«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#140, 2006-07-27 | #141, 2006-07-28 | #142, 2006-07-29


«ՕՐԵՐ» ՀԱՆԴԵՍԻ ԷՋԵՐՈՒՄ

Որքան էլ դժվարորեն, բայց «Օրերը» շարունակում է իր ճանապարհը` եվրոպական միջավայրում հայկականության թեմաները հնչեցնելով հնարավորինս դրական շեշտադրությամբ: Հայության քաղաքական-հասարակական կյանքը սովորաբար հանդեսը ներկայացնում է 2 հարթություններով: Հայերը Եվրոպայում եւ հայերը` Հայաստանում, իրադարձությունների կարեւորության սկզբունքով:

Համարի առաջին ընդարձակ անդրադարձը Չեխիայում ապրիլի վերջերին անցկացված Եվրոպական խորհրդի «Հիշողության ուսուցում` մշակութային ժառանգություն. երեկ, այսօր, վաղը» թեմայով սեմինար-համաժողովն է: Երբ առաջին օրվա բացմանը հրեաների համակենտրոնացման ճամբարում` Թերեզինում, հայոց ցեղասպանությունը չի հիշատակվում, «Ազատություն» ռադիոկայանի թղթակիցը հարց է հնչեցնում եւ դիմում ԵԽ կրթության, մշակույթի եւ սպորտի քարտուղարության գլխավոր տնօրենին:

Սեմինարին մասնակցել է ՀՀ կրթության եւ գիտության նախարար Սերգո Երիցյանը եւ թերեւս դա է եղել Հայոց ցեղասպանությանը անդրադառնալու միակ գործոնը: 1915-ի հայկական եղեռնը իր ելույթում հիշատակել է Չեխիայի կրթության նախարար Պետրա Բուզկովան եւ գլխավոր զեկուցող Վացլավ Հավելը: Եվրոպական մտածողության արդի համատեքստում արդեն ամրագրվող մշակութային ժառանգությամբ հիշողության ուսուցումը Հայոց ցեղասպանության հարցի գործընթացների համար նույնպես կարեւորելի է, ինչն արդեն տարիներ շարունակ պնդում է գերմանաբնակ մեր հայրենակից պատմաբան-հասարակագետ Միհրան Ղաբաղը` «հիշողության փորձառության մտավորականացում» առաջ քաշած իր տեսությամբ: ԵԽ-ի առաջարկած այս ծրագրի նպատակը Հոլոքոսթի ուսուցումն է, երկրորդ ծրագիրը հնարավորություն է տալու յուրաքանչյուր երկրին` ավելացնել իր պատմությանն առնչվող դրվագները:

Երկրորդ հրապարակման մեջ Հակոբ Ասատրյանը կարեւորում է չեխաhայերի պատմության մեջ պատմական այն իրողությունը, երբ առաջին անգամ երկրի խորհրդարանում կազմակերպվում է 1915-ի հայերի ցեղասպանությանը նվիրված միջազգային համաժողով` մասնակցությամբ Չեխիայի, Հայաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Սլովակիայի պատմաբանների:

Հայ-թուրքական հարաբերությունների ներկա վիճակը եւ Հայոց ցեղասպանությունը ներկայացնում է ՀՀ փոխարտգործնախարար Արման Կիրակոսյանը: Վահագն Տատրյանը ներկայացրել է ցեղասպանության պատմական դրույթներն ու թուրքական արխիվներում այդ մասին պահպանված բազմաթիվ վկայություններ: Հայոց հարցի հայտնի պաշտպան Թեսսա Հոֆմանը իր ելույթում ընդգծել է 1948-ին ՄԱԿ-ի կողմից ցեղասպանության կոնվենցիայի` ընդունման պատճառը, որ Հայոց եղեռնի պատմական իրողությունն էր: Հետաքրքրական է եղել Չեխիայի եւ Հունգարիայի հոգեւոր հովիվ Բարսեղ աբեղա Փիլավչյանի զեկուցման` Թալեաթի հեռագրի` հայ հոգեւորականներին առաջին հերթին ոչնչացնելու մասին վկայաբերումը:

Մարդու իրավունքների տեսակետից հետաքրքրական հարցեր է շոշափվում Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի ղեկավար Րաֆֆի Գալֆայանը:

Մշակութային անցուդարձերից այս անգամ ուշադրության է արժանացել առաջին անգամ անցած աշնանը Հայաստան այցելած ծագումով պարսկահայ, այժմ Պորտուգալիայում բնակվող Օննիկ Սահակյանը, որը հայտնի է դալիական արվեստ հիշեցնող նկարչությամբ, եզակի ու բարձրաճաշակ ոսկերչական աշխատանքներով եւ հատկապես Սալվադոր Դալիի հետ իր երկարատեւ մտերմությամբ: Նրան ներկայացնում է Արծվի Բախչինյանը: Հանդեսի էջերում տեղ է գրավել հանրահայտ դաշնակահար Վարդան Մամիկոնյանի հետ Անահիտ Հովսեփյանի ամբողջական հարցազրույցը: «Օրերն» իր էջերը տրամադրել է նաեւ տաղանդավոր արձակագիր Լեւոն Խեչոյանի «Շաբաթ, կիրակի» պատմվածքին:

Հետաքրքրական է «Մառլենկա» հայկական մեղրատորթի մասին պատմությունը եւս: Երեւանցի մի ընտանիքի տնային պատրաստությամբ խմորեղենի փոքր բիզնեսը ունենալով մեծ պահանջարկ, վերածվել է լուրջ արտադրության եւ այժմ սպառվում է Լեհաստանում, Հունգարիայում, Ավստրիայում, Դանիայում, Շվեյցարիայում, Իտալիայում:

Հայկական «Մառլենկան» գովազդվում է Պրահայի կենտրոնական թաղամասերում, արժանանում մամուլի ուշադրությանը: Չեխական պետական սանիտարական վարչությունը հաստատել է թխվածքի բացառիկ որակը:

Մ. Բ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4