«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#142, 2006-07-29 | #143, 2006-08-01 | #144, 2006-08-02


ՀԱՅ ՆԿԱՐԻՉՆԵՐԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ ԿՐԱՍՆՈԴԱՐՈՒՄ

Ռուսաստանում Հայաստանի տարվա անցկացման շրջանակներում 2006 թ. հուլիսի 27-ին Կրասնոդարի գեղարվեստի երկրամասային թանգարանում բացվել է հայ նկարիչների ցուցահանդես` «Իմ հոգու այգին» խորագրով: Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը տեղեկացնում է, որ ցուցահանդեսի անվանումն առնված է 10-րդ դարի հայ մեծ բանաստեղծ Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» մի արտահայտությունից:

Ցուցադրությունը բացում են մեծ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու «Մառախլապատ առավոտ», «Լուսնկա գիշեր Ղրիմում» եւ այլ գործեր: Ներկայացված են նաեւ Կրասնոդարի գեղարվեստի երկրամասային թանգարանի ֆոնդերից, մասնավոր հավաքածուներից, նկարիչների անձնական հավաքածուներից գնված աշխատանքներ: Արվեստասերները կարող են զմայլվել հայ նշանավոր նկարիչներ Մարտիրոս Սարյանի, Դմիտրի Նալբանդյանի, Նիկողոս Նիկողոսյանի, ինչպես նաեւ Կրասնոդարի երկրամասի արվեստի ու մշակույթի հետ կապված Ավետիսյանի, Շահբազյանի, Ամյանի, Առաքելյանի ստեղծագործություններով:

Ցուցադրության մի մասը նվիրված է այս տարի իր 75-ամյակը նշող Գեորգի Պետրոսյանին: Ցուցադրված են նաեւ ժամանակակից հայաստանցի նկարիչներ Էլիբեկյանի, Աբրահամյանի, Զաքարյանի, Մալցեւի եւ այլոց ստեղծագործությունները, որոնք ցուցահանդեսի կազմակերպիչներին տրամադրել է Խաչատրյան-Առաքելյան ընտանիքը: Ցուցահանդեսը կգործի մինչեւ օգոստոսի 20-ը:

Պ. Ք.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4