Արժույթի միջազգային հիմնադրամի հետազոտության համաձայն
Ինչպես տեղեկանում ենք միջազգային լրատվական գործակալություններից, Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) փորձագետները ԱՄՆ տնտեսության ամենամյա հետազոտության մեջ այն եզրակացության են եկել, որ առաջիկայում այդ երկրի տնտեսության զարգացումը կդանդաղի, իսկ դոլարի փոխարժեքի կտրուկ անկում կունենա: Սակայն այդ կապակցությամբ կոնկրետ ժամկետները չեն նշվում: Անկախ փորձագետների զգալի մասը նույնպես չի կասկածում, որ սպասվում է դոլարի դիրքերի թուլացում:
ԱՄՀ հրապարակած հաղորդագրության մեջ նշվում է, որ դոլարի իրական փոխարժեքը խիստ գերագնահատված է, հատկապես եթե նկատի ունենանք «օտար երկրների նկատմամբ ԱՄՆ մաքուր պարտավորությունների աճը»: Դոլարի անկման հիմնական հավանական պատճառ է համարվում տնտեսության զարգացման անհավասարակշռությունը: Ապրանքների եւ ծառայությունների ներմուծումն ԱՄՆ գերազանցում է արտահանումն այդ երկրից, ինչը նշանակում է, որ աճում են պարտավորություններն օտարերկրյա տնտեսությունների առջեւ: Արտաքին առեւտրի բացասական հաշվեկշիռը 2005 թ.-ին կազմել է 804,9 մլրդ դոլար, որը կազմում է համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) 6,3 տոկոսը: ԱՄՀ փորձագետների կարծիքով, այս տարի այդ ցուցանիշը կկազմի 6,5 տոկոս, եկող տարիՙ 6,7 տոկոս: Դրա հետ աճում է ԱՄՆ պարտավորվածությունը արտերկրին: Ամերիկացիներին պատկանող եւ արտերկրում գտնվող ակտիվների ու օտարերկրացիներին պատկանող ամերիկյան ակտիվների տարբերությունը կազմում է ՀՆԱ 20,4 տոկոսը, որն ըստ ԱՄՀ կանխատեսումների, 2011 թ.-ին կաճի մինչեւ 50,1 տոկոս:
Զեկույցի հրապարակումը համընկնում է ներկայումս ԱՄՆ տնտեսության մեջ առկա բացասական երեւույթների հետ: Արժեզրկումը հունիսին հասել է 2,9 տոկոսի, ինչպիսին չէր եղել սկսած 1994 թ.-ից, անկում են ապրում տնտեսության զարգացման տեմպերը: Եթե առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրվել էր 5,6 տոկոս աճ, ապա երկրորդ կիսամյակում աճի տեմպերը կրկնակի նվազել էինՙ կազմելով 2,5 տոկոս: Այլ միջազգային արժույթների նկատմամբ նույնպես դոլարը զգալիորեն արժեզրկվել է: Սկսած 2000 թ.-ի մայիսից, դոլարը եվրոյի նկատմամբ արժեզրկվել է 42,6 տոկոսով: Այդուհանդերձ, սպասվում է, որ դոլարը կարժեզրկվի եւս 15-35 տոկոսով:
Միաժամանակ հաղորդվում է, որ ոչ բոլոր մասնագետներն են համաձայն ԱՄՀ վերոնշյալ տեսակետներին: Դրանց հակադրվողների գլխավոր հիմնավորումն այն է, որ ԱՄՆ արտաքին պարտավորությունների աճը վիճակագրական սխալ է, քանի որ վիճակագրությունը հաշվի չի առնում, որ Միացյալ Նահանգները արտահանում է այսպես կոչված «չնկատվող սուբստանցիա» եւ ամբողջ աշխարհին մատուցում է ազատ փողերի կուտակման եւ ներդրման ծառայություն:
Ա. Մ.