«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#144, 2006-08-02 | #145, 2006-08-03 | #146, 2006-08-04


ԻՆՔՆԱՎԱՐԿԱԲԵԿՈՒՄ

Ասում են Գագիկ Ծառուկյանի «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մեջ 300 ակադեմիկոս, գիտությունների դոկտոր ու թեկնածու կա: Ես չգիտեմ որքանով է իրական այդ թիվը, սակայն շատերի պես հեռուստատեսությամբ դիտելով Սունդուկյան թատրոնի դահլիճում նախանցյալ երկուշաբթի օրը տեղի ունեցած խորհրդաժողովն ասեմ, թե՞ օվսաններգությունը, մանավանդ առաջին շարքերում նստած մտավորական ասպարեզի մարդկանց հիացիկ դեմքերը, նաեւ լսելով նրանցից ոմանց խանդավառ ելույթները, համոզվեցի եղելության իսկությանը եթե ոչ քանակի, գեթ... որակի առումով:

Բազմել էր, ուրեմն, կուսակցության ղեկավար-նախագահը միս-մինակ բեմի վրա, սեղանի հետեւ, որպես նորօրյա մի... Բուդդա, մինչ դահլիճում բազմությունը ծափահարում էր խանդավառ, որոտընդոստ, ինչպես կասեին արեւմտահայերը: Նրանց խանդավառությունը հրահրվում էր կրակոտ ելույթներով, ամբիոնին իրար հաջորդող հռետորների ելույթներով: Եվ ի՜նչ ելույթներ, գոռոզ կեցվածքներ, սնապարծ խոսքեր: Վաստակավոր եւ սիրված պարուսույցը խոստանում էր 7000 հոգով պարելով մտնել... «Մհերի դուռ», այսինքն Մհեր-Ծառուկյանի (իր համեմատությունն է) կուսակցություն: Գեղարվեստի ակադեմիայի ռեկտորը քիչ ավելի համեստ էր` ընդամենը 1000 հոգի էր խոստանում, հավանաբար նկատի ունենալով իր ուսանողներին: Իսկ օլիմպիական մեր փառապանծ չեմպիոնը, թեեւ թիվ չէր նշում, սակայն հավատացնում էր, որ ողջ մարզական Հայաստանն է պատրաստվում նվիրվելու կուսակցության գաղափարներին: Առավել հուզիչը մեր կարեւոր ֆակուլտետներից մեկի դեկանի ելույթն էր ամբիոնից: Միշտ լրջախոհ ու հավասարակշիռ, այս անգամ նա շնչակտուր էր լինում ոգեւորությունից: Էլ կուռ շարքեր, էլ սեպտեմբերյան աշխույժ գործունեության խոստումներ, էլ... Նման` կարելի է ասել պատանեկան ոգեւորության մեջ բնավ չէի տեսել նաեւ մեր հարգված ակադեմիկոսներից մեկին` նախկին ռեկտոր եւ ներկայիս անդամ Հոգեւոր գերագույն խորհրդի: Ամենայն անկեղծությամբ նա հավաստիացնում էր կուսակցության նախագահին, որ դահլիճում նստածներից որեւէ մեկը որեւիցե ակնկալությամբ չի ընդունվել կուսակցություն:

Իսկապես կուզենայի հավատալ հարգելի ակադեմիկոսին: Սակայն այդ դեպքում ինչո՞վ բացատրել մտավորական ասպարեզի այդ մարդկանց ոգեւորությունը դեռեւս չկայացած կուսակցության նկատմամբ, այն էլ Հայաստանի պայմաններում, որտեղ կուսակցություն ստեղծելն ու կազմալուծելը, նայած նպատակահարմարության, ընդամենը 24 ժամվա հարց է վերեւներում նստածների համար, նույնիսկ եթե 300.000 անդամ ունենա տվյալ կազմակերպությունը, ինչպես «Բարգավաճի» վերաբերյալ պնդում է նրա նախագահը: Մինչդեռ մեր այդ օրվա ճառախոսները, որոնցից յուրաքանչյուրը նախապես առնվազն մեկ կուսակցության անդամակցած է եղել, ամենեւին միամիտ մարդու տպավորություն չեն թողնում: Եվ, ընդհանրապես, Հայաստանում հազիվ թե միամիտ մարդիկ մնացած լինեն, ովքեր հավատան ապագայի հաշվին տրված խոստումների: Հիմա բոլորն են նախընտրում կանխավ... բարգավաճել: Այն էլ մի կուսակցություն ընդունվելիս, որի հիմնադիր նախագահը հարուստ է, շատ հարուստ, հոգ չէ թե հարկատուների ցուցակում գրավում է ընդամենը 168-րդ տեղը, այսինքն, այսպես ձեւակերպեմ, ունի փողի ավելցուկ...

Հանկարծ այն տպավորությունը չստացվի, որ ես որեւէ բան ունեմ պրն Գագիկ Ծառուկյանի դեմ: Հակառակ տիրող կարծիքին, ես նրան գնահատում եմ իբրեւ ուշիմ, հրաշալի հաշվարկող, նախաձեռնող, մարդկանց հոգեբանությունը դյուրավ ըմբռնող, բարեգործություն անելը սիրող մարդու: Մնում է, որ հարկերն էլ պարկեշտորեն վճարի, թեկուզ օլիգարխ հորջորջվի:

Միայն, ես չեմ հասկանում նրա հավակնությունը անմիջական քաղաքականությամբ զբաղվելու: Տնտեսություն զարգացնելը, արտադրություն կազմակերպելը, նաեւ պարկեշտ հարկատու լինելը ամենաիսկական քաղաքականությունն է իր քաղաքական ուղղակի թե անուղղակի ազդեցությամբ: Ու չեմ հասկանում մանավանդ, թե նա ի՞նչ կարիք ունի ստորացնելու, քծնանքի մղելու մեր մտավորականության ներկայացուցիչներին: Առանց այդ էլ, անցնող 15 տարիների ընթացքում, մեր մտավորականությունը տարբեր պատճառներով ու տարբեր նպատակներով վարկաբեկվեց: Այս նոր ինքնավարկաբեկումը իսկապես ավելորդ է:

Հ. ԱՎԵՏԻՔՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4