«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#141, 2006-07-28 | #142, 2006-07-29 | #143, 2006-08-01


ԼԻԼԻԹ ՄԿՐՏՉՅԱՆՆ ԸՆԴԳՐԿՎԵՑ ԱՌԱՋԱՏԱՐՆԵՐԻ ՇԱՐՔՈՒՄ

Կրասնոտուրինսկում անցկացվող շախմատի մրցաշարի հերթական երկու տուրերը բավական հաջող էին Լիլիթ Մկրտչյանի համար, որի արդյունքում հայ շախմատիստուհին ընդգրկվեց առաջատարների շարքում: 6-րդ տուրում Լիլիթը մրցում էր ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակում 8-րդ տեղը զբաղեցնող չին շախմատիստուհի Հոու Իֆանի հետ, որը վերջին շրջանում բավական առաջադիմել է: Ճիշտ է, այս մրցաշարում վերջինս այնքան էլ հաջող հանդես չի գալիս եւ առայժմ չի ճաշակել հաղթանակի քաղցրությունը: Մկրտչյանի հետ պարտիայում էլ նրան չհաջողվեց իր օգտին հաղթական միավոր գրանցել: Ավելին, Լիլիթը վստահ խաղաց եւ պարտության մատնեց մրցակցին:

Հաջորդ տուրում Լիլիթը սեւերով հանդիպեց մրցաշարի առաջատարներից մեկի` Եկատերինա Լագնոյի հետ: Գրանցվեց ոչ-ոքի: Այսպիսով, 7 տուրից հետո Լիլիթ Մկրտչյանը 4 միավորով զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը: Իսկ առաջատարներն են Չժու Չենը եւ Եկատերինա Լագնոն` 5,5-ական միավոր: 6-րդ տուրում նրանց միջեւ կայացավ մրցաշարի վճռորոշ պարտիաներից մեկը: Երկու շախմատիստուհիներն էլ փորձեցին հաղթել եւ միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը, սակայն դա նրանց չհաջողվեց: Գրանցվեց ոչ-ոքի:

3,5-ական միավորով հաջորդ տեղերում են Ստեֆանովան, Նադեժդա Կոսինցեւան, Չիբուրդանիձեն եւ Չմիլիտեն: Աղյուսակը 1,5 միավորով եզրափակում է Տատյանա Կոսինցեւան: Ահա 6-րդ եւ 7-րդ տուրերի մյուս հանդիպումների արդյունքները. Չմիլիտե-Ն. Կոսինցեւա` 0,5-0,5, Չիբուրդանիձե-Տ. Կոսինցեւա` 0,5-0,5, Մատվեեւա-Ստեֆանովա` 0-1, Ստեֆանովա-Չմիլիտե` 0-1, Իֆան-Մատվեեւա` 0,5-0,5, Տ. Կոսինցեւա-Չժու Չեն` 0-1, Ն. Կոսինցեւա-Չիբուրդանիձե` 0,5-0,5:

Ավարտական երկու տուրերում Լիլիթ Մկրտչյանի մրցակիցները կլինեն Կոսինցեւա քույրերը, ընդ որում նա առաջինը կհանդիպի Տատյանայի հետ:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4