«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#142, 2006-07-29 | #143, 2006-08-01 | #144, 2006-08-02


ՄԵԹՅՈՒ ԲՐԱՅԶԱ. ՂԱՐԱԲԱՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՀԱՐՑԸ ՊԵՏՔ Է ԼՈՒԾԻ ԼՂ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ

Մնաց կողմերը համաձայնեն, ի՞նչ ասել է «ԼՂ ժողովուրդ»

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Այսօր, նախնական պայմանավորվածության համաձայն, Փարիզում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կունենան հերթական հանդիպումը, որի ընթացքում օրերս Ստեփանակերտ, Երեւան եւ Բաքու այցելած ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան, սեփական խոստման համաձայն, գործընկերներին կտեղեկացնի տարածաշրջան այցելության արդյունքների մասին:

Դեռեւս երեկ Բաքվում գտնվող Բրայզան գոհունակություն է հայտնել Երեւանում եւ Ստեփանակերտում ԼՂՀ հակամարտության կարգավորման բանակցությունների առնչությամբ: Ինչ վերաբերում է Ադրբեջանում տեղի ունեցած հանդիպումներին, ապա Հայաստանի եւ Ղարաբաղի դեպքում ստանդարտ Բրայզա-Քոչարյան - Բրայզա-Ալիեւ, Բրայզա-Օսկանյան եւ Բրայզա-Մամեդյարով ձեւաչափերի կողքին Բրայզան հանդիպել է նաեւ, այսպես կոչված, «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի» ղեկավար Նիզամի Բաղմանովի հետ:

Բրայզայի Ադրբեջանում արած հայտարարություններից հետաքրքրական է, որ համանախագահական ամերիկյան կողմը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հնարավորությունները 2007 թ. առաջին կեսին բավական բարձր է գնահատում: Սա առնվազն թեւաթափ համանախագահների կամ գոնե ամերիկյան կողմի բարձրաձայնումն է այն մասին, որ 2006 թ. որպես «հնարավորության պատուհան» սպառում է իրեն որպես մոտեցում: Թերեւս ակնհայտ է 2006 թ.-ին այս հակամարտության լուծման ճանապարհին առանձնակի առաջընթաց չգրանցելու իրողությունը, որի փաստումն է նաեւ Բրայզայի այն խոսքը, թե 2007 թ.-ին սպասվող ընտրությունները Հայաստանում եւ Ադրբեջանում խոչընդոտ չեն Ղարաբաղի հարցով բանակցությունների համար:

Միեւնույն ժամանակ Մեթյու Բրայզան, հավանաբար 2006 թ.-ի ավարտին անհույս չնայելու ակնկալիքով հայտարարում է, որ դեռեւս հնարավորություն կա 2006 թ-ին հասնելու ղարաբաղյան հակամարտության լուծմանը, ինչը Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարության համար շատ շահեկան կլիներ սպասվող ընտրությունների նախաշեմին: «Ազատություն» ռադիոկայանի ներկայացմամբ, ամերիկացի համանախագահը Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարներին ներկայացվող առաջարկների կապակցությամբ ընդգծել է Քելբաջարի եւ Լաչինի, ինչպես նաեւ հանրաքվեի հարցերում առկա խնդիրները: Ամեն դեպքում, Բրայզայի խոսքերով, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները համոզված են, որ Ղարաբաղի կարգավիճակի հարցը պետք է որոշի ժողովուրդը: «Բայց հարցն այն է, թե ում համարենք Ղարաբաղի ժողովուրդ: Կան նաեւ 1988 թ-ից այնտեղ բնակվողներ, որոնք նույնպես ցանկանում են մասնակցել հանրաքվեին: Բոլոր այս հարցերը դեռ պետք է մշակվեն որպես համաձայնության ծավալուն փաթեթի մաս»:

Թեեւ ամերիկացի համանախագահը ցայսօր չտեսնված ակտիվությամբ ու ոգեւորությամբ, նաեւ մասնակի տեղեկատվություն տրամադրող հայտարարություններով «մխրճվել է» բանակցային գործընթացի մեջ, որոշ տեսակետներ բացարձակապես համահունչ չեն այդ ոգեւորությանը: Ինչպես արդեն նշեցինք, Բրայզան Բաքվում հանդիպել է նաեւ այսպես կոչված «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի» ղեկավար Նիզամի Բաղմանովի հետ: Վերջինս մեկնաբանելով հանդիպումը դժգոհություն է հայտնել, ու Բրայզան տարածաշրջան իր այցելության ընթացքում հանդիպել է ղարաբաղցիների հետ: Ավելին, Բաղմանովը, իր իսկ խոսքերով, Բրայզայի այցելությամբ ոչ մի նոր առաջարկություն չի տեսնում: Հետաքրքրական է, թե սովորական ծխախոտը թմրադեղի փոքր դոզայով «հարստացնելու» սովորությամբ հայտնի Բաղմանովը ինչ է հասկանում նոր առաջարկ ասելիս. «Նոր Ադրբեջան», «Նոր Ղարաբաղ», թե... «Նոր թմրադեղ»:

Ամեն ինչ ժխտելու եւ ղարաբաղյան հակամարտությանն ուղղված բանակցություններում զուտ բացասական իրականություն տեսնելու Ադրբեջանի ընդհանուր դիրքորոշումը գրեթե ոչնչով չի տարբերվում Բաղմանովի դիրքորոշումից, քանի որ ամեն հանդիպում ղարաբաղյան իշխանությունների հետ հունից հանում է ադրբեջանցիներին:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4