Պատրաստ է համագործակցելու
«Ժառանգություն» կուսակցության չորրորդ համագումարը երեկ կայացավ հանգիստ ու 219 կուսակցականների մասնակցությամբ: Գրողների միության շենքի հնարավորությամբ չափվեց մասնակիցների քանակը, դրանով էլ որոշվել էր հրավիրյալների թիվըՙ 280, բայց սահմանափակվել էին սեփական կուսակիցներին հրավիրելով: Պատճառը տարածքի անհամապատասխանությունն էր: Ավանդաբար կուսակցությունների համագումարների անցկացման համար տրվող կառավարության նիստերի դահլիճը, պարզվում է, մինչ տարեվերջ հիմնականում զբաղված է լինելու, իսկ ազատ օրերին էլ նորոգվելու է: Սա «Ժառանգությանը» տրված պաշտոնական պատասխանն է: Այնպես որ Գրողների միության դահլիճի տրամադրումը գնահատվեց քաղաքացիական արիության դրսեւորում, քանի որ նախորդել են կուսակցության խոր առաճակատումը իշխանությունների հետ եւ վերջինիս ուղղակի բռնաճնշումները կուսակցության ներկայացուցիչների հանդեպ: Վերջինը «Ժառանգության» վարչության անդամ Վարդան Խաչատրյանի ձեւակերպումն է: Վարչության մեկ այլ ներկայացուցչիՙ Անահիտ Բախշյանի գնահատականով էլ կուսակցության հանդեպ իշխանությունների ծայրահեղ անհանդուրժողականության համատեքստում «Ժառանգության» կատարած աշխատանքը նվաճում է, բայց դա ամենեւին կուսակցության նպատակների ու անելիքի ամբողջությունը չէ: Կուսակցությունը պատրաստ է ապացուցել իր դավանած սկզբունքների շարունակականությունը, ինչն էլ համարում է շարքերի ստվարացման հիմք: «Մեր շարքերը, ինչպես երբեւէ, կուռ են ու ամրացած իմաստնությամբ, քանի որ հասարակությունը արթնանում է տեւական թմբիրից եւ Հայաստանանպաստ արարումներ պահանջում», երեկ իր ելույթում հայտարարեց Րաֆֆի Հովհաննիսյանըՙ ընդգծելով քաղաքացիական հասարակության դերակատարման վճռորոշ լինելը: Դրա համար «Ժառանգության» ղեկավարը կարեւորում է յուրաքանչյուրի կատարած գործում հավատի վերականգնումը, եղանակն էլ գիտե «դուռ առ դուռ ծեծելով եւ մարդկանց հետ զրուցելով»: Ընդհանրապես ընտրություններն իրոք ազատ, արդար, ժողովրդավարական անցկացնելու համար, ըստ Հովհաննիսյանի, անհրաժեշտ են լրատվամիջոցների անաչառ ու համապարփակ տեղեկատվություն տրամադրելու պատրաստակամությունը, կամակատար չլինելու համարձակությունը. «Հայաստանի քաղաքացին եթե որոշ ռադիոկայաններ չլսի, որոշ թերթեր չկարդա, իսկապես տեղեկատվական շրջափակման մեջ էՙ խորհրդային տարիների հետ համեմատելի»: Հովհաննիսյանը ներկայում մարզեր այցերով է զբաղված եւ կուսակցությունը պատրաստվում է խորհրդարանական ընտրություններին, որոնց դաշինքով թե միայնակ մասնակցելու հարցը դեռ օրակարգային է. «Մենք պատրաստ ենք համագործակցելու այն ուժերի եւ անձանց հետ, ում համար ազատությունը, ժողովրդավարությունը, նաեւ ազգային շահը գերակա են: Բաց ենք համագործակցության, բայց մենք չենք ուզում, որ մեր գործարարները, մեր հերոսները, մեր գեներալները օգտագործվեն այլոց կողմից նրանց սեփական խաղը տանելու համար: Շատ կուզենայի, որ յուրաքանչյուրն իր ասպարեզում բարգավաճեր եւ իր մասնագիտությամբ մասնակցեր գործընթացին»:
Իսկ «Ժառանգությունը» կանոնադրական փոփոխությամբ երեկ կուսակցության ներքին հիերարխիան մոտեցրեց հանրապետական հիերարխիայինՙ վարչության նոր ընտրված անդամներն ընտրեցին վարչության ղեկավարինՙ Րաֆֆի Հովհաննիսյանին:
Ն. Պ.