«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#140, 2006-07-27 | #141, 2006-07-28 | #142, 2006-07-29


ՀԱՄԱԼՍԱՐԱՆՆԵՐՆ ԱՎԵԼԻ ՇԱՏ ՀԱՐԿԵՐ ԵՆ ՎՃԱՐՈՒՄ, ՔԱՆ ՆԵՐՄՈՒԾՈՂՆԵՐԸ, ԱՐՏԱԴՐՈՂՆԵՐԸ, ՀՅՈՒՐԱՆՈՑՆԵՐՆ ՈՒ ՏՈՆԱՎԱՃԱՌՆԵՐԸ

Տարօրինակ օրինաչափություն հարկային ցանկերում

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հարկային պետական ծառայությունը օրերս հրապարակեց այս տարվա առաջին կիսամյակի 300 խոշոր հարկատուների, 100 եւ ավելի աշխատատեղ հայտարարագրածների եւ 300 խոշոր սոցվճարներ վճարածների ցանկերը: Ովքե՞ր են երկրի ամենախոշոր հարկատուները եւ ինչո՞ւ նրանց մեջ կան թվացյալ ավելի խոշոր հարկատուներ, բայց իրականում շատ ավելի պակաս հարկ վճարողներ: Փորձենք ներկայացնել, իսկ սոցվճարներ վճարողների ցանկերին կանդրադառնանք առաջիկա համարներից մեկում:

Այսպիսով, կարող ենք փաստել, որ ձեւավորվել է առավել խոշոր հարկատուների կայուն տասնյակ, որի ներսում միայն որոշակի փոփոխություններ են լինում: Այդ տասնյակում մշտապես առաջին տեղն է զբաղեցնում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, որի վարկանիշի անբաժանելի մասն է դարձել երկրի թիվ 1 հարկատու լինելը: Վեց ամսում այս ընկերությունը վճարել է 13,4 մլրդ դրամ հարկ, որից ավելի քան կեսըՙ 7,4 մլրդ դրամը շահութահարկն է: Ընդ որում, արժե նշել, որ առաջին եռամսյակում այս ձեռնարկությունը վճարել էր 5 մլրդ դրամ եւ հաջորդ երեք ամսում նրա վճարած հարկային մուտքերն ավելացել են 8,4 մլրդ դրամով:

Հարկատուների ցանկում 2-րդն «Արմենտելն» էՙ 8,3 մլրդ դրամով, 3-րդըՙ «Հայռուսգազարդը»ՙ 5,6 մլրդ դրամով: 4-րդ տեղում վառելիքի խոշորագույն ներկրող «Ֆլեշ» ընկերությունն է, որի վճարած հարկային մուտքերն առաջին կիսամյակում կազմել են 4 մլրդ դրամ: «Հայաստանի էլեկտրական ցանցերն» ու մեկ այլ վառելիք ներկրող «Քաղպետրոլսերվիսը» վճարել են 3,4-ական մլրդ դրամ հարկեր, ծխախոտ ներկրող «Պարես Արմենիան»ՙ 3,2 մլրդ դրամ: Առաջատարների տասնյակում ամրապնդվել է բջջային կապի երկրորդ օպերատոր «Ղ-Տելեկոմը», որն 8-րդն է 3,1 մլրդ դրամ հարկեր կիսամյակի արդյունքներով: 9-րդ եւ 10-րդ տեղերը համապատասխանաբար զբաղեցնում են «Գրանդ հոլդինգի» ընկերություններըՙ «Գրանդ տոբակոն» եւ «Ինտերնեյշընլ Մասիս տաբակը» համապատասխանաբար 2,1 մլրդ եւ 2 մլրդ դրամ վճարած հարկերով: Ի դեպ, եթե այս ընկերությունների եւ «Գրանդ Քենդիի» 433 մլն դրամը գումարենք, ապա կստացվի, որ այս հոլդինգի ընկերությունները միասին վճարել են 4,5 մլրդ դրամ եւ ցանկում զբաղեցնում են 4-րդ տեղը:

Այժմ ցուցակի տարօրինակություններից մի քանիսի մասին: Առանց այն էլ հարկային պարտաճանաչ վճարումներով աչքի չընկնող «Ֆլիտֆուդ» ընկերությունը (սեփականատերՙ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյան), որը նախորդ եռամսյակային ցանկում 32-րդն էր 245 մլն դրամ հարկերով, այս անգամ զբաղեցնում է 66-րդ տեղըՙ 309 մլն դրամ մուտքերով: Այլ կերպ ասած, շաքարավազի, սպիրտի, հացահատիկի, կարագի շուկաներում գերիշխող դիրք ունեցող եւ մի քանի այլ շուկաներում էլ խոշոր բաժին ունեցող ընկերությունը երկրորդ եռամսյակի ընթացքում վճարել է ընդամենը 64 մլն դրամ, իսկ վեց ամսվա ընթացքում վճարված շահութահարկը կազմել է 37 մլն դրամ: Միաժամանակ նշենք նաեւ, որ զուտ շահութահարկի մասով նման ոչ մեծ գումար այս ընկերությունը վճարում է, օգտվելով օրենքի ընձեռած արտոնությունից: Նույն, արդեն ժամանակավրեպ դարձած արտոնությունից օգտվում է մեկ այլ օլիգարխիՙ Միխայիլ Բաղդասարովի «Միկա ցեմենտը», որը վճարել է 260 մլն դրամ հարկեր, բայց ընդհանրապես չի վճարել շահութահարկ: Սակայն անգամ այս դեպքում այս ընկերության շահութահարկը 0 չպետք է լիներ, քանի որ օգտվում է շահութահարկ վճարելու 50 տոկոս զեղչից միայն: Այսինքն, Հայաստանին բնորոշ աննորմալ իրավիճակ է ստեղծվածՙ ընկերությունը ցեմենտ արտադրում է, բայց շահութահարկ չի վճարում: Իր զբաղեցրած համեստ տեղով (211-րդ) եւ վճարած հարկերով (99 մլն դրամ) աչքի է ընկնում «Միկա ցեմենտի» սեփականատիրոջը պատկանող մյուսՙ «Արմավիա» ավիաընկերությունը:

