունն «Ալ Ղաիդայի» առաջին մեկնաբանությունն է Լիբանանի դեմ իսրայելական բանակի սանձազերծած պատերազմի սկզբից ի վեր: «Ալ Ղաիդայում» գերակշռում են սուննի մահմեդականները:
«Հզբոլլահի» վերոհիշյալ ղեկավարի կարծիքով, «Ալ Ջազիրայով» ցուցադրված ալ Զաուահիրիի ելույթի տեսագրությունը «թխված է ամերիկյան եւ իսրայելական հետախուզությունների կողմից»:
Պ. Ք.