Կրասնոտուրինսկում ավարտվեց «Հյուսիսային Ուրալի գավաթ» շախմատի կանանց մրցաշարը, որի մրցանակներն էին վիճարկում 10 շախմատիստուհիներ: Ավարտական տուրից առաջ ուկրաինուհի գրոսմայստեր Եկատերինա Լագնոն մոտակա մրցակցուհուն` Չժու Չենին գերազանցում էր մեկ միավորով: Հաղթող ճանաչվելու համար նրան անհրաժեշտ էր վերջին տուրում Անտոանետա Ստեֆանովայի հետ պարտիան ավարտել առնվազն ոչ-ոքի: Նրանց միջեւ կայացած պարտիան ընդամենը չորս րոպե տեւեց: Կողմերն արագորեն ոչ-ոքի համաձայնեցին: Այսպիսով, 9 հնարավորից վաստակելով 7 միավոր, Եկատերինա Լագնոն ճանաչվեց մրցաշարի հաղթող: Նա առաջին անգամ էր մասնակցում այս մրցաշարին: 16-ամյա շախմատիստուհին նաեւ լրացրեց տղամարդկանց գրոսմայստերի նորմա: Նշենք, որ 2003 թ. այս մրցաշարում հաղթող էր ճանաչվել մեկ այլ ուկրաինացի շախմատիստուհի` Նատալյա Ժուկովան:
Ցավոք, վերջին տուրն անհաջող էր Լիլիթ Մկրտչյանի համար: Նա պարտվեց Նադեժդա Կոսինցեւայից, որը Լիլիթից վրեժխնդիր դարձավ նախորդ տուրում հայ շախմատիստուհուց քրոջ կրած պարտության դիմաց: Այդ հաղթանակը Կոսինցեւային հնարավորություն տվեց 5.5 միավորով շրջանցել Լիլիթ Մկրտչյանին, որը 5 միավորով տեղափոխվեց 4-րդ հորիզոնական: Նույնքան միավոր վաստակեցին նաեւ Անտոանետա Ստեֆանովան, Մայա Չիբուրդանիձեն, սակայն Լիլիթը նրանց գերազանցեց լրացուցիչ ցուցանիշներով:
2-րդ տեղը 6 միավորով գրավեց Քաթարը ներկայացնող Չժու Չենը, որը կարճատեւ պայքարից հետո խաղաղ դաշն կնքեց Մայա Չիբուրդանիձեի հետ: Ոչ-ոքի ավարտ ունեցավ նաեւ Իֆան-Չմիլիտե պարտիան: Իր անդրանիկ հաղթանակը տոնեց Տատյանա Կոսինցեւան` պարտության մատնելով Սվետլանա Մատվեեւային: Դա հնարավորություն տվեց նրան վաստակել 2.5 միավոր եւ մրցաշարի հետնապահի դերը զիջել Մատվեեւային (2 միավոր):
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