Կրասնոդարի երկրամասի Ապշերոնսկի շրջանում հայ համայնքը նշել է Վարդավառի տոնը: Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը տեղեկացնում է, որ շրջանի քաղաքների եւ գյուղերի ներկայացուցիչներն առավոտյան հավաքվել են Ապշերոնսկի հայկական Սուրբ Գեւորգ եկեղեցում, որտեղ կայացել է տոնական ժամերգություն: Ապա եկեղեցու բակում ներկաներին տոնի առթիվ շնորհավորել են եկեղեցու հովիվ Տեր-Մոմիկը եւ շրջանի հայ համայնքի նախագահ, մունիցիպալ խորհրդի պատգամավոր Արտավազդ Թուլումջյանը:
Միջոցառման երաժշտական մասը պատրաստած հայկական պարախումբը կատարել է համշենահայերի պարերից մի քանիսը: Պարախմբի կազմում առաջին անգամ հանդես են եկել Ապշերոնսկի շրջանում ապրող սակավաթիվ իսլամացված հայերի` հեմշիլների զավակները:
Պ. Ք.