Մեր մեծ հայրենակիցներից մեկի` Ժանսեմի (Հովհաննես Սեմերճյան) 40 կտավներ հունիս-հուլիս ամիսներին ցուցադրվում էին Փարիզի «Մատինյոն» նշանավոր պատկերասրահում, որը վերջերս է նորոգվել, դառնալով առաջվանից ավելի պայծառ ու լուսավոր: Հանրությանը ներկայացվող մեծադիր կտավները հիմնականում նոր գործեր են:
Նոր ցուցադրության բացման կապակցությամբ Փարիզի «Աշխարհ» թերթը գրեց, որ ժամանակն անցնում է, բայց Ժանսեմի արվեստի հմայքը չի նվազում: Նկարչի ներշնչանքի աղբյուրն են դարձել Հայաստանի պարը եւ բնապատկերները: Նա հմտորեն օգտագործում է լույսի եւ ստվերի հնարավորությունները. թանձր ստվերն ու պայծառ լույսը լրացնում են կերպարների թողած բացերը, լուսարձակների լույսով ընդգծված պարուհիները մարտահրավեր են նետում դիտողին, իսկ ուղղահայաց երեք հարթություններից կազմված շատ յուրօրինակ կառույցի մռայլ պատերի նիստերը («Կանաչ դռան սանդուղքը») շրջանակում են դեպի կանաչ դուռը տանող եւ միջերկրածովյան լույսով ողողված սանդուղքը:
Ցուցահանդեսի այցելուներին հաճելի անակնկալ էին մատուցում Հայաստանի երեք բնապատկերները, որոնք հարգանքի տուրք են նկարչի հայրենի երկրին, նրա լեռներին եւ Սեւանա լճին: «Արարատ լեռը» կտավում երկինքն ու լեռը գրեթե միախառնվում են գորշ, սպիտակ եւ կապույտ գույների թեթեւ մշուշում, իսկ հանճարեղորեն գծված հորիզոնական ճերմակ գիծը զատում է ավելի խավար գույներով կերտված առջեւի պլանը:
Ինչ վերաբերում է Սեւանա լիճը պատկերող երկու հուզիչ կտավներին, դրանցում վարպետորեն միախառնված են փիրուզագույնը, կապույտը, սպիտակը, մոխրագույնը եւ երկնքի արտացոլանքը: Վեհասքանչ, խաղաղ, անսասան լույսը լցնում է այդ կտավները: Կենտրոնում սեւ բծերի տեսքով պատկերված ափերը հավասարակշռություն են ստեղծում:
«Մերկը կարմիր ֆոնի վրա» հրաշալի կտավը խավար, դեղին եւ նարնջագույն մասերի է բաժանված երեք ուղղահայաց հարթություններով, ընդգծելով թիկունքից դիտված կնոջ սեւ եւ սփռված վարսերը:
Ցուցահանդեսում որոշակի տեղ է զբաղեցնում «Պատեր» նկարաշարը: Սրահներից մեկի կտավներում, որոնք 2002-2003 թթ. գործեր են, պատկերված են խամաճիկներ: Այցելուները նաեւ կարողացան դիտել Ժանսեմի կյանքին եւ արվեստին նվիրված մի շատ հետաքրքրական տեսասկավառակ: Ժանսեմի այս վերջին ցուցադրությունն ավարտվեց հուլիսի 29-ին:
Պ. Ք.