Մյուս ցեմենտ արտադրողըՙ «Արարատցեմենտ» ընկերությունը, որը պատկանում է Գագիկ Ծառուկյանին, վճարել է միայն 40 մլն դրամ շահութահարկ, իսկ նրա վճարած ընդհանուր հարկային մուտքերը կազմել են 122 մլն դրամ: 128 մլն դրամ էլ վճարել է Գ. Ծառուկյանի մյուսՙ «Մուլտի գրուպ կոնցեռն» ընկերությունըՙ ցուցակում զբաղեցնելով բավականին համեստ 168-րդ տեղը:

Հյուրանոցներից այս ցանկում գտնվում են միայն «Երեւանը»ՙ 146 մլն դրամ եւ «Արմենիան» 93 մլն դրամ ցուցանիշներով: Երկրորդի ցուցանիշը հատկապես արժանահավատ չի թվում: Առավել եւս, որ գրեթե այդքան հարկային վճարներ է կատարել օրինակՙ Հայաստանի ամերիկյան համալսարանը: Զարմանք հարուցող մի քանի այլ փաստեր:

Դարձյալ նույն, Հայաստանի ամերիկյան համալսարանից ավելի քիչ հարկեր են վճարել, օրինակ, «Արաքս թռչնաֆաբրիկան», ապրանքներ ներմուծող մեկ այլ հայտնիՙ «Մակրո-Երեւան» ընկերությունը, Երեւանի ոսկերչական գործարանը: Վերջինս իր վճարած գումարներով զիջում է նաեւ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի վճարած հարկերին: Ճարտարագիտական համալսարանից փոքր-ինչ ցածր գումար է վճարել նաեւ Երեւանի ամենաթանկ վարկանիշն ունեցող տոնավաճառներից մեկըՙ «Հայաստան առեւտրի կենտրոն: Հայրապետյան եղբայրներ»-ը: Այս երկուսը հայտնվել են կողք կողքի 79 մլն դրամ հարկային մուտքերով: Տոնավաճառներից ամենամեծ գումարներ վճարել է մայրաքաղաքի ամենախոշորՙ Մալաթիայի տոնավաճառի սեփականատեր «Ռաֆայել-Տաթեւը»ՙ 211 մլն դրամ: Սակայն այն փաստը, որ իր վճարած գումարներով նա չնչին չափով է զիջում Երեւանի պետական համալսարանին (206 մլն դրամ), խոսում է այն մասին, որ տոնավաճառների իրական հարկման դաշտ բերելու խնդիրը դեռ մնում է չլուծված: Մեր երկրի մանրածախ ապրանքաշրջանառության մոտ 35 տոկոսը տեղի է ունենում շուրջ 80 տոնավաճառներում, որոնցից այս ցանկում, այն էլ ոչ մեծ վճարումներով, բացի վերոնշյալ երկուսից, ներկայացված են միայն եւս երկուսըՙ «Հրազդան» եւ «Փեթակ» տոնավաճառները: Մյուսներն ընդհանրապես բացակայում են: Ի դեպ, «Հրազդան» տոնավաճառի (սեփականատերՙ ԱԺ պատգամավոր Աշոտ Աղաբաբյան) հարկային վճարները կազմել են մոտ 139 մլն դրամ, իսկ նրանից մեկ աստիճան բարձր գտնվող Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանինըՙ 140 մլն դրամ: Ընդհանրապես, 300 խոշոր հարկատուների ցանկում առկա է այդ տարօրինակ օրինաչափությունը, երբ բուհերը, ազատված լինելով մեր հիմնականՙ ավելացված արժեքի հարկից, միայն շահութահարկի վճարումներով շատ ավելի մեծ գումարներ են վճարում պետական բյուջե, քան թե ներկրող, արտադրող, արտահանող ընկերությունները, հյուրանոցները, տոնավաճառները, սպասարկման օբյեկտները: Թերեւս միայն բանկերն են, որտեղ ստվերն ամենից փոքրն է եւ որոնց վճարած հարկերը հեռու չեն նրանց գործունեության իրական ցուցանիշներից:

Վերոնշյալին մնում է միայն ավելացնել, որ հարկային ու մաքսային մարմինները, բացի վերոնշյալ ցանկերը հրապարակելուց, դեռ շատ անելիքներ ունեն որպեսզի այդ ցանկերի զավեշտները վերանան: Եթե նրանք, իհարկե, կարող են կամ ցանկանում են, որ դա տեղի ունենա:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4